2022 Մար 28, Երկուշաբթի
Նախադաշտանային համախտանիշը հոգեբանական, հուզական, վարքային և սոմատիկ (մարմնական) ախտանշանների դրսևորումն է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում՝ ավելի հաճախ դաշտանից 2-7 օր առաջ։ Այդ ախտանշանները դադարում են դաշտանը սկսելուն պես և կրկնվում են հաջորդ դաշտանային ցիկլի ժամանակ։
Որքա՞ն հաճախ է հանդիպում այս համախտանիշը:
Կանանց 50-80%-ի մոտ հաճախ արտահայտվում են նախադաշտանային ախտանշաններ: 25-26 %-ի մոտ դրանք արտահայտվում են համախտանիշի թեթև դրսևորումով, 3-8 %-ի մոտ այն առավել ծանր՝ հոգեբանական ախտանշաններով է ընթանում: Ծանր ձևը համարվում է նախադաշտանային դիսֆորիկ խանգարում։
Որո՞նք են նախադաշտանային համախտանիշի պատճառները
Նախադաշտանային համախտանիշի զարգացման հիմքում ոչ թե հորմոնների քանակի փոփոխությունն է (այդ քանակը չի տարբերվում առողջ կանանց հորմոնների քանակից), այլ կենտրոնական նյարդային համակարգի ոչ համապատասխան պատասխանը հորմոնների քանակական տատանումներին։
Ի՞նչ ախտանշաններով է դրսևորվում նախադաշտանային համախտանիշը:
Նախադաշտանային համախտանիշի դրսևորումները կարելի է բաժանել 2 խմբի` հոգեբանական-վարքային և ֆիզիկական։
Հոգեբանական-վարքային դրսևորման արտահայտություններն են՝ տրամադրության տատանումները, ընկճախտը, հոգնածության զգացողությունը, ընդհանուր թուլությունը, նյարդայնությունը, տագնապի զգացողությունը, քնի խանգարումները:
Ֆիզիկական դրսևորմանը բնորոշ են կրծքագեղձերի զգայունությունը, ցանավորումը, այտուցները, քաշի ավելացումը, հոգնածությունը, գլխացավը, մեջքի ցավերը, սրտխառնոցը, փսխումը, ճնշման բարձրացումը, հաճախասրտությունը, կոորդինացիայի խանգարումները:
Ախտանիշների դրսևորումներից կախված առանձնացվում են հետևյալ տիպեր՝ նյարդահոգեբանական, այտուցային, ցեֆալգիկ և կրիզային։
Ոչ հաճախ հանդիպում են նաև ատիպիկ դրսևորումներ՝ հիպերթերմիկ (ցիկլիկ ջերմության բարձրացում 37,2-38˚C՝ առանց բորբոքային գործընթացի առկայության), հիպերսոմնիկ (ցիկլիկ ցերեկային քնկոտություն), ալերգիկ (ցիկլիկ ալերգիկ դրսևորումներ), խոցային գինգվինիտ, ստոմատիտ, ցիկլիկ իրիդոցիկլիտ։
Ինչպե՞ս ախտորոշել:
Հորմոնալ հետազոտություններն ախտորոշիչ նշանակություն չունեն։ Ախտորոշման հիմքում օրագրի վարումն է` 2-3 ցիկլի ընթացքում, որտեղ նշվում է ախտանշանների դրսևորումը։ Դա հնարավորություն է տալիս ընդգծելու ախտանշանների կապը դաշտանային ցիկլի լուտեյնային ֆազայի հետ և որոշելու տեսակը, մշակելու բուժման ծրագիրը։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում են լրացուցիչ հետազոտություններ՝ ՀՏ, ՄՌՏ, ԷԷԳ, նյարդաբանի, հոգեբանի խորհրդատվություններ։
Ինչպե՞ս կարելի է կանխարգելել նախադաշտանային համախտանիշը:
Նախադաշտանային համախտանիշի զարգացումը կանխարգելելու համար շատ կարևոր են առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը:
Սննդակարգում պետք է սահմանափակել ճարպերի, աղի, շաքարավազի, սուրճի, ալկոհոլի կիրառությունը: Պետք է օգտագործել մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն: Խրախուսվում են պիլատեսը, յոգան, շնչառական վարժությունները։
Բուժական ի՞նչ մոտեցումներ կան:
Թեթև և միջին աստիճանի դրսևորումների ժամանակ առողջ ապրելակերպը, վնասակար սովորություններից հրաժարվելը նվազեցնում են նախադաշտանային համախտանիշի զարգացման վտանգը։ Այդ դեպքերում նշանակվում են բուսական դեղեր, որոնց հիմքում, օրինակ՝ կուսածառ սովորականը կամ կարմիր երեքնուկն է: Նշանակվում են նաև վիտամին B6, վիտամին D և կալցիումի պատրաստուկներ։
Միջին և ծանր դրսևորումների դեպքում նշանակվում են հակաբեղմնավորիչներ, երբեմն նաև հակադեպրեսանտներ՝ անընդհատ կամ ցիկլիկ ռեժիմով։
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»