«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Առաջին հղիություն. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

Առաջին հղիություն. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ

2022 Մար 18, Ուրբաթ

Ինչո՞վ է առանձնահատուկ առաջին հղիությունը:

Մայրությունը կնոջ կյանքի ամենաերջանիկ շրջանն է, ինչից, սակայն, երբեմն վախենում են երիտասարդ ապագա մայրերը: Նրանց վախեցնում են սպասվող փոփոխությունները:

Ո՞ր տարիքն է ավելի նպաստավոր առաջին հղիության համար:

Մինչև վերջերս տարածված էր այն կարծիքը, որ առաջին հղիության համար լավագույն տարիքը 20 տարեկանն է, քանի որ այդ ժամանակ օրգանիզմն ամենաառողջ վիճակում է: Սակայն այժմ մասնագետները եկել են այն եզրակացության, որ 30-35 տարեկանում ևս հղիությունն ընթանում է՝ ինչպես 20 տարեկանում: Ավելին՝ հասուն տարիքում կինն ավելի գիտակցաբար է մոտենում, պատրաստվում հղիությանը: Անցյալում կարծիք կար նաև, որ 30 տարեկանից հետո լույս աշխարհ բերած երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում, քաշ լավ չեն ավելացնում: Մինչդեռ իրականում այդպես չէ. կարևոր է միայն կնոջ առողջական վիճակն այդ ընթացքում: Ապագա մոր առողջությունը հղիության և առողջ երեխա ունենալու գրավականն է:

Ցանկալի է, որ մեծ տարիքում հղիացող կինը նախապես անցնի գենետիկ և ուլտրաձայնային հետազոտություններ:

Ի՞նչ տագնապներ են ունենում առաջին անգամ հղիացող կանայք:

Առաջին հղիության ժամանակ շատ կանայք ունենում են մի շարք վախեր, որոնցից մեկը ոչ առողջ երեխա լույս աշխարհ բերելու վախն է: Բայց ներկայում բժշկությունն ունի հղիության ընթացքը վերահսկելու բոլոր միջոցները: Ուստի, եթե բժիշկը պնդում է, որ ամեն ինչ կարգին է, պետք է վստահել նրան: Վախերից մեկն էլ երեխայի համար լավ մայր լինել չկարողանալու վախն է: Դա կապված է երեխաների, հատկապես նորածինների հետ շփվելու փորձի բացակայության հետ:

Փոքր քույր կամ եղբայր ունեցողները գիտեն, թե ինչին պետք է պատրաստ լինել:

Այս հարցում կարևոր են նաև մոր, ավագ կանանց խորհուրդները: Այսօր կարելի է գտնել նաև օգտակար գրականություն այդ թեմայով, և վերջապես, յուրաքանչյուրը, թեկուզ ենթագիտակցաբար, գիտի, թե ինչպես վարվել նորածինների հետ. դա էլ հենց մայրական բնազդն է: Եվ, իհարկե, բոլոր ապագա մայրերը հաջողությամբ են անցնում այդ ամենի միջով:

Հաջորդ վախը կապված է ծննդաբերության ժամանակ սպասվող ցավի հետ: Ընդհանրապես, վախն ու ցավը զգացողություններ են, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ մեր մտքում:

Հաճախ ցավն ավելի է սրվում հենց վախի ազդեցությամբ: Մինչդեռ ինքնավստահությունն այս հարցում լավագույն օգնականն է: Կանայք շատ են անհանգստանում նաև իրենց կազմվածքի համար: Այստեղ տեղին է ասել. մայրությունը մեծ երջանկություն է, իսկ դրա համար անհրաժեշտ է հղիության ընթացք, ուստի կազմվածքի համար անհանգստությունը պետք է հետին պլան մղվի: Կազմվածքը կարող է տուժել նաև մի շարք այլ գործոնների ազդեցությամբ, որոնց դեմ պայքարելով կարելի է կարգավորել այն: Պետք է ծննդաբերությունից հետո ճիշտ սնվել, ճիշտ կազմակերպել օրվա ռեժիմը, ակտիվությունը:

Ի՞նչ այլ խնդիրներ և վախեր կարող եք նշել:

Հղիությունը հիմնովին փոխում է կնոջ կյանքը, և դա վախերից մեկն է: Այո՛, կյանքը փոխվում է, սակայն երեխայի ծնունդը, նրա ներկայությունը մոր կյանքը փոխում է միայն դեպի դրականը: Մայրությունը կնոջը զարմանալի և հիմնականում դրական բացահայտումներ է պարգևում։

Ձեր խորհուրդն առաջին հղիության պատրաստվող կանանց:

Առաջին երեխան կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ընտանիքում։ Իհարկե, բոլորն են որոշակի վախեր ունենում, սակայն երեխայի հայտնվելուն պես կյանքը նոր իմաստ է ստանում, լցվում սիրով և ուղղորդում նոր նպատակների:

Լավագույնն այն է, որ հղիության ընթացքում էլ արդեն ավելի շատ ժամանակ է հատկացվում ոչ թե կասկածներին և անհանգստություններին, այլ երեխայի մասին դրական մտքերին և երազելուն: Եվ եթե ավելի հաճախ լինեք սիրելիների շրջապատում, այդ ինը ամիսը կանցնի խաղաղությամբ և հաճելի սպասումով:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը