2022 Դեկ 06, Երեքշաբթի
2022 թ.դեկտեմբերի 3-ին Երևանում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և «Մոր և մանկան առողջության հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպվել էր «Այցը բժշկին՝ կնոջ առողջության գրավական» թեմայով դասընթաց:
Դասընթացը նվիրված էր մանկաբարձա-գինեկոլոգիական կարևորագույն խնդիրներին:
Կնոջ կյանքի ցանկացած շրջան ունի իր առանձնահատկությունները՝ կապված հիվանդությունների և դրանց կանխարգելման հետ, և չափազանց կարևոր է ժամանակին նրա այցը բժշկին, ինչը կնպաստի խնդիրների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և բուժմանը:
Դասընթացի ընթացքում հատկապես շեշտվում էր այն միտքը, որ անհրաժեշտ է ո՛չ միայն բժշկել զարգացած հիվանդությունները, այլև կանխարգելել դրանք։
Դասընթացին մասնակցում էին առաջին օղակի՝ ամբուլատոր և հիվանդանոցային մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքների բժիշկներ և հարակից մասնագետներ:
Ներկայացնում ենք կազմակերպիչների և մասնակիցների հետ մեր զրույցը:
Գիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը:
Դասընթացի թեմայի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեցող որոշ հիվանդություններ հնարավոր է կանխարգելել, ժամանակին հայտնաբերել և բուժել:Ահա թե ինչու շատ կարևոր է, որ կանայք գնահատեն բժշկին այցելելու նշանակությունը: Ընդ որում, կարևոր չէ, թե ինչ տարիքում է կինը՝ դեռահաս, երիտասարդ, վերարտադրողական, թե դաշտանադադարային։
Դեռահասային տարիքի կամ մինչամուսնական շրջանի հետ կապված, հասարակության մեջ սխալ վերաբերմունք է ձևավորված: Մինչև ամուսնությունը, սովորաբար, խուսափում են գինեկոլոգի դիմել, այն դեպքում, երբ այդ տարիքում հաճախ են տարբեր խնդիրներ լինում՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, զարգացման արատներ և այլն: Բժշկի խնդիրն է ո՛չ միայն ախտորոշել, բուժել հիվանդությունը, այլև բացատրել, թե ինչու պետք է հետևել դաշտանային ցիկլին, ինչո՞ւ և ինչպե՞ս կանոնավորել այն, վերարտադրողական տարիքում հղիության հետ կապված ի՞նչ խնդիրներ լուծել նախապես, ինչպես պլանավորել այն, իսկ հղիության դեպքում, ինչ սքրինինգային հետազոտություններ իրականացնել և այլն։
Դասըթացի շրջանակում ներկայացվեց զեկուցում` նվիրված հղիության ժամանակ միզային համակարգի հիվանդություններին, խոսվեց վերարտադրողական տարիքում էնդոմետրիոզի մասին, որը, դժբախտաբար, ուշ է ախտորոշվում՝ դառնալով հետագա բարդությունների պատճառ։ Ներկայացվեցին արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղված հետազոտությունների՝ ՊԱՊ-թեսթի և մարդու պապիլոմավիրուսի թեսթի վերաբերյալ կարևոր զեկուցումներ։ Քննարկվեցին մեթոդի արդյունավետության վրա ազդող գործոնները, թեսթերի ճիշտ իրականացման սկզբունքները և ստացված արդյունքների վերլուծման առանձահատկությունները։ Ներկայացվեցին հետազոտման այս երկու մեթոդների օգտագործման ներկա մոտեցումները։
Զեկույցներ եղան նաև առաջնային օղակի բժշկին կանանց դիմելու հիմնական պատճառների՝ հեշտոցաբորբերի և ցերվիցիտների վերաբերյալ։
Կրկին անգամ շեշտվեց վիտամին Դ-ի, կալցիումի նշանակությունը կնոջ դաշտանադադարային տարիքում, ներկայացվեցին դեռահասային վերարտադրողական և դաշտանադադարի տարիքում անոմալ արգանդային արյունահոսությունների ախտորոշման և բուժման հարցերը, հետդաշտանադադարային տարիքի կանանց մեզասեռային ախտանիշների խնդիրները, երբ մեծ նշանակություն ունի կնոջ ճիշտ վարումը, նրա առողջ երկարակեցության ապահովումը:
Խոսվեց նաև նախածննդյան սքրինինգի նոր մեթոդների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեծ ճշգրտությմաբ իրականացնել հետազոտությունը և ստանալ հավաստի տվյալներ։ Ներկայում հնարավոր է արյան հետազոտմամբ ստանալ ավելի շատ հարցերի պատասխաններ։ Այս մեթոդը ներդրվել ու կիրառվում է Հայաստանում:
Նորայր Ղուկասյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. «Էրեբունի» ծննդատան փոխտնօրեն
Բժշկագիտությունը միայն առօրյա աշխատանքը չէ, և յուրաքանչյուր գիտաժողով, դասախոսություն կամ հանդիպում իր կարևորությունն ունի, որովհետև դրանց շնորհիվ բժիշկը հնարավորություն է ստանում որևէ նոր բան սովորելու: Իմ զեկույցը նվիրված էր ժամանակակից մի խնդրի, որը կոչվում է վուլվովագինալ ատրոֆիա: Վուլվովագինալ ատրոֆիաները տարիքային փոփոխությունների հետ կապված խնդիրներ են, որոնք կնոջ մոտ լինում են դաշտանադադարի շրջանում: Առաջին հայացքից դրանք թվացյալ փոքր խնդիրներ են, բայց,իրականում,բավականին լուրջ են և լի են կյանքի որակը փոխող ախտանշաններով:
Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս խնդիրը բուժելի է, կարելի է զբաղվել դրանով,և այսօր, ժամանակակից բժշկության վերջին 30 տարիների ընթացքում, այն առավել արդիական է դարձել:Անհիմն է այն վախը, թե կինը դաշտանադադարի շրջանում անպայման խնդիրներ կունենա: Կյանքի յուրաքանչյուր էտապ իր գեղեցկությունն ունի, և այն պետք է ճիշտ ընկալել, ճիշտ բուժվել և ճիշտ ապրել:
Իննա Պերսոյան, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բ.գ.թ., Բեգլարյան ԲԿ, Հակատարիքային գինեկոլոգիայի ծառայության ղեկավար
Այս դասընթացները կարևոր են, քանի որ տարբեր մասնագիտության բժիշկներ հավաքվում ու համատեղ քննարկում ենք կնոջ առողջության վերաբերյալ հուզող խնդիրները:Դա մուլտիդիսցիպլինար խնդիր է, քանի որ կնոջ համար կարևոր է ո՛չ միայն գինեկոլոգիական խնդիրը, այլ նաև առկա տարբեր հիվանդությունները:
Իմ զեկուցման թեման վերաբերում էր կնոջ առողջության և երկարակեցության հարցերում գինեկոլոգի դերին:
Նախկինում՝ անցյալ դարերում, կանայք անգամ մինչև դաշտանադադար չէին ապրում: Իսկ այսօր կնոջ կյանքի միջին տևողությունը կտրուկ աճել է՝ մինչև 75-80 տարի, և դեռ 21-րդ դարի կեսին սպասվում է աճ`մինչև 100-120 տարի, այսինքն, կյանքի 1/3-ը կինն անց է կացնում դաշտանադադարի վիճակում՝ էստրոգենների(իգական սեռական հորմոն) պակասի շրջանում:
Էստրոգենները ո՛չ միայն երիտասարդություն, գեղեցկություն, երեխայի ծնունդը նպաստող հորմոն է, այլ նաև կնոջ պաշտպանիչ գործոն է: Կնոջ բոլոր օրգան-համակարգերում կան էստրոգենների ռեցեպտորներ, և երբ ձվարանների գործունեության նվազման արդյունքում էստրոգենը պակասում է, ամբողջ օրգանիզմում դիտվում են տարբեր խանգարումներ: Օրինակ, ոսկրերում կալցիումի քանակն, երբ սկսում է պակասել, կարող է զարգանալ օստեոպորոզ, արդյունքում՝ կոտրվածքներ, հաշմանդամություն, կյանքի որակի վատացում: Եվ մեզ համար կարևորը ոչ միայն կնոջ երկարակեցությունն է, այլ նաև՝ առողջ կյանքը:
Մեր նպատակը կնոջ հակատարիքային, կանխարգելիչ առողջությունը պահպանող բժշկությունն է:Այդ պատճառով բժշկության մոտեցումները լիովին պետք է փոխվեն, այն պետք է դառնա 4Պ բժշկություն(պրեդիկտիվ՝ կանխատեսող /գենետիկ հետազոտություններ և այլն), կանխարգելող, անհատականացված և պացիենտով պայմանավորված(երբ պացիենտը տեղեկացված է և մասնակցում է գործընթացին):
Տարիքով պայմանավորված հիվանդությունները շատ են, դրանցից են, օրինակ, կնոջ մահացության պատճառների մեջ առաջին տեղը գրավող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, հաջորդը՝ օստեոպորոզը, միզասեռային համակարգի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը, ասթման, շաքարային դիաբետը:
Մենք արդեն հնարավորություն ունենք և պետք է ձգտենք հասնել այն բանին, որ 60-70 տարեկանում կինն ունենա 40 տարեկանի տեսք, լինի առույգ և կյանքով լի:Անհրաժեշտ է կրթել բժշկին, կրթել պացիենտին, գնալ ոչ թե «հիվանդ-անոց», այլ՝ «առողջ-արան»՝ առողջանալու և ունենա ոչ թե «հիվանդության պատմություն», այլ՝ «առողջության անձնագիր»:
Ռուսուդան Վարդանյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ., Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ
Դասընթացները նպաստում են բժիշկների հետագա զարգացմանը և՛ գիտելիքների, և՛ գործնական հմտությունների ձեռք բերման առումով: Դրանք, ընդհանրապես, նպաստում են մանկաբարձա-գինեկոլոգիական օգնության որակի բարձրացմանը, հատկապես, որ ամբողջ կյանքի ընթացքում բժիշկը գտնվում է սովորելու գործընթացում: Միշտ պետք է լինել տեղեկացված, գիտելիքները ստանալու հնարավորություն ունենալ:
Ինչպես իմ ելույթի ընթացքում ներկայացրեցի, գինեկոլոգիական հիվանդների մոտավորապես 1/3 դիմում են արյունահոսությունների պատճառով։ Դա բավականին մեծ տոկոս է: Պարտադիր չէ, որ դրանք լինեն պրոֆուզ, կյանքին սպառնացող արյունահոսություններ, հաճախ են հանդիպում անոմալ արյունահոսությունները, որոնք պահանջում են ճիշտ մոտեցում:
Մարինա Ոսկանյան, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ.,Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1ամաբիոնի դոցենտ
Բժշությունն այն բնագավառն է, որտեղ կանգ առնելու իրավունք չկա, որտեղ գործ ունենք մարդու հետ և ամեն օր, ամեն րոպե պետք է ինքնակրթվենք, վերապատրաստենք, բարելավենք մեր գիտելիքները: Չկա բժիշկ, որը կարող է ասել, որ արդեն ամեն բան գիտի:Այսպիսի միջոցառումները շատ կարևոր են, քանի որ բարձրացնում են արդի հարցեր, բժիշկները շփվում են միմյանց հետ, փոխանակվում և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով:
Այսօրվա գիտաժողովին ինքս բավականին նորությունների տեղեկացա` բուժման մեթոդների և հետազոտությունների վերաբերյալ:
Իմ թեման վագինիտն էր ( հեշտոցաբորբ): Եվ, չնայած այն բանին, որ բժշկությունը զարգանում է, կան շատ հակաբորբոքային պատրաստուկներ, մինչև այսօր այս բորբոքումների հաճախությունը բավականին բարձր է: Ամեն երկրորդ, երրորդ կնոջ մոտ հեշտոցի և սեռական օրգանների բորբոքում է հայտնաբերվում: Պատճառը և՛ իմունիտետն է, և՛ ձվարանների գործունեությունը: Այսինքն, պետք է կրկին խոսել սրա մասին, գտնել կանխարգելիչ միջոցներ:
Լավ գիտենք, որ բժշկության մեջ կանխարգելումը ոսկե ստանդարտն է, և ցանկացած հիվանդություն կարելի է ավելի հեշտ կանխարգելել, քան` բուժել: Բայց և բուժման մեջ պետք է փորձենք ավելի քիչ հակաբիոտիկներ օգտագործելով արդյունքի հասնել, որպեսզի կարողանանք օգնել` առանց վնասելու:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»