2022 Հուլ 25, Երկուշաբթի
Հղիության ո՞ր ժամկետներին է բնորոշ անքնությունը
Հղիության ժամանակ անքնությունը երբեմն կարող է լինել ապագա մոր օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հետևանք: Առաջին եռամսյակում քնի խանգարումները հաճախադեպ են, ինչը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հաջորդ շաբաթվա ընթացքում հղիների մոտ քնի խանգարման ավելի ու ավելի շատ պատճառներ են հայտնվում:
Երկրորդ եռամսյակում հղի կանանց անքնությունը պայմանավորված է մեծացող որովայնով, որ յուրաքանչյուր շարժման համար ավելի շատ ջանք է անհրաժեշտ: Դժվարանում է նաև քնելու հարմարավետ դիրք գտնելը:
Որո՞նք են անքնության պատճառները:
Ֆիզիոլոգիական պատճառներն են՝ շնչարգելությունը, ցավը` ոտքերի և գոտկատեղի շրջանում, այրոցը, հաճախակի միզելու ցանկությունը, քանի որ չափերով մեծացած արգանդը ճնշում է միզապարկին:
Հոգեբանական պատճառներն են՝ նյարդային գերլարումը, մղձավանջները, քրոնիկ հոգնածությունը:
Ինչպե՞ս պայքարել անքնության դեմ:
Անհրաժեշտ է հրաժարվել ցերեկը քնելու սովորությունից: Ցանկալի է, որ հարազատներից որևէ մեկին (ամուսին, քույր, մեծ երեխա) հղին պատմի իր գիշերային մղձավանջների (երազներ, մտքեր) մասին: Դա կարող է հանգստացնել նրան:
Պետք է խուսափել գերլարումից, օրվա ընթացքում կուտակված հոգնածությունը կարող է խանգարել գիշերային հանգիստ քնին: Քնելուց առաջ պետք է չօգտագործել դժվարամարս սնունդ, երեկոյան պակասեցնել հեղուկի օգտագործումը: Օգնում է նաև քնելուց առաջ տաք ցնցուղ կամ լոգանք ընդունելը: Պետք է ստեղծել քնելու սովորություն. պառկել միշտ նույն ժամին, ցանկալի է մինչև երեկոյան ժամը 23:00-ը:
Ապագա մայրերի համար նախատեսված պարապմունքների հաճախող հղիներն ավելի քիչ են տառապում անքնությամբ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հաճախել հղիների համար նախատեսված ապագա մայրերի դպրոց, ֆիթնես ծրագրերի, հատուկ մարզումների:
Քնելուց առաջ լավ հանգստացնում է մեկժամյա զբոսանքը: Այլընտրանք է սենյակի օդափոխումը: Ծննդաբերությանը մոտ ժամանակահատվածում խորհուրդ չի տրվում քնել մեջքի վրա, քանի որ այդ դիրքում արգանդը ճնշում է ստորին երակին, որը վատացնում է սրտի, գլխուղեղի արյան շրջանառությունը: Հղի կնոջ մոտ դա կարող է առաջացնել գլխապտույտ, անգամ ուշաթափություն և պտղի հիպօքսիա:
Անքնությունից հղին դառնում է դյուրագրգիռ, ավելանում է սթրեսի գործոնը, ինչն իր հերթին խանգարում նորմալ քնին: Խորհուրդ է տրվում անկողնում շատացնել բարձերը, հարմար դիրք ընդունել:
Քաշի ավելացումը նույնպես կարող է անհանգստություն առաջացնել, ուստի պետք է հետևել հղիի քաշին:
Կարելի՞ է քնաբերներ օգտագործել հղիության ընթացքում:
Նույնիսկ այն դեպքում, երբ հղիության ընթացքում անքնությունն անհանգստություն է պատճառում, չի կարելի քնաբեր հաբեր օգտագործել: Եթե քնի և արթնության ռիթմն այնքան է խանգարվել, որ գիշերային քունը տևում է ընդամենը 4-5 ժամ, և դա շարունակվում է մեկ շաբաթից ավելի, անհապաղ պետք է խորհրդակցել մասնագետի հետ: Գինեկոլոգը պետք է պարզի ֆիզիոլոգիական պատճառները, թերապևտը՝ առողջական վիճակը, իսկ հոգեբանը կարող է խորհուրդ տալ հոգեբանական վիճակը լավացնող միջոցներ:
Երեխայի ծննդին նախապատրաստվելն աշխատանք է, որը պահանջում է զգալի ջանքեր, և այդ ծախսված ուժերը պետք է վերականգնվեն: Հմուտ մասնագետների կողմից համալիր միջոցառումներ կազմակերպելու դեպքում այդ ամենը հնարավոր է կարգավորել:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»