«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

2022 Մար 28, Երկուշաբթի

Նախադաշտանային համախտանիշը հոգեբանական, հուզական, վարքային և սոմատիկ (մարմնական) ախտանշանների դրսևորումն է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում՝ ավելի հաճախ դաշտանից 2-7 օր առաջ։ Այդ ախտանշանները դադարում են դաշտանը սկսելուն պես և կրկնվում են հաջորդ դաշտանային ցիկլի ժամանակ։

Որքա՞ն հաճախ է հանդիպում այս համախտանիշը:

Կանանց 50-80%-ի  մոտ հաճախ արտահայտվում են նախադաշտանային ախտանշաններ: 25-26 %-ի մոտ դրանք արտահայտվում են համախտանիշի թեթև դրսևորումով, 3-8 %-ի մոտ այն առավել ծանր՝ հոգեբանական ախտանշաններով է ընթանում: Ծանր ձևը համարվում է նախադաշտանային դիսֆորիկ խանգարում։

Որո՞նք են նախադաշտանային համախտանիշի պատճառները

Նախադաշտանային համախտանիշի զարգացման հիմքում ոչ թե հորմոնների քանակի փոփոխությունն է (այդ քանակը չի տարբերվում առողջ կանանց հորմոնների քանակից), այլ կենտրոնական նյարդային համակարգի ոչ համապատասխան պատասխանը հորմոնների քանակական տատանումներին։

Ի՞նչ ախտանշաններով է դրսևորվում նախադաշտանային համախտանիշը:

Նախադաշտանային համախտանիշի դրսևորումները կարելի է բաժանել 2 խմբի` հոգեբանական-վարքային և ֆիզիկական։

Հոգեբանական-վարքային դրսևորման արտահայտություններն են՝ տրամադրության տատանումները, ընկճախտը, հոգնածության զգացողությունը, ընդհանուր թուլությունը, նյարդայնությունը, տագնապի զգացողությունը, քնի խանգարումները:

Ֆիզիկական դրսևորմանը բնորոշ են կրծքագեղձերի զգայունությունը, ցանավորումը, այտուցները, քաշի ավելացումը, հոգնածությունը, գլխացավը, մեջքի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, ճնշման բարձրացումը, հաճախասրտությունը, կոորդինացիայի խանգարումները:

Ախտանիշների դրսևորումներից կախված առանձնացվում են հետևյալ տիպեր՝ նյարդահոգեբանական, այտուցային, ցեֆալգիկ և կրիզային։

Ոչ հաճախ հանդիպում են նաև ատիպիկ դրսևորումներ՝ հիպերթերմիկ (ցիկլիկ ջերմության բարձրացում 37,2-38˚C՝ առանց բորբոքային գործընթացի առկայության), հիպերսոմնիկ (ցիկլիկ ցերեկային քնկոտություն), ալերգիկ (ցիկլիկ ալերգիկ դրսևորումներ), խոցային գինգվինիտ, ստոմատիտ, ցիկլիկ իրիդոցիկլիտ։

Ինչպե՞ս ախտորոշել:

Հորմոնալ հետազոտություններն ախտորոշիչ նշանակություն չունեն։ Ախտորոշման հիմքում օրագրի վարումն է` 2-3 ցիկլի ընթացքում, որտեղ նշվում է ախտանշանների դրսևորումը։ Դա հնարավորություն է տալիս ընդգծելու ախտանշանների կապը դաշտանային ցիկլի լուտեյնային ֆազայի հետ և որոշելու տեսակը, մշակելու բուժման ծրագիրը։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում են լրացուցիչ հետազոտություններ՝ ՀՏ, ՄՌՏ, ԷԷԳ, նյարդաբանի, հոգեբանի խորհրդատվություններ։

Ինչպե՞ս կարելի է կանխարգելել նախադաշտանային համախտանիշը:

Նախադաշտանային համախտանիշի զարգացումը կանխարգելելու համար շատ կարևոր են առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը:

Սննդակարգում պետք է սահմանափակել ճարպերի, աղի, շաքարավազի, սուրճի, ալկոհոլի կիրառությունը: Պետք է օգտագործել մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն: Խրախուսվում են պիլատեսը, յոգան, շնչառական վարժությունները։

Բուժական ի՞նչ մոտեցումներ կան:

Թեթև և միջին աստիճանի դրսևորումների ժամանակ առողջ ապրելակերպը, վնասակար սովորություններից հրաժարվելը նվազեցնում են նախադաշտանային համախտանիշի զարգացման վտանգը։ Այդ դեպքերում նշանակվում են բուսական դեղեր, որոնց հիմքում, օրինակ՝ կուսածառ սովորականը կամ կարմիր երեքնուկն է: Նշանակվում են նաև վիտամին B6, վիտամին D և կալցիումի պատրաստուկներ։

Միջին և ծանր դրսևորումների դեպքում նշանակվում են հակաբեղմնավորիչներ, երբեմն նաև հակադեպրեսանտներ՝ անընդհատ կամ ցիկլիկ ռեժիմով։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը