«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հագուստը հղիության ընթացքում. մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյան

Հագուստը հղիության ընթացքում. մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյան

2022 Օգս 17, Չորեքշաբթի

Ինչպիսի՞ն պետք է լինի հագուստը հղիության ընթացքում։
Հղիությունը յուրահատուկ ժամանակահատված է ցանկացած կնոջ կյանքում: Հղին պետք է կրի հարմարավետ, եղանակին համապատասխանող հագուստ՝ չմոռանալով, որ այն կարող է լինել գեղեցիկ, պարզ և ժամանակակից: Այժմ կան հղիների համար նախատեսված հատուկ մասնագիտացված խանութներ, որտեղ հնարավոր է գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հղիին։

Հղի կնոջ հագուստը պետք է լինի բնական կտորից, որպեսզի ամռանը շոգ չլինի, իսկ ձմռանը չսառեցնի: Արտաքին հագուստը պետք է լինի ազատ, չսեղմող հատկապես չորրորդ, հինգերորդ ամիսներից հետո, երբ հղիի մարմնի ընդհանուր ծավալն ավելանում է, որովայնի չափերը՝ մեծանում:

Ինչպիսի՞ն են պահանջները կոշիկների նկատմամբ։
Խիստ կարևոր է կոշիկի ճիշտ ընտրությունը: Այն պետք է լինի ազատ, թեթև, հարմարավետ, մինչև 3 սմ ամուր, հաստ կրունկով և անպայման բնական նյութից:

Բարձր կրունկը հարմարավետ չէ։ Դրա հետևանքով մարմնի առանցքը կարող է ենթարկվել փոփոխության, տեղաշարժման, որը կբերի ստորին վերջույթների, ողնաշարի, գոտկային մկանների գերլարվածության:

Նեղ կոշիկը կարող է պատճառ դառնալ ոտնաթաթի սեղմվածության, ինչը կարող է նպաստել այտուցների առաջացման, անոթների վնասման, իսկ հակում ունենալու դեպքում՝ որոշակի չափով նաև վարիկոզի առաջացման:

Հղիության ընթացքին զուգահեռ, երբ որովայնի չափերը ևս մեծանում են, հղիի համար դժվար է դառնում կռանալն ու կոշիկները կոճկելը, ուստի, հատկապես հղիության վերջին ամիսներին նախընտրելի է, որ կոշիկները լինեն առանց թելակապերի, ազատ, հեշտ հագնվող և հեշտ հանվող, հարմարավետ, օրինակ, այդպիսին են մարզական կոշիկների որոշ տեսակներ, որոնք բավականին թեթև են։

Հղիի համար ճիշտ չէ նաև լրիվ տափակ կոշիկներ հագնելը, որովհետև ողնաշարը երկու կորություն ունի, և տափակ կրունկները կարող են ամբողջ ողնաշարում՝ վերևից ներքև, առավելապես գոտկային հատվածում, մկանային մեծ լարվածություն առաջացնել, թեքել՝ խախտելով բնական կորությունները և առաջացնելով մարմնի առանցքի փոփոխություն: Դա հատկապես հնարավոր է դառնում հղիության վերջին ժամկետներում, երբ որովայնի չափերը բավականին մեծանում են: Կոշիկը պետք է նաև ապահով լինի ձմռանը, չսահի:

Դա կարևոր է նաև այն պատճառով, որ հղիության վերջին ժամկետներում հաճախ հնարավոր է, որ հավասարակշռության խախտում դիտվի, իսկ անկայուն, անհարմար կրունկներով ընկնելու հավանականությունն ավելի բարձր է: Անհարմար կոշիկները նաև ոտնաթաթի այտուց կարող են առաջացնել:

Մեծ ուշադրություն պետք է դարձնել զուգագուլպաներին, հատկապես ձմռանը. դրանք չպետք է շատ սեղմեն ոտքերը, որովայնը՝ բացառելու համար ոտքերի անոթների ճնշումը, արյան շրջանառության խանգարումները:

Ինչպիսի՞ն պետք է լինեն կրծկալը, ներքնազգեստը։
Շատ կարևոր է կրծկալի ընտրությունը: Պետք է ուշադրություն դարձնել այն
հանգամանքին, որ կրծկալի գոտին լինի լայն՝ ուսային լայն լարերով, որպեսզի չսեղմի և չվնասի մաշկը: Այն պետք է ընտրել կրծքերի չափերով: Կրծկալ կրելն օգնում է, որ կրծքագեղձերը հարմարավետ վիճակում լինեն:

Հղիության վերջին փուլերում՝ ծննդաբերությանը մոտ ժամկետում, կրծքագեղձերը նախապատրաստվում են կրծքով կերակրմանը. դրանք մի փոքր մեծանում են չափերով: Եվ բնական է, որ կրծկալը միշտ պետք է համապատասխանեցվի նրանց չափերին, նույնիսկ մի փոքր ավելի մեծ լինի:

Հղիության վերջին ժամկետներում, երբ կրծքագեղձերն ավելի մեծ են, պետք է կրծկալը լինի փափուկ, առանց երկաթյա մասերի: Գիշերը անհարմարություններից խուսափելու համար երբեմն կարելի է կրծկալը հանել:

Պետք է հիշել, որ հղիության ցանկացած ժամկետում ավելի հաճախ՝ վերջին շրջանում, կրծքագեղձերից լինում է կաթնախեժի արտադրություն: Պետք չէ դրանից վախենալ, բայց և այդ վիճակը ուշադրություն է պահանջում։ Անհրաժեշտ է մշակել պտուկները, կրծքագեղձերը, որպեսզի խեժը չմնա, չչորանա, վարակում և այլ խնդիրներ չառաջացնի: Ներքնազգեստը, վարտիքները, պետք է լինեն բնական կտորներից, ազատ, չսեղմեն և չճնշեն որովայնը: Պետք է ուշադիր լինել նաև անձնական հիգիենայի առումով․ ներքնազգեստը փոխել օրը 1-2 անգամ, որպեսզի որևէ վարակ չզարգանա:

Կարելի՞ է հղիության ընթացքում տաբատ կրել։
Կարելի է, եթե այն ճիշտ է ընտրված: Այստեղ էլ պահանջները նույնն են, ինչ զուգագուլպաների, ներքնազգեստի նկատմամբ: Տաբատը պետք է լինի համապատասխան չափի, հարմար և չսեղմող: Այժմ կան հղիների համար նախատեսված տաբատներ, որոնք որովայնի հատվածում ունեն հատուկ էլաստիկ ռեզիններ, որոնք ազատ են, թույլ և հղիության ժամկետի մեծացմանը զուգահեռ ձգվում են և սեղմող, ճնշող որևէ ազդեցություն չեն թողնում: Տաբատը ևս պետք է լինի բնական նյութից, որպեսզի մաշկը ազատ շնչի, և խնդիրներ չառաջանան:

Ի՞նչ պետք է ձեռնարկել, եթե սխալ հագուստ և կոշիկ կրելու հետևանքով, այնուամենայնիվ, ի հայտ են եկել լայնացած անոթներ, այտուց:
Եթե կան լայնացած անոթներ, անպայման պետք է դիմել մասնագետի, անոթային բժշկի: Համապատասխան հետազոտություններից հետո, եթե նշանակվում է համապատասխան զուգագուլպաների կրում, կանխարգելիչ և բուժական զուգագուլպաներ, դրանք պետք է կրել առավոտյան, հագնել ոտքերը չկախած վիճակում և ամբողջ օրվա ընթացքում մնալ դրանցով: Իսկ գիշերը պետք է հանել:

Որպեսզի որովայնը չկախվի,  պետք է կրել բժշկի նշանակած բժշկական գոտիները, եթե ցուցում կա: Այդ ցուցումը վերաբերվում է հղիության որոշակի տիպերի, երբ որովայնի շրջագիծն ավելի մեծ է. դրանք բազմապտուղ հղիություններն են, գերջրությունը, կամ երբ կա որովայնի առաջային պատի թուլություն, ձգվածություն:

Ձեր խորհուրդը հղի կանանց։
Ապագա մայրիկը միշտ պետք է հիշի, որ հղիությունը կնոջ ամենագեղեցիկ շրջաններից մեկն է, և նա պետք է լինի հարմարավետ հագուստով՝ իհարկե չմոռանա գրավչության ու կանացիության մասին:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը