2022 Մայ 13, Ուրբաթ
Ի՞նչ չափանիշներով է ախտորոշվում ներարգանդային աճի դանդաղումը:
Պտղի ներարգանդային աճի դանդաղումը (ՊՆԱԴ) նորածնի մարմնի զանգվածի, հասակի, գլխի շրջագծի՝ տվյալ ազգաբնակչության շրջանում սահմանված ցուցանիշներից ցածր տվյալներն է՝ գեստացիոն ժամկետին համապատասխան: ՊՆԱԴ-ը հանդիպում է բոլոր ծննդաբերությունների 3-10% դեպքերում:
ՊՆԱԴ-ը գնահատելիս բոլոր երեխաների համար օգտագործվում են աճի կորագծեր: Աճի կորագծերն ունեն շեղումներ՝ 2 սիգմա պլյուս և մինուս: Եթե շեղումը սիգմա 2 պլյուսից ավելի է՝ երեխան համարվում է խոշոր, եթե 2 սիգմա մինուսից պակաս է՝ ուրեմն առակա է պտղի ներարգանդային աճի դանդաղում:
ՊՆԱԴ տեսակները
Պտղի ներարգանդային աճի դանդաղումը լինում է սիմետրիկ և ասիմետրիկ: Սիմետրիկ ՊՆԱԴ-ի ժամանակ բոլոր ցուցանիշները՝ մարմնի զանգվածը, գլխի շրջագիծը և հասակը ցածր են: Սա ավելի ծանր ընթացք ունեցող ձևն է, որովհետև հիմնականում լինում է գենետիկ, քրոմոսոմային հիվանդություն ունեցող երեխաների մոտ: Սիմետրիկ ձևն ուղեկցվում է ուղեղի աճի դանդաղումով, հանդիպում է 30%-ի մոտ: Սովորաբար, հայտնաբերվում է երկրորդ եռամսյակում:
Ասիմետրիկ ՊՆԱԴ-ի ժամանակ քաշը գտնվում է 10 պերցենտիլից ներքև և չկա համապատասխանություն քաշի, հասակի ու գլխի շրջագծի միջև:
Հայտնաբերվում է երրորդ եռամսյակում, մոտավորապես 70%-ի մոտ, ունի բարվոք ընթացք: Ասիմետրիկ ձևի պատճառը հիմնականում ընկերք-արգանդային գործոններն են:
Ախտորոշումը
Իրականացվում է մանկաբարձական ախտորոշում՝ ներարգանդային կյանքում: Շատ կարևոր է, որ հղիները չխախտեն բժշկին այցելելու ժամանակացույցը, որովհետև անհրաժեշտ է ժամանակին իրականացնել ՈՒՁՀ, դոպլեր հետազոտություններ, ԿՏԳ, մանկաբարձ-գինեկոլոգների նշանակումները կատարել ժամանակին: Այս պարագայում ՊՆԱԴ ախտորոշման շատ դեպքերում դեռ կարելի է որոշ խնդիրներ կարգավորել և վիճակը շտկել: ՊՆԱԴ-ը, սովորաբար, ախտորոշվում է հղիության երկրորդ-երրորդ եռամսյակում:
Պատճառները և նպաստող գործոնները
ՊՆԱԴ-ի պատճառները բաժանվում են մի քանի խմբերի:
Առաջինը մայրական պատճառն է, երբ նա ունի սոմատիկ ծանր հիվանդություններ (քրոնիկ հիպերտենզիա, հիպոտենզիա, շաքարային դիաբետ, երիկամների, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ժառանգական թրոմբոֆիլիա), կամ հոգեմետ դեղեր, նարկոտիկներ է ընդունում:
Երկրորդ տեղում ընկերք-արգանդային պատճառներն են, երբ խանգարված է ընկերք- արգանդային արյան շրջանառությունը:
Երրորդ խմբում ֆետալ գործոններն են՝ բազմապտուղ հղիություններ, վարակներ, քրոմոսոմային, գենետիկ հիվանդություններ:
Հաջորդ պատճառը սոցիալական գործոններն են՝ վատ կենցաղային պայմաններ, սթրեսները, մոր տարիքը՝ 16-ից փոքր և 40-ից մեծ, մոր մարմնակազմությունը (ցածրահասակ՝ մինչև1 մետր 48 սմ և ցածր քաշ):
Ինչպե՞ս է արտահայտվում
ՊՆԱԴ-ով ծնված երեխաների մոտ դիտվում է արյան մեջ ցածր շաքարի քանակ, ջերմակարգավորման խնդիրներ, արյան բարձր խտություն, դեղնություն, սեպսիս, կերակրումների անտանելիություն: Այդ պատճառով ՊՆԱԴ-ով ծնված երեխաներին պահանջվում է հատուկ բուժական մոտեցում:
Բուժումը
Բուժումն ախտանշանային է: Եթե երեխան ծնվել է ՊՆԱԴ-ով՝ 10 պերցենտիլից պակաս, կերակրումները պետք է սկսել քիչ քանակով և աստիճանաբար ավելացնել: 3 պերցենտիլից ցածր ցուցանիշի դեպքում անհրաժեշտ են ներերակային ներարկումներ, կերակրումը հետաձգվում է 2-3 օր, այնուհետև իրականացվում զգուշությամբ:
ՊՆԱԴ-ը ներարգանդային կյանքում հայտնաբերելիս՝ մանկաբարձ-գինեկոլոգները փնտրում են պատճառը և հնարավորին շուտ ախտանշանային բուժում նշանակում: Քանի որ սիմետրիկ ձևերի պատճառը գենետիկ հիվանդություններն են, այդ ուղղությումբ նույնպես կատարվում են հետազոտություններ:
Ասիմետրիկ ձևերի ժամանակ հետազոտվում են` պարզելու վարակների առկայությունը, կարգավորվում են արգանդ-ընկերքային շրջանառության խնդիրները:
Բարդությունները
Դեպքեր են լինում, երբ, չնայած մանկաբարձ-գինեկոլոգներըի ձեռնարկված միջամտություններին, պտղի աճը չի կարգավորվում: Նման դեպքերում առաջանում է վաղաժամ ծննդալուծման խնդիր: Ծննդաբերության կենսամեխանիզմն ընտրում է մանկաբարձ-գինեկոլոգը՝ ելնելով երեխայի և մոր շահերից:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»