«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կնոջ հսկողությունը և խնամքը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ

Կնոջ հսկողությունը և խնամքը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ

2022 Հուն 21, Ուրբաթ

Կնոջ հսկողությունը և խնամքը հետծննդյան շրջանում սկսում է ծննդաբերությունից` ընկերքի ծնվելուց անմիջապես հետո, և առաջին երկու ժամը կինն անցկացնում է ծնարանում: Դա վաղ հետծննդյան շրջանն է, որի ընթացքում հետևում են կնոջ ընդհանուր վիճակին, արտադրության քանակին, բնույթին, արգանդի կրճատմանը: Նորմալ հետծննդյան ընթացքի մասին վկայում են մարմնի նորմալ ջերմաստիճանը, նորմալ զարկերակային ճնշումը, արգանդի ժամանակին կրճատումը, արտադրությունների նորմալ քանակը և բնույթը: Այստեղ ապահովում են նաև մոր և երեխայի «մաշկ-մաշկի» կապը, որը նպաստում է  մոր մաշկի միկրոմիջավայրը նորածնին փոխանցելուն և հետագա ջերմ հոգեբանական կապ է ստեղծելուն:

 

Երկու ժամ անց, երբ կրկին չափում են զարկերակային ճնշումը, ստուգում արտադրության քանակը, արգանդի կրճատման ընթացքը և պարզում, որ վիճակը բավարար է, կինը տեղափոխվում է հետծննդյան բաժանմունք` հետագա հսկողությունը և խնամքը կազմակերպելու համար:

 

Ինչպե՞ս է իրականացվում հսկողությունը հետծննդյան բաժանմունքում:

Առողջ, նորմալ ծննդաբերած կինը ծննդատանը մնում է 2-3 օր, կեսարյան հատման դեպքում՝ 4-5 օր:

Հետծննդյան բաժանմունքում առնվազն օրը երկու անգամ կատարվում է ջերմաչափում, զարկերակային ճնշման չափում, ստուգվում է արգանդի կրճատման աստիճանը, կատարվում է առկա վերքերի մշակում` համապատասխան հակասեպտիկ լուծույթներով:

Հետծննդյան շրջանում պետք է հետևել կնոջ ընդհանուր հիգիենային, ամեն օր փոխի հագուստը, տակաշորերը լինեն մաքուր, ախտահանված, փոխվեն օրական 3-4 անգամ: Կարևոր է ճիշտ կերակրումը, կաթնագեղձերի վիճակը, որովհետև՝ ծննդաբերությունից անմիջապես հետո ծնարանում՝ առաջին 30-60 րոպեների ընթացքում, երեխային մոտեցնում են կնոջը կերակրման, որը նպաստում է կաթնարտադրությանը:

Հետծննդյան ամբողջ շրջանում՝ մինչև 42 օր, կանոնավոր կերպով պետք է հետևել արգանդի կրճատմանը, արտադրության բնույթին ու քանակին:

Հետծննդյան շրջանում հարկ է հետևել նաև միզապարկի նորմալ և ժամանակին դատարկվելուն, որը նպաստում է արգանդի կրճատմանը:

Հղիության ընթացքում աղիները ենթարկվում են հորմոնալ փոփոխությունների, և շատ հաճախ հղի կանանց մոտ նկատվում է փորկապություն, որը կարող է շարունակվել նաև հետծննդյան շրջանում, ուստի անհրաժեշտ է կարգավորել այդ խնդիրը:

Ինչպե՞ս է իրականացվում հսկողությունը հետծննդյան բաժանմունքում` կեսարյան հատման դեպքում:

Կեսարյան հատումից հետո առաջին օրերին նշանակվում են ցավազրկողներ: Վերքը մշակվում է հակասեպտիկներով (սովորաբար` բետադինով), անհրաժեշտության դեպքում օգտագործվում են հակաբիոտիկներ:

Դուրս գրվելուց հետո կնոջը խորհուրդ է տրվում լողանալ, և մի քանի օր ևս վերքը մշակել 70 տոկոսանոց սպիրտային լուծույթով կամ բետադինով:

Կրծքով կերակրման ի՞նչ նրբություններ կան:

Հետծննդյան շրջանում կնոջը սովորեցնում են կրծքով ճիշտ կերակրման կանոնները, որպեսզի կաթնարտադրությունը նորմալ ընթանա, երեխան կարողանա ժամանակին ստանալ անհրաժեշտ սնունդը:

Հետծննդյան շրջանում երեխային կերակրում են ըստ իր ցանկության, բայց նաև 3 ժամից ավելի չի կարելի թողնել, որ քնի, անհրաժեշտ է արթնացնել և կերակրել երեխային: Յուրաքանչյուր կերակրումը պետք է չգերազանցի 25-30 րոպեն, սակայն հարկ է հետևել, որպեսզի սկզբնային կաթից զատ, որը յուղոտ չէ և քիչ սննդարար նյութեր է պարունակում, երեխան ստանա նաև ավելի սննդարար և օգտակար հետին կաթը:

Կարևոր է նաև ապահովել կերակրման առաջին օրերին արտադրվող խեժի ընդունումը: Բնականոն ծննդաբերած կանաց մոտ խեժն արտադրվում է մոտավորապես մեկ օր, կեսարյան հատման դեպքում՝ 1-2 օր:

Ճիշտ կերակրելուց բացի, կնոջը սովորեցնում են նաև կերակրելու ընթացքում անհրաժեշտ դիրքը. դա կարող է լինել կողքի պառկած կամ նստած, որի ժամանակ կինն իրեն հարմարավետ է զգում:

Մոր կաթը պարունակում է հակամարմիններ, վիտամիններ, միկրոէլեմենտներ, որոնք օգնում են նորածնին վարակների դեմ պայքարում:

Ինչպիսի՞ն է կրծքով կերակրող կնոջ սննդակարգը:

Հետծննդյան շրջանում կանանց խորհուրդ է տրվում ճիշտ և օգտակար սննդամթերք օգտագործել, բացառել կծու, թթու կերակուրները, ցիտրուսային մրգերը, ալկոհոլը, մեղրը, շոկոլադը, ծովամթերքը. այն ամենն, ինչը կրծքով կերակրման դեպքում երեխայի մոտ կարող է ալերգիկ վիճակներ առաջացնել:

Ինչպիսի՞ն պետք է լինի հետծննդյան արտադրությունների բնույթը:

Ծննդաբերությունից հետո կնոջը խորհուրդ է տրվում հետևել ծննդաբերական արտադրության (որը տևում են մոտավորապես 21 օր) որակին և քանակին:

Ի՞նչ անել, եթե կնոջ մոտ առկա են բարդություններ կամ ուղեկցող որևէ հիվանդություն:

Ծննդաբերության ժամանակ դիտվող բարդություններից են պատռվածքները  (հատկապես շեքի և հեշտոցի պատերի), զարկերակային ճնշման բարձրացումները՝ կապված պրեէկլամպսիայի հետ: Այդ կանայք հսկվում են հետծննդյան շրջանում՝ զարերակային ճնշումը չափվում է 2-3 ժամը մեկ, և, անհրաժեշտության դեպքում, նշանակվում հիպոտենզիվ բուժում:

Հետծննդյան շրջանում լինում են վաղ և ուշ արյունահոսություններ: Վաղ արյունահոսություններն սկսում են դեռ ծնարանում գտնվելու 2 ժամվա ընթացքում, իսկ ուշ արյունահոսությունները դիտվում են հետծննդյան բաժանմունքում կամ տանը:

Հարկ է նշել, որ ծննդաբերությունից հետո` 2-րդ, 3-րդ օրըմ գլյուկոզայի մակարդակը նվազում է, ուստի այն կանայք, որոնք ունեն շաքարային դիաբետ, պետք է նվազեցնեն ընդունվող ինսուլինի չափաբաժինը: Այդ կարգավորումը, սովորաբար, իրականացվում է ներզատաբանի կողմից:

Ի՞նչ խորհուրդ կտաք ծննդատնից դուրս գրված կանանց:

Հետծննդյան 42 օրերի ընթացքում՝ մոտավորապես մեկ և կես ամիս, ցանկալի է, որ կինը զերծ մնա սեռական հարաբերություններից, քանի որ արգանդն ամբողջովին կրճատված չէ, և սեռական ուղիներով կարող է վարակ տարածվել

Ինչպե՞ս խուսափել բարդություններից:

Բոլոր բարդություններն ի հայտ են գալիս հետծննդյան 42 օրերի ընթացքում: Դրանից հետո առաջացած բարդությունները, սովորաբար, չեն կապվում ծննդաբերության հետ:

Բարդությունների և հատկապես արյունահոսությունների կանխարգելման համար ծննդաբերության ընթացքում և երեխայի ծնվելուց հետո, ռիսկի խմբում գտնվող կանանց մոտ օտագործվում են արգանդը կրճատող դեղեր:

Բարդություններից են նաև պտուկների ճաքերը, որոնք լինում են ոչ ճիշտ կերակրման հետևանքով: Այդ պատճառով կնոջը հետծննդյան բաժանմունքում սովորեցնում եմ ճիշտ կերակրման ձևը: Ճաքերի դեմ կան հատուկ դեղեր, քսուքներ, օգնում է նաև սեփական կրծքի կաթը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը