«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան

Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան

2022 Սեպ 26, Երկուշաբթի

Ո՞ր դեպքում է դրվում Անոմալ արգանդային արյունահոսություն ախտորոշումը։
Անոմալ արգանդային արյունահոսություն (ԱԱԱ) ախտորոշվում է այն դեպքում, երբ կնոջ մոտ առկա են երկարատև (7 օրից ավելի), մեծ արյան կորստով (80 մլ-ից ավելի) և հաճախակի (24 օրից կարճ միջդաշտանային շրջանի կամ 90 օրում արյունահոսության չորսից ավելի դրվագների դեպքում) արյունահոսություններ:

Որո՞նք են ԱԱԱ պատճառները։
Վերարտադրողական՝ ռեպրոդուկտիվ տարիքի ոչ հղի կնոջ մոտ ԱԱԱ պատճառները համախմբվում են PALM-COEIN (թարգմ. ափ և մետաղադրամ) համակարգով, որի միջոցով ԱԱԱ-ների պատճառները դասակարգվում են ըստ բնույթի և էթիոլոգիայի. պոլիպ, ադենոմիոզ, լեյոմիոմա, մալիգնիզացիա և հիպերպլազիա, կոագուլոպաթիա, օվուլյատոր դիսֆունկցիա, էնդոմետրիալ, յաթրոգեն, դեռևս չդասակարգված:

Առաջին չորս պատճառները համախմբվում են PALM խմբի մեջ և արտացոլում են ԱԱԱ-երի օրգանական և կառուցվածքային պատճառները, որոնք հնարավոր է գնահատել վիզուալիզացիայի և հիստոլոգիական քննության մեթոդներով: Մյուս հնարավոր էթիոլոգիկ գործոնները ոչ օրգանական են և համախմբվում են COEIN խմբի մեջ:

Արյունահոսությունների ինչպիսի՞ տեսակներ են տարբերում։
ԱԱԱ կարող են դրսևորվել հաճախակի, առատ և երկարատև դաշտաններով: Դրանք կոչվում են ծանր դաշտանային արյունահոսություններ (heavy menstrual bleeding), որոնք նախկինում կոչվում էին մենորագիա: Դրանց հաճախակի հանդիպող պատճառներն են ադենոմիոզը, սուբմուկոզ միոման, կոագուլոպաթիաները:

Կանոնավոր դաշտանային ցիկլերի միջդաշտանային շրջանում առաջացած ԱԱԱ-ները (intermenstrual bleeding), որոնք նախկինում կոչվում էին մետրոռագիա, առավել բնորոշ են էնդոմետրիումի պոլիպին և հիպերպլազիային:

ԱԱԱ-ները կարող են դրսևորվել ոչ կանոնավոր երկարատև և առատ արյունահոսություններով, որոնք առաջանում են դաշտանի ուշացման ֆոնին (նախկինում կոչվում էին մենոմետրոռագիա): Դրանք առավել բնորոշ են էնդոմետրիումի հիպերպլազիային, էնդոմետրիումի նախաքաղցկեղային վիճակներին և էնդոմետրիումի քաղցկեղին:

Կլինիկորեն ԱԱԱ-ները բաժանվում են երկու խմբի՝ սուր և քրոնիկ:
Սուր ԱԱԱ-ն առատ արյունահոսության էպիզոդ է, որը պահանջում է անհապաղ միջամտություն՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով: Քրոնիկ ԱԱԱ-ն արգանդային արյունահոսություն է՝ անոմալ ծավալով, տևողությամբ և հաճախականությամբ, որը դիտվում է վերջին վեց և ավելի ամիսների ընթացքում:

Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ արյունահոսությունների պատճառը և տեսակը պարզելու նպատակով։

Կնոջ հետազոտումն սկսվում է անամնեստիկ տվյալների մանրամասն հավաքագրումով, գինեկոլոգիական զննումով և կլինիկական հետազոտություններով:

Պետք է կատարվեն հետևյալ լաբորատոր հետազոտությունները՝ ԽԳ մակարդակի որոշում արյան մեջ (հղիությունը բացառելու նպատակով), արյան ընդհանուր հետազոտություն (անեմիան բացառելու նպատակով), կոագուլոգրամմա (հեմոստազի խանգարումների կասկածի դեպքում անհրաժեշտ է արյունաբանի խորհրդատվություն), հորմոնալ հետազոտություններ:

Առաջին շարքի ախտորոշիչ գործիքային մեթոդ է համարվում փոքր կոնքի օրգանների ՈԻՁՀ-ն:

Պետք է նաև բացառել արգանդի պարանոցի հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել արյունային արտադրություն սեռական ուղիներից:

Ինչպե՞ս են բուժվում արյունահոսությունները։
Բուժման մարտավարությունը որոշելու համար պետք է առաջին հերթին պարզել ԱԱԱ պատճառը: Բուժումը պետք է ազդի պաթոգենետիկ օղակի վրա:

Էնդոմետրիումի պոլիպի և սուբմուկոզ միոմայի դեպքում պետք է կատարվի հիստերոռեզեկտոսկոպիա: Ռեցիդիվող ԱԱԱ-ների և նախորդող ոչ արդյունավետ հորմոնալ բուժումների և քիչ ինվազիվ բուժման մեթոդների անարդյունավետության դեպքում ցուցված է հիստերէկտոմիա:

ԱԱԱ-ների դեպքում, որոնց պատճառները օրգանական չեն, ցուցված է դեղորայքային բուժում:

Ադենոմիոզով պայմանավորված ԱԱԱ-ների դեպքում 80-97 % արդյունավետություն է դիտվում հորմոնալ ՆԱՊ-երի (Միրենա) տեղադրումից հետո:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը