2022 Մար 14, Երկուշաբթի
Ի՞նչ է հղիության մոնիթորինգը
Հղիության մոնիթորինգը նախածննդյան ժամանակահատվածի հսկողություն է: Նպատակն է՝ պարզել հղիի և դեռ աշխարհ չեկած փոքրիկի առողջական վիճակը, աջակցել հղիության նորմալ ընթացքին, խնդիրների ժամանակին հայտնաբերմանը և հնարավորին` կարգավորմանը:
Ի՞նչ է ներառում
Հղիության մոնիթորինգը սքրինինգային և ախտորոշիչ հետազոտությունների համալիր է, որն իրականացվում է հղի կնոջ և պտղի առողջական վիճակի գնահատման, առկա վտանգների բացահայտման նպատակով:
Նախածննդյան սքրինինգային հետազոտություն կարող է անցնել ամեն հղի՝ իր ցանկությամբ: Այս հետազոտությունները կարող են պարզել ռիսկերի առկայությունը՝ պտղի մոտ որոշակի հիվանդությունների զարգացման հավանականությունը, որից հետո բժիշկը արդեն կարող է նշանակել ախտորոշիչ հետազոտություններ՝ ավելի ճշգրիտ արդյունքներ և ուղղորդումներ ստանալու համար: Սակայն դրանք կարող են հղիի համար վտանգավոր լինել, մինչև անգամ վիժում առաջացնել: Այդ պատճառով կարևոր է բժշկի զգուշավոր մոտեցումն այս հարցին:
Ավելի հստակ՝ սքրինինգային ի՞նչ հետազոտություններ են իրականացվում, և ի՞նչ խնդիրներ են պարզում դրանք
Պրենատալ սքրինինգային հետազոտություններով հնարավոր է պարզել հետևյալ հիվանդությունների ռիսկերը՝ քրոմոսոմային հիվանդություններ (Դաունի, Պատաուի համախտանիշ), բնածին արատներ՝ սրտի, երիկամների, նյարդային խողովակի (սպինա բիֆիդա և այլն): Կատարվում են ՈՒՁՀ (պտղի օձիքային գործակցի չափում) և արյան անալիզ՝ հղիի հորմոնների հետազոտման համար: Հետազոտությունների արդյունքների, հղիի տարիքի և այլ տվյալներով արդեն բժիշկը գնահատում է առկա վտանգները: Հղիության ընթացքում կարող են լրացուցիչ հետազոտություններ նշանակվել: Առաջին եռամսյակի սքրինինգ՝ արյան մեջ պրոտեին Ա-ի, խորիոնալ գոնադոտրոպինի ենթամիավորի որոշում և ՈՒՁՀ-ով պտղի օձիքային գործակցի չափում: Երկրորդ եռամսյակի սքրինինգ՝ արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի, խորիոնային գոնադոտրոպինի, ազատ էստրիոլի որոշում: Իհարկե, որոշվում է նաև հղիի արյան խումբը, ռեզուս գործոնը՝ դրական կամ բացասական: Դա անհրաժեշտ է, քանի որ հնարավոր է՝ հետագայում արյան փոխներարկման կարիք լինի: Կատարվում է նաև մեզի հետազոտություն, որով հսկողության տակ է պահվում երիկամների վիճակը, հսկվում է նաև արյան զարկերակային ճնշումը՝ պրեէկլամպսիայի` ժամանակին հայտնաբերման և կանխարգելման նպատակով:
Հնարավոր է նաև՝ նշանակվեն հետազոտություններ տարբեր վարակների վտանգները բացառելու համար:
Ո՞ր վարակներն են հատկապես որոշվում
Հղիների մոտ ստուգվում են կարմրախտի, սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի և Ց-ի հարուցիչները: Դրանք վտանգավոր են հղիության ընթացքի համար, իսկ սիֆիլիսը, ՄԻԱՎ-ը, հեպատիտ Բ-ն կարող են փոխանցվել նաև պտղին:
Ուրիշ ի՞նչ հետազոտություններ են կատարվում
Սքրինինգային հետազոտությունների փաթեթում ներառվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, բայց դրանց մի մասը նշանակվում է ըստ անհրաժեշտության:
Իհարկե, կատարվում են նաև հղիի մարմնի քաշի, հասակի չափումներ և հաշվարկվում է մարմնի զանգվածի գործակիցը: Եթե կա ավելորդ քաշ, դա կարող է հղիության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ:
Գերձայնային հետազոտությունը հղիության ընթացքում իրականացվում է մի քանի անգամ, ինչը վերահսկում է պտղի զարգացման ընթացքը:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»