2021 Դեկ 01, Չորեքշաբթի
Ինչպիսի՞ն պետք է լինի հղիի սննդակարգը առողջ ընթացող հղիության ժամանակ:
Հղի կնոջ համար շատ կարևոր է ընդունվող վիտամինների և միկրոէլեմենտների քանակը, որն ապահովում է պտղի նորմալ զարգացումը: Վիտամինների և միկրոէլեմենտների բացակայությունը կամ պակասը` հղիության առաջին եռամսյակում, կարող են բերել զարգացման տարբեր ախտաբանությունների:
Հղիին անհրաժեշտ նյութերն ու կալորիաները պետք է բաշխվեն հետևյալ կերպ. հղի կինն օրվա ընթացքում պետք է ստանա 100-120 գրամ սպիտակուց, մինչև 350 գրամ` ածխաջրեր և մինչև 75 գրամ` ճարպեր: Օրվա ընդհանուր կալորիաների քանակը պետք է լինի մինչև 2700-2800 կկալ:
Հղիության ընթացքում սնունդ պետք է ընդունել հաճախակի՝ 5-6 անգամ: Անպայման պետք է նախաճաշել, հատկապես՝ առաջին եռամսյակում, որովհետև նախաճաշի բացակայությունը կարող է ուշագնացությունների պատճառ դառնալ: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի ամենաուշը քնելուց 2-3 ժամ առաջ:
Առողջ հղիության համար պետք է օգտագործել բազմազան մթերք, սակայն չափավոր քանակով, որպեսզի պտուղը ստանա իրեն անհրաժեշտ նյութերը: Հղին պետք է միշտ հիշի, որ իր սննդով անգամ պատասխանատու է իր ապագա մանկան համար:
Նորմալ ընթացող հղիության ժամանակ բոլոր հղիներին նույն սննդակա՞րգն է առաջարկվում:
Հղիությունը տարբեր կանանց մոտ անհատական ընթացք ունի, այդ պատճառով տարբեր մթերքների յուրացումը կարող է նրանց մոտ տարբեր լինել: Եթե ինչ-որ սննդամթերքից առողջ հղի կնոջ մոտ սրտխառնոց է սկսվում, ապա հարկ է, որ նա որոշ ժամանակ հրաժարվի դրանից:
Հղիներին խորհուրդ ենք տալիս սնվել սեզոնային մրգերով և բանջարեղենով, հատկապես, որ Հայաստանում ապահովված ենք համեղ և օգտակար մրգերի առատությամբ, բանջարեղենի, կանաչեղենի բազմազանությամբ:
Ի՞նչ դեր ունի սննդի քանակը:
Ժողովրդի մեջ տարածված սխալ կարծիք կա, որ հղին պետք է ուտի երկուսի փոխարեն, բայց դա կարող է գիրացման պատճառ դառնալ, որը վնաս է և՛ պտղին, և՛ հղի կնոջը: Բացառվում է նաև հղիության ընթացքում հատուկ սննդակարգերի հետևելը, եթե դրանց համար չկան բժշկի կողմից հատուկ ցուցումներ: Բայց ոչ բոլոր հղիներն են հասկանում, թե որքան կարևոր է ճիշտ սննդակարգը: Ոմանք կազմվածքի համար սկսում են իրենց զրկել նորմալ սննդից:
Պետք է սնվել քիչ չափաբաժիններով, բայց` հաճախակի, օգտագործել վիտամիններով, հանքային աղերով հարուստ սնունդ: Պետք է հրաժարվել «արագ սնունդ» կոչվածից:
Ինչպե՞ս է ավելանում քաշը հղիության ընթացքում:
Քաշի ավելացումն առաջին եռամսյակում աննկատ է, իսկ եթե առկա են սրտխառնոց, փսխումներ, կարող է անգամ քաշի անկում դիտվել: Երկրորդ եռամսյակում հղիի մոտ նկատվում է ախորժակի բարձրացում և, բնականաբար, նաև քաշի ավելացում: Բայց պետք է չտրվել քաղցի զգացումին:
Երրորդ եռամսյակից յուրաքանչյուր ամիս քաշն ավելանում է մեկ կգ-ով, որում արդեն դեր ունի աճող պտուղը: Մինչև ծննդաբերությունը քաշի թույլատրելի ավելացումը 9-13 կգ է, երկվորյակների դեպքում՝ 16-21 կգ: Ընդհանրապես, նորմալ չէ ո՛չ քաշի պակաս ավելացումը, ո՛չ էլ սպասվածից ավելին: Քաշի պակասը երկրորդ և երրորդ եռամսյակներում կարող է հանգեցնել պտղի զարգացման ախտաբանության: Քաշի ավելցուկը նպաստում է հղիության հեստոզների, այտուցների, զարկերակային գերճնշման, հղիության դիաբետի, որոնք կարող են բարդացնել և՛ հղիության, և՛ ծննդաբերության ընթացքը:
Ի՞նչ դեր ունեն վիտամինները հղիության ընթացքում:
Հին լատիներենով վիտամին բառի հիմքում հենց կյանքն է (լատիներեն` Vita, կյանք բառից): Հետևաբար, դժվար չէ պատկերացնել նրա անփոխարինելի դերը օրգանիզմի, և հատկապես նոր կյանք աշխարհ բերող հղի կնոջ օրգանիզմի համար՝ պտղի աճի և զարգացման այդ կարևորագույն ինը ամիսների ընթացքում:
Վիտամինների պակասը կամ բացակայությունն այդ ժամանակ կարող են առաջացնել հղիության հետ կապված խնդիրներ, պտղի զարգացման խանգարումներ:
Ինչպիսի՞ն է վիտամինների պահանջը հղիության եռամսյակներում:
Հղիության տարբեր եռամսյակներում վիտամինների նկատմամբ պահանջը տարբեր է: Վիտամինների անհրաժեշտ քանակը հատկապես շատ կարևոր է առաջին եռամսյակում, երբ ձևավորվում են պտղի կարևոր կենսական օրգանները, և այդ ընթացքում ցանկացած շեղում կարող է լուրջ արատների պատճառ դառնալ: Այս եռամսյակում ապագա մայրերին առավել անհրաժեշտ են ֆոլաթթուն և վիտամին E-ն, որոնք նպաստում են պտղի նորմալ զարգացմանը: Այդ վիտամինների պակասը կարող է փոքրիկի մոտ ներարգանդային մի շարք արատների պատճառ դառնալ: Այս շրջանում մեծ է նաև յոդի դերը և կարևոր է յոդ պարունակող որոշ պատրաստուկների ընդունումը:
Երկրորդ և երրորդ եռամսյակում հղիի և պտղի պահանջը վիտամինային կոմպլեքսի և որոշ միկրոէլեմենտների նկատմամբ ավելանում է: Կարևոր են երկաթը՝ սակավարյունության կանխարգելման, մագնեզիումը՝ սիրտ-անոթային համակարգի, կալցիումը՝ ոսկրային համակարգի ձևավորման համար:
Խոսենք հղի կնոջ օրգանիզմի համար տարբեր վիտամինների օգտակարության մասին:
Վիտամին A-ն (բետա-կարոտին) խիստ անհրաժեշտ է ոսկրերի, ատամների, մաշկի և տեսողության զարգացման համար: Այս վիտամինը պարունակվում է կաթի, ձվի, գազարի, կարտոֆիլի, սպանախի, դդմի, նարնջագույն և դեղին միրգ-բանջարեղենի մեջ:
Վիտամին B1-ը նպաստում է ստամոքս-աղիքային, նյարդային համակարգերի և մաշկի նորմալ զարգացմանը: Այս վիտամինով հարուստ են լոբազգիները, կաթնաշոռը, թեփով բրնձը, գարին, ձուն, կարտոֆիլը, կաթը, ձուկը, տավարի միսը:
Վիտամին B6-ը նպաստում է արյան կարմիր գնդիկների ձևավորմանը, պտղի կենտրոնական նյարդային և իմունային համակարգի զարգացմանը: Այս վիտամինն առկա է ձկնեղենի, ձվի, թռչնամսի, սիսեռի, լոբու, լյարդի, գազարի, ծաղկակաղամբի, հացահատիկի (վարսակ, գարի), արևածաղկի սերմերի, ընկույզի մեջ:
Վիտամին B9-ը (ֆոլաթթու) կարևոր է նյարդային խողովակի ձևավորման համար: Նրա պակասը պտղի մոտ կարող է հանգեցնել զարգացման արատների (spina bifida), իսկ հղի կնոջ մոտ՝ սակավարյունության, գլխացավերի, թուլության, սրտխփոցների, գրգռված վիճակի: Ֆոլաթթվով հարուստ են կանաչ տերևները, բանջարեղենը, բրոկոլին, սունկը, ճակնդեղը, ծաղկակաղամբը, ընդեղենը, հացը, նարինջը, ելակը:
Վիտամին B12-ը կարևոր է պտղի նյարդային համակարգի, արյան գնդիկների ձևավորման համար: Պակասը կամ բացակայությունը հանգեցնում են պտղի թերաճի, գլխուղեղի բջիջների թերզարգացման, սակավարյունության: Այս վիտամինով հարուստ են կաթը, ձկնեղենը՝ իշխանը, տավարի միսը, խոզապուխտը, թռչնամիսը:
Վիտամին D-ն անհրաժեշտ է ոսկրերի, ատամների ձևավորման համար, նպաստում է կալցիումի և ֆոսֆորի յուրացմանը: Վիտամին D-ով հարուստ են կաթը, միսը, ձկնեղենը, օրգանիզմում առաջանում է նաև արևի լույսի ազդեցությամբ:
Վիտամի E-ն հակաօքսիդանտային հատկություն ունի, ամրացնում է իմունային համակարգը, լայնացնում անոթները, նպաստում հեստոզների կանխարգելմանը: Առավել շատ Վիտամի E պարունակում են շիլաները, ցորենի ածիկը, ձիթայուղը, ընկուզեղենը:
Վիտամին K-ն կարևոր է արյան մակարդելիության գործընթացների համար: Ավելի շատ պարունակում են կանաչ տերևները, բանջարեղենը, տավարի միսը, չրեղենը:
Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց:
Հաշվի առնելով մեր երկրի այսօրվա իրավիճակը՝ որպես բժիշկ, որպես մանկաբարձ-գինեկոլոգ և որպես հայ մարդ, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ՝ շատ բալիկներ ունենալ: Պետք է ունենանք ամուր ընտանիքներ՝ շատ, առողջ բալիկներով: Մեր ազգի առաջ բոլորս պարտավորություն ունենք և պետք է շատանանք, ավելացնենք երկրի պահապաններին: Ու տա՛ Աստված, որ մեր բոլոր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ և հզորացնեն մեր հայրենիքը:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»