2021 Դեկ 20, Երկուշաբթի
Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:
Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից, և՛ կեսարյան հատումից հետո հետծննդյան շրջանում վերականգնվումն ընթանում է նորմալ:
Հետծննդյան 42 օրվա ընթացքում այն բոլոր օրգան-համակարգերը, որոնք հղիության ընթացքում ենթարկվել են հորմոնալ փոփոխությունների, սովորաբար, վերականգնվում են, և վերադառնում նախկին վիճակին` կաթնագեղձերից բացի, որոնք կրծքով կերակրման ամբողջ ընթացքում մնում են դեռևս փոփոխված:
Հետծննդյան շրջանում կնոջ վերականգնման համար կարևոր է օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը, լիարժեք քունը, լիարժեք սնունդը և այլն:
Որքա՞ն ժամանակ է կինը մնում ծննդատանը և անհրաժե՞շտ է անկողնային ռեժիմ:
Նորմալ ծննդաբերած առողջ կինը ծննդատանը մնում է 2-3 օր, որի ընթացքում կազմակերպվում է նրա հսկողությունը և խնամքը: Կեսարյան հատման դեպքում այդ ժամկետը տևում է 4-5 օր:
Անկողնային ռեժիմ պահպանում են այն կանայք, որոնք ծննդաբերում են բարձր զարկերակային ճնշման առկայությամբ (ծանր պրեէկլամպսիա), կամ ծննդաբերության ժամանակ արյան մեծ կորուստ է լինում: Այդ կանանց զգալի մասը ծննդալուծվում է կեսայան հատման ճանապարհով և առաջին օրերին պահպանում է անկողնային ռեժիմ: Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք անցնում են ակտիվ վիճակի:
Քրոնիկ հիվանդություններ ունեցող կանանց վերականգնման շրջանում կա՞ն առանձնահատկություններ:
Եթե կինն ունի հիվանդություններ, հետծննդյան շրջանում գտնվում է նեղ մասնագետների հսկողության տակ (սրտաբան, էնդոկրինոլոգ և այլն), իրականացվում են հավելյալ հետազոտություններ՝ ԷՍԳ, սրտի էխոգրաֆիա, իրականացվում է համապատասխան բուժում:
Արգանդի կրճատման ի՞նչ նպաստող գործոններ կնշեք:
Արգանդի կրճատման լավագույն միջոցը կրծքով ճիշտ կերակրումն է, որի դեպքում հավելյալ միջամտությունների կարիք չի լինում:
Լինում են դեպքեր, երբ արգանդը լավ չի կրճատվում, լինում է չափից մեծ: Դա հաճախ դիտվում է խոշոր պտուղների, բազմապտուղ հղիությունների ժամանակ, երեք և ավելի անգամ ծննդաբերած կանանց մոտ: Այդ դեպքում կնոջը նշանակվում է արգանդը կրճատող դեղ՝ օքսիտոցին: Զուգահեռ շտկվում են ճիշտ կերակրման հարցերը, որ արգանդի հետագա կրճատումն ընթանա բնականոն:
Վերականգնման ընթացքի հսկողության նպատակով հետազոտություններ իրականացվո՞ւմ են:
Հետծննդյան շրջանում, սովորաբար, ծննդաբերությունից 24 ժամ հետո կատարվում են արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` նաև ուլտրաձայնային և արյան կենսաիմիական հետազոտություն:
Ինչպիսի՞ն է կնոջ սննդակարգը հետծննդյան շրջանում:
Եթե կինը նորմալ է ծննդաբերել, նրա սնունդը՝ կաթի որակը փոխող մթերքներից զատ (ցիտրուսային մրգեր, շոկոլադ, կծու, թթու ուտեստներ, ալկոհոլ, ծովամթերք), ոչնչով չի տարբերվում չծննդաբերած կնոջ սննդակարգից: Կինը կարող է սնվել և հեղուկներ օգտագործել ըստ պահանջի:
Ինչպե՞ս նպաստել կնոջ հոգեբանական վերականգնմանը:
Ծննդաբերությունը մեծ սթրես է կնոջ համար: Կան կանայք, որոնք ծննդաբերությունից հետո առաջանում է ծննդաբերական հոգեբանական ընկճում, հետծննդաբերական պսիխոզ, որոնք երբեմն բավականին ծանր են ընթանում: Նման դեպքերում կնոջ հետ պետք է աշխատի հոգեբանը, ով փորձում է ճշտել հոգեկան խնդիրների պատճառները և շտկել դրանք:
Մեր կենտրոնում առկա է հոգեբանի ծառայություն: Հոգեբանն աշխատում է հետծննդյան շրջանում նման խնդիրներ ունեցող կանանց հետ (զրույցներ, խորհրդատվություն) և անհրաժեշտ ժամանակահատվածում գտնվում են նրա հսկողության տակ:
Երբեմն հոգեբանները զբաղվում են նաև ընտանիքների հետ և հարազատներին կանանց նկատմամբ վերաբերմունքի խորհուրդներ են տրվում:
Կնոջ քունը հետծննդյան շրջանում:
Ծննդաբերությունից հետո վերականգնման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք քունը: Բայց, քանի որ երեխային 3-4 ժամից ավելի առանց կերակրման չի կարելի թողնել, կնոջ գիշերային քունն անցնում է ընդհատումներով: Գիշերային կերակրումները բացառել հնարավոր չէ, որովհետև դրանք անհրաժեշտ են երեխայի աճող օրգանիզմին և նպաստում են նաև կաթնարտադրությանը: Կնոջ քնի և հանգստի պակասը խորհուրդ է տրվում լրացնել ցերեկվա ժամերին, երբ երեխան քնած է:
Ինչպիսի՞ն պետք է լինի կնոջ ֆիզիկական ծանրաբեռվածությունը հետծննդյան շրջանում:
Հետծննդյան 42-օրյա շրջանում կինը, բնականաբար, պետք է խուսափի ծանրություն կրելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից, զերծ մնա սեռական հարաբերություններից: Կարող է կատարել թեթև մարզումներ, զբաղվել յոգայով: Յուրաքանչյուր կին իր օրգանիզմն ավելի լավ է ճանաչում, և մարզումները նույնպես անհատական են:
42 օր անց արդեն սահմանափակումներ չկան, և կինը կարող է զբաղվել ակտիվ ապրելակերպով և սպորտով:
Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թիմին է միացել մանկաբարձ-գինեկոլոգ Նանա Դանիելբեկը, ով երկար տարիներ...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»