2022 Օգս 03, Չորեքշաբթի
Երեխայի լույս աշխարհ գալն առանձնահատուկ իրադարձություն է, որին հարկ է պատրաստվել ո՛չ միայն հոգեբանորեն…
Անպայման անհրաժեշտ է մինչև ծննդաբերությունը պատրաստվել, հավաքել անհրաժեշտ իրերով, պարագաներով պայուսակներ մոր և մանկան համար:
Պատրաստվել պետք է սկսել հղիության 31-32 շաբաթականից: Մի փոքր վաղ սկսելու պատճառն այն է, որ նախապես, մեծ ճշգրտությամբ դժվար է կանխատեսել հնարավոր անակնկալները՝ կապված ծննդաբերության ժամկետի հետ: Քանի որ երբեմն՝ տարբեր պատճառներով, այդ ժամկետներում կարող է վաղաժամ ծննդաբերություն լինել: Վաղաժամ ծննդաբերություն համարվում է երեխայի ծնունդը հղիության 22 -37 շաբաթների ընթացքում:
Հղին ինչպե՞ս է տեղեկանում, թե ի՞նչ պարագաներ են անհրաժեշտ ծննդատուն գնալիս:
Հղին նախապես ծանոթանում է տվյալ ծննդատանն ընդունված անհրաժեշտ պարագաների ցանկին: Յուրաքանչյուր ծննդատան ցուցակ կարող է տարբեր լինել, քանի որ ծննդատները երբեմն որոշակի պարագաներ իրենք են հատկացնում հղիներին:
Բայց, հավանաբար, ցուցակներն միմյանցից այնքան էլ չեն տարբերվում: Ո՞րն է անհրաժեշտ պարագաների հիմնական ցանկը:
Նախ, սկսենք պայուսակներից: Նախկինում հղիները վերցնում էին սպորտային պայուսակ, ճամպրուկ, բայց ավելի ընդունելի են պոլիէթիլենային թափանցիկ, լավ փակվող պայուսակները, որովհետև դրանք ավելի հեշտ են մաքրվում: Իսկ սպորտային պայուսակը կամ ճամպրուկը հիմնականում շատ անգամներ օգտագործված են լինում, ճամփորդությունների ժամանակ երկրե-երկիր անցած, իրենց «պատմությամբ», և դժվար է դրանք անհրաժեշտ մաքրության վիճակի բերել, ինչը կարող է վարակի տարածման աղբյուր լինել:
Պայուսակները ցանկալի է դնել տան երևացող տեղում՝ աչքի առաջ, որպեսզի հեշտ լինի քիչ-քիչ անհրաժեշտ իրերն ավելացնել այնտեղ և պետք եղած ժամանակ խուճապի չմատնվել:
Անհրաժեշտ իրերը պետք է տեղավորել՝ առանձնացնելով պարագաներ մայրիկի, երեխայի և դուրս գրման համար:
Մայրիկը պետք է պատրաստի նաև անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք պետք է դրվեն առանձին թղթապանակի մեջ: Փաստաթղթերի մեջ կարևոր են անձնագիրը, սոցիալական քարտը, փոխանակման քարտը, ուղեգիրը (եթե այն կա` կանանց կոնսուկտացիայից, կամ որևէ բուժհաստատությունից), առկա հետազոտությունների տվյալները, էպիկրիզները, նեղ մասնագետների եզրակացությունները, որոնք կօգնեն մանկաբարձին՝ կնոջ առողջական վիճակը ճիշտ գնահատելու համար:
Անհրաժեշտ է ունենալ ամուսնության վկայականը՝ երեխայի գրանցումն իրականացնելու համար: Կան ծննդատներ, որտեղ ծննդյան վկայականը ծնողները ստանում են ծննդատնից՝ ԶԱԳՍ-ի աշխատակցի կողմից:
Որո՞նք են կնոջն անհրաժեշտ պարագաները:
Մայրիկի պարագաներով պայուսակները կարելի է բաժանել երկու մասի՝ նախածննդաբերական և ծննդաբերական: Նախածննդաբերական պայուսակում պետք է լինեն ծնարանում անհրաժեշտ իրերը՝անկողնային սպիտակեղեն, գիշերանոց, խալաթ, կիսագուլպաներ, հեշտ լվացվող, ռեզինից կամ պլաստիկից հողաթափեր, տակդիրներ, երեխայի համար 1-2 փամփերս: Մոր համար անհրաժեշտ է նաև շշով ջուր, հեռախոս, որը հիմնականում անջատված է պահվում, բայց կարող է նաև հրատապ պետք լինել՝ հարազատների հետ կապվելու համար:
Ի՞նչ են ներառում հետծննդաբերական պայուսակները:
Մայրիկի և բալիկի հետծննդաբերական պայուսակները պետք են, երբ կինը տեղափոխվում է հետծննդաբերական բաժին. դրանք հարազատները կարող են բերել այն ժամանակ, երբ կինն արդեն հիվանդասենյակում է: Այդ պարագաների ներառում են՝ 20-30 հետծննդյան բամբակյա տակդիրներ, հետծննդյան ներքնազգեստ՝ բամբակյա, հարմարավետ, հեշտ կոճկվող, կարելի է ունենալ միանգամյա օգտագործման վարտիքներ, կերակրման համար հեշտ բացվող կրծկալներ, հատուկ տակդիրներ՝ պտուկը պաշտպանելու համար:
Երբեմն, որոշ պատճառներով, մայրը չի կերակրում երեխային (երեխայի խորը անհասություն և այլն) կամ մոր կաթը շատ է լինում: Նման դեպքերում, որպեսզի կաթը չկուտակվի, այն դատարկվում է: Դրա համար անհրաժեշտ է կթիչ: Կարելի է ունենալ նաև հատուկ քսուքներ` կրծքի խնամքի համար, որովհետև առաջին օրերին հաճախ առաջանում են պտուկների ճաքեր: Նման քսուքները չունեն հոտ, համ, անվտանգ են մանկան համար և օժտված են փափկացնող, բուժիչ հատկություններով: Անհրաժեշտ է ունենալ հարմարավետ երկու գիշերանոց, խալաթ, ատամի մածուկ, խոզանակ, մարմնի, ձեռքի օճառներ, 2-3 սրբիչ (դեմքի, լոգանքի և այլն): Անհրաժեշտ են նաև թաց անձեռոցիկներ:
Եթե կնոջ մոտ առկա են երակների լայնացում, արյան մակարդելիության խնդիրներ՝ անհրաժեշտ են նաև կոմպրեսիոն գուլպաներ:
Երեխայի համար պետք է ունենալ հիգիենայի պարագաներ՝ թաց անձեռոցիկներ, տակդիրներ, մաշկի քսուքներ, օճառ, ծծակ, կաթի շիշ, մանկական կաթնային խառնուրդ (եթե կրծքի կաթը չի բավականացնում), եթե մանկաբույժի խորհրդով նշանակվում է մանկական սնունդ: Անհրաժեշտ են նաև երկուական շապիկ և տոտիկ, փամփերսներ, բամբակյա տակաշոր՝ կերակրելիս երեխային վրան դնելու համար, գլխարկ՝ ըստ սեզոնի:
Ամբողջ հագուստը պետք է լինի հիգիենիկ, բամբակյա, մաքուր լվացված:
Դուրսգրման պայուսակը կարելի է ծննդատուն բերել վերջին օրը: Այդ իրերի ցանկում են՝ դուրսգրման հագուստներ մայրիկի, երեխայի համար, դիմահարդարման պարագաներ և այլն:
Ի՞նչ պատրաստություն է պետք տանը:
Տանը երեխան պետք է ունենա իր անկյունը: Այդ անկյունը պետք է օդափոխվի, հաճախակի կատարվի հատակի խոնավ մաքրում:
Երեխայի անկողինը պետք է շատ բարձեր չպարունակի, որոնք փոշի են հավաքում: Անկողինն ամեն օր պետք է փոխել, լվանալ, արդուկել:
Ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում ծննդատանը, եթե կինն իր հետ չունի բոլոր անհրաժեշտ պարագաները:
Եթե կինը ծննդատուն է ընդունվում անպատրաստ վիճակում, անհրաժեշտ պարագաները տրամադրում է ծննդատունը՝ սպիտակեղեն, փամփերսներ, տակդիրներ, գիշերանոց և այլն: Բայց ներկայում մայրերը հիմնականում իրենց ընտրությամբ են ցանկանում ունենալ իրենց և երեխային անհրաժեշտ հագուստն ու պարագաները: Նրանց համար հաճելի գործընթաց է նախապես այդ ամենը գնելը և պատրաստելը:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»