2022 Հուն 04, Երեքշաբթի
Ոսկրային համակարգի վիճակը հիմնականում պայմանավորված է ոսկրերի խտությամբ և կառուցվածքով: Այս հյուսվածքի փոփոխությունները հայտնաբերելու ախտորոշիչ մեթոդներից է դենսիտոմետրիան: Հետազոտությունն իրականացվում է ռենտգեն կամ ուլտրաձայնային ճառագայթման օգնությամբ: Հետազոտությունն անցավ է և շատ ժամանակ չի խլում: Ուլտրաձայնային դենսիտոմետրիան ոսկրային հյուսվածքի խտության որոշման սքրինինգային (նախնական) մեթոդ է: Ուլտրաձայնային դենսիտոմետրիան նախապատրաստում չի պահանջում:
Ուլտրաձայնային դենսիտոմետրիա
Ուլտրաձայնային դենսիտոմետրիայի դեպքում ոսկրի խտությունը որոշվում է ուլտրաձայնային ճառագայթների օգնությամբ: Մեթոդը կիրառվում է օստեոպորոզի սկզբնական շրջանում` ընդհանուր ոսկրային կորուստները որոշելու նպատակով: Հետազոտությունն իրականացվում է շարժական դենսիտոմետրի օգնությամբ, որը չափում է ոսկրային հյուսվածքով ուլտրաձայնային ալիքի անցման արագությունը: Արագության ցուցանիշը գրանցվում է հատուկ տվիչի օգնությամբ, որից տվյալները ներմուծվում են համակարգիչ և մշակվում համակարգի կողմից: Մշակված տվյալները ցուցադրվում է համակարգչի մոնիտորին: Այդպիսի սարքերի մեծ մասը նախատեսված են դաշտանադադարի շրջանում կանանց մոտ կրունկոսկրի հյուսվածքը գնահատելու համար, քանի որ հիմնականում կմախքի հենց այդ մասն է ենթարկվում նյութափոխանակության գործընթացներին: Ոսկրի խտությունն ազդրի վզիկի շրջանում և կրունկոսկրում կանանց մոտ գրեթե համընկնում է: Հետազոտության այս եղանակը հաճախ կիրառվում է ռենտգենաբանական մեթոդների հակացուցումների դեպքում: Այս հետազոտությունը հղիներին և կերակրող մայրերին թույլատրված է իրականացնել բազմակի անգամ:
Ուլտրաձայնային դենսիտոմետրիայի առավելություններն են.
• ախտորոշման իրականացման արագությունը (առավելագույնը 15 րոպե),
• անցավ գործընթացը,
• օրգանիզմի վրա թունավոր ազդեցության բացակայությունը:
Ուլտրաձայնային դենսիտոմետրիան կիրառվում է որպես օստեոպորոզի առաջնային (նախնական) ախտորոշում (սքրինինգային մեթոդ): Օստեոպորոզի հայտնաբերման դեպքում հնարավորին հստակ ախտորոշման նպատակով մասնագետները խորհուրդ են տալիս իրականացնել առավել սպեցիֆիկ հետազոտություն՝ ռենտգեն դենսիտոմետրիա:
Պարտադիր պարբերաբար (տարեկան առնվազն երկու անգամ) սքրինինգային դենսիտոմետրիա պետք է անցնեն.
• Կանայք` դաշտանադադարի ժամանակ` հատկապես, եթե այն վաղ է սկսվել,
• ձվարանները հեռացված կանայք,
• հարվահանաձև գեղձի հիվանդությամբ պացիենտները,
• 40 տարեկանն անց կանայք և 60 տարեկանն անց տղամարդիկ,
• պասիվ կենսակերպ վարող մարդիկ,
• 30 տարեկանն անց մարդիկ, որոնց հարազատների մոտ ախտորոշված է օստեոպորոզ,
• մարդիկ, որոնց մոտ աննշան վնասվածքն ավարտվել է որևէ ոսկրի կոտրվածքով,
• պացիենտները, որոնց երկարատև դեղորայք ընդունելը նպաստել է ոսկրային հյուսվածքից կալցիումի աղերի լվացմանը (միզամուղներ, հորմոնային հակաբեղմնավորիչներ, հակամակարդիչներ, գլյուկոկորտիկոիդներ, հոգեմետ, հակացնցումային պատրաստուկներ, տագնապամարիչ դեղեր` տրանկվիլիզատորներ,և այլն)
• տարբեր սննդակարգերին հետևող մարդիկ, բուսակերները, բուժական քաղցի կողմնակիցները, ոչ ռացիոնալ և չհավասարակշռված սնվողները,
• կանոնավոր, ինտենսիվ, հյուծող ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկվող մարդիկ,
• ոչ բարձրահասակ և ցածր քաշով մարդիկ,
• ալկոհոլ, ծխախոտ չարաշահող մարդիկ:
Ուլտրաձայնային դենսիտոմետրիայի առավելությունները
• Բարձր տեղեկատվության զուգակցումն օրգանիզմի համար անվնաս տարբերակով ախտորոշման հետ,
• հետազոտության իրականացման պարզությունն ու օպերատիվությունը (մեկ հետազոտության տևողությունը չի գերազանցում 15 րոպեն),
• հասանելիությունը և հետազոտության այլ մեթոդների համեմատությամբ ոչ բարձր արժեքը (ՄՌՏ, ՀՏ),
• հատուկ նախապատրաստում չի պահանջվում,
• բացարձակ անցավ է,
• չունի հակացուցումներ:
Մեթոդը հարմար է որպես սքրինինգ-հետազոտություն` օստեոպորոզի զարգացման ռիսկը հայտնաբերելու համար: Այս հետազոտության հասանելիությունը և անվտանգությունը թույլ են տալիս իրականացնել այն նաև առանց բժշկի ուղեգրման:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»