2022 Հուլ 11, Երկուշաբթի
Հղիության տարբեր զգացողությունների մեջ ինչպե՞ս պետք է հղին տարբերի ծննդաբերության կամ նրա մոտ լինելու նշանները:
Ապագա մայրիկները երազում են իմանալ, թե երբ է ծնվելու իրենց բալիկը: Ծննդաբերության օրը մոտավոր որոշվում է հղիության ժամկետն իմանալուց հետո:
Բայց դա միայն 20-30 տոկոսով է համապատասխանում իրական ժամկետին: Ծննդաբերությունները մեծավ մասամբ տեղի են ունենում 38-42 շաբաթականում: Դրանք կոչվում են ժամկետային ծննդաբերություններ:
Կան նշաններ, որոնք ապագա մայրերին կարծես թե նախազգուշացնում են մոտալուտ ծննդաբերության մասին: Դրանք ծննդաբերության նախանշաններն են:
Որո՞նք են այդ նշանները:
Այդ նշաններից են՝ ծննդաբերությունից մեկ կամ մի քանի շաբաթ առաջ սկսվող կեղծ կծկանքները, որովայնում արգանդի հատակի մակարդակի իջեցումը, կրծքագեղձերից կաթնարտադրությունը, կնոջ քաշի նվազումը և այլն: Ծննդաբերությանն ավելի մոտ նշաններն են լորձային խցանի անջատումը, իրական կծկումներն ու ցավերը, պտղաջրերի արտահոսքը:
Հղիությունը վարելու ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգը հղիին մանրամասն բացատրում է ծննդաբերության նշանների մասին, որպեսզի դրանք ավելորդ տագնապի պատճառ չդառնան:
Ինչո՞վ են տարբերվում կեղծ կծկանքներն իրական կծկումներից:
Կեղծ կծկանքներն ավելի շատ դիտվում են 38 շաբաթից հետո: Արգանդը մի քանի վայրկյան կամ րոպե քարանում է, կծկվում, հետո` թուլանում: Այդ կծկումները կարծես թե ծննդաբերությունից առաջ մարզում են արգանդը, ինչն ավելի հաճախ լինում է առաջնածինների մոտ: Կրկնածինների մոտ ոչ միշտ են արտահայտվում, կամ, պարզապես, փորձառությունից ելնելով, հղին դրանք անտեսում է:
Կեղծ կծկանքներն անկանոն են, անցավ, երկար ընդմիջումներով, որոնք գնալով չեն կարճանում: Իրական ծննդաբերական կծկումները ցավոտ են, կանոնավոր, ընդմիջումները գնալով կարճանում են, ցավն աստիճանաբար ուժեղանում է և ավելի երկար է տևում:
Ինչի՞ շնորհիվ է տեղի ունենում արգանդի հատակի մակարդակի իջեցումը:
Ծննդաբերության նախանշաններից է 2-3 շաբաթ առաջ որովայնի իջեցումը: Այդ ժամանակ պտուղը սեղմվում է և առաջադիր մասով՝ ավելի հաճախ գլխային առաջադրությամբ, սեղմում է արգանդի ստորին մասը և ձգում նրան դեպի ներքև: Արգանդի հատակն իջնում է:
Դրա հետևանքով որոշ չափով բարելավվում է հղի կնոջ ինքնազգացողությունը, նա իրեն ավելի թեթև է զգում, հեշտանում է շնչառությունը, պակասում են ստամոքսի այրոցները: Բայց արգանդի հատակի իջեցումից թեթևությունը լինում է միայն մարմնի վերին մասում, իսկ ներքևում՝ աճուկների շրջանում կինը նախկինից ավելի շատ է զգում ծանրության զգացումը, դժվարանում է նստել, քայլել: Սեղմվում է նաև միզապարկը, և կնոջ մոտ սկսվում է հաճախամիզություն: Այն ցիստիտից տարբերվում է, քանի որ անցավ է, մեզի գույնը փոխված չէ, տհաճ հոտ չունի:
Կրկնածինների մոտ որովայնը կարող է իջնել անմիջապես ծննդաբերությունից առաջ, որովհետև նրանց մոտ արգանդի պատերի տոնուսն արդեն փոխված է:
Ի՞նչ նշանակություն ունի լորձային խցանը և ե՞րբ է այն անջատվում:
Արգանդի պարանոցում առկա գեղձերը հղիության ընթացքում դոնդողանման լորձ են արտադրում, որը պինդ կազմություն ունի և, փակելով արգանդի պարանոցը, արգելք է դառնում մանրէների ներթափանցմանն արգանդի խոռոչ:
Երբ ծննդաբերությունից անմիջապես կամ 1-2 օր առաջ էսթրոգենների ազդեցությամբ արգանդի պարանոցը փափկում է, և խողովակը փոքր ինչ բացվում է՝ խցանը դուրս է գալիս: Հղին նշում է սեռական ուղիներից գնդի նմանությամբ լորձային արտադրություն:
Խցանի գույնից (սպիտակ, դեղնավուն, շագանակագույն, կարմիր) ևս հնարավոր է պարզել, թե ե՞րբ կարող է սկսվել ծննդաբերությունը: Եթե այն սպիտակ է, ուրեմն ծննդաբերության գործընթացը կսկսի մի քանի օր անց, եթե կարմրավուն է՝ արյան հետքերով, կսկսի մոտակա ժամերի ընթացքում: Այդ նշանը խոսում է արգանդի պարանոցի բացման մասին:
Ինչո՞ւ է ծննդաբերությունից առաջ նվազում կնոջ քաշը:
Կնոջ մոտ ծննդաբերությունից մոտավորապես 2 շաբաթ առաջ քաշի անկում է նկատվում, պակասում են այտուցները. կինը նշում է, որ մատանիներն ավելի հեշտ է հանում, կոշիկները հեշտ է հագնում: Մարմնի քաշն իջնում է մոտավորապես 0.5-2 կգ, սակայն` ոչ բոլորի մոտ: Դա օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացման հետևանք է: Եթե հղիության ժամանակ պրոգեստերոնի ազդեցությամբ հեղուկ է կուտակվում հղիի մարմնում, ապա ծննդաբերությունից առաջ՝ 37 շաբաթականից, պրոգեստերոնի (հղիության հորմոնի) ազդեցությունը պակասում է, իսկ էսթրոգեններինն` ավելանում, և դա նպաստում է հեղուկի հեռացմանը կնոջ օրգանիզմից:
Խոսենք նաև մյուս նշանների մասին…
Հղիների մեծամասնության մոտ լինում է նաև աղիների գործունեության ակտիվացում. աղիներն ավելի հաճախ են գործում, կղանքն ավելի ջրիկ է դառնում:
Բայց դա պետք է չանհանգստացնի, եթե չկա սրտխառնոց, փսխում, կղանքի գույնի, հոտի փոփոխություն: Այդ կերպ ևս օրգանիզմը պատրաստվում է ծննդաբերությանը՝ դատարկում է աղիները, որ չխանգարեն ծննդաբերական կծկումներին:
Կրծքագեղձերը ծննդաբերությունից մոտավորապես 2 շաբաթ առաջ սկսում են որոշ քանակի կաթ արտադրել: Ամբղջ հղիության ընթացքում կրծքագեղձերը լինում են այտուցված, ցավոտ, զգայուն, բայց այդ ժամանակ առավել այտուցվում են, դառնում ավելի զգայուն:
Ծննդաբերությունից առաջ փոխվում է նաև երեխայի ակտիվությունը, շարժումները դառնում են ավելի պասիվ, քանի որ մեծ է և դիրքի փոխոխման պատճառով արգանդում այլևս շատ տեղ չունի շարժվելու: Շատ քիչ դեպքերում են կանայք մինչև վերջ նշում պտղի ակտիվ խաղը: Ամեն դեպքում, պետք է ուշադիր լինել, և եթե 2 ժամից ավելի լիովին բացակայում են պտղի շարժումները, պետք է անմիջապես դիմել բժշկի, և եթե անհրաժեշտություն կա՝ հետազոտվել. դա կարող է պտղի մոտ խնդիրների առաջացման հետևանք լինել (հիպօքսիա և այլն):
Կնոջ մոտ կարող է լինել նաև տրամադրության անկում: Որքան մոտենում է ծննդաբերության ժամանակը, այնքան հղին անհամբեր է դառնում:
Հղին նաև նշում է թուլություն, հոգնածություն, ախորժակի վատացում, քնկոտություն: Դա ևս օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է, քանի որ ծննդաբերության ժամանակ կնոջից բավականին ուժ է պահանջվում, և նա այդ կերպ՝ շատ քնելով, հանգստանալով, ասես, խնայում է իր ուժերը, որ դրանք ճիշտ օգտագործվեն ծննդաբերության ժամանակ:
Ինչպե՞ս են արտահայտվում ծննդաբերությունից անմիջապես առաջ սկսվող նշանները:
Ծնդաբերությունից անմիջապես առաջ արդեն սկսվում են իրական կծկումները և ցավերը՝ կարճատև ընդմիջումներով: Կնոջ մոտ արտահոսում են պտղաջրերը, որի ժամանակ պետք է հրատապ ծննդատուն դիմել՝ վերցնելով անհրաժեշտ փաստաթղթերը, կնոջ և փոքրիկի պայուսակները՝ անհրաժեշտ պարագաներով:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»