«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Անհասության ռետինոպաթիա. Անաիդա Ասատրյան՝ նեոնատոլոգ

Անհասության ռետինոպաթիա. Անաիդա Ասատրյան՝ նեոնատոլոգ

2023 Փետ 06, Երկուշաբթի

Անհասության ռետինոպաթիայի /ԱՌ/ սահմանումը

Անհասության ռետինոպաթիան (ԱՌ) ծնվելիս մարմնի ցածր զանգված ունեցող անհասների զարգացող ցանցաթաղանթի ախտահարումն է, որը նշանակալի թվով երեխաների կուրության պատճառ կարող է հանդիսանալ: Գրեթե բոլոր հասուն նորածինների մոտ ցանցաթաղանթը և նրա անոթավորումը լիովին զարգացած են, ուստի նրանց մոտ ԱՌ չի կարող զարգանալ: Սակայն անհասների մոտ ցանցաթաղանթի զարգացումը, որը կախված է գեստացիոն ժամկետից և քաշից, դեռևս ավարտված չէ:

Անհասության ռետինոպաթիայի սքրինինգի համար նորածինների ընտրության հիմքում ընկած է ԱՌ-ի հաճախությունը տարբեր գեստացիոն տարիքներում: Քանի որ հիվանդ և մարմնի շատ ցածր զանգված ունեցող նորածինների կենսակայունությունը շարունակ բարձրանում է, ապա սքրինինգի թեկնածուների գեստացիայի և մարմնի զանգվածի շեմը հետզհետե իջնում է:

Համաձայն Հայաստանում հիվանդության հաճախության և ռիսկի գործոնների վերաբերյալ վերջին հաշվետվությունների, սքրինինգի են ենթակա նորածինների հետևյալ խմբերը`

  1. բոլոր նորածինները, որոնց գեստացիոն տարիքը ցածր է 34 շաբաթից
  2. բոլոր անհաս նորածինները, որոնց մարմնի զանգվածը ցածր է 2 000 գրամից:

Որո՞նք են ԱՌ ռիսկի գործոնները

ԱՌ-ի զարգացման ռիսկի գործոններ են հանդիսանում անհասությունը, ծնվելիս մարմնի ցածր զանգվածը, հիպերօքսիան/հիպօքսիան, զարկերակային հիպոտենզիան, ացիդոզը, արհեստական շնչառության տևողությունը, սեպսիսը, արյան տրանսֆուզիաները, հակաօքսիդանտների անբավարարությունը, բաց զարկերակային ծորանը, ապնոէն, սակավարյունությունը և այլն:

ԱՌ սքրինինգի նպատակը

Քանի որ չախտորոշված ԱՌ-ն կարող է անվերադարձ կուրության պատճառ հանդիսանալ, շատ կարևոր է, որ ռիսկային խմբի բոլոր երեխաները հստակ ժամանակին հետազոտվեն, չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլորն են բուժման ենթակա: ԱՌ-ի սքրինինգի նպատակը ԱՌ-ի վաղ հայտնաբերումն է, հսկողությունը, և, եթե հիվանդությունը խորանում է, բուժումը:

Ի՞նչ կարևոր մոտեցումներ է պետք հաշվի առնել սքրինինգ իրականացնելու ժամանակ

Հաշվի առնելով ԱՌ-ի առաջադիմող հաջորդական բնույթը և տեսողության կորստի ռիսկը նվազեցնելու գործում ժամանակին իրականացված բուժման ապացուցված առավելությունները, արդյունավետ մոտեցումը ենթադրում է ԱՌ-ի հարցերում համապատասխան փորձ ունեցող ակնաբույժի կողմից ռիսկի խմբի երեխաների ցանցաթաղանթի ճիշտ ժամանակին կատարված քննությունը (ըստ գեստացիոն տարիքի և հիվանդության ծանրության), և որ պակաս կարևոր չէ, որպեսզի ռիսկի խմբի երեխաներին հսկող մանկաբույժները և առաջնային օղակի մյուս բուժաշխատողները տեղյակ լինեն հետազոտության ժամանակացույցին: Ծնողները, բացի բանավոր տրվող տեղեկություններից, նախքան իրենց երեխայի առաջին քննությունը, պետք է ստանան նաև գրավոր տվյալներ սքրինինգի գործընթացի վերաբերյալ:

Սքրինինգի ժամկետները. ե՞րբ և ի՞նչ հաճախականությամբ է պետք կատարել սքրինինգ

Առաջին սքրինինգը պետք է իրականացվի համաձայն աչքի նախնական զննման ժամանակացույցի, որտեղ հիմք են վերցվել երեխայի ժամկետը ծնվելիս և խրոնոլագիական (պոստնատալ) տարիքները՝ նպատակ հետապնդելով հայտնաբերելու ԱՌ-ն նախքան վերջինիս ցանցաթաղանթի շերտազատման պատճառ հանդիսանալը: Որոշ դեպքերում սխեման կարող է որոշակի փոփոխություններ կրել՝ կախված անհաս երեխայի ընդհանուր առողջական վիճակից: Աչքի սքրինինգի իրականացումն անպայման պետք է հաստատված լինի երեխային բուժող նեոնատոլոգի կողմից:

Շարունակական սքրինինգ. աչքի մեկանգամյա հետազոտումը բավարար է միայն այն դեպքերում, երբ այն միանշանակ հաստատում է, որ ցանցաթաղանթը երկու աչքերում էլ ամբողջությամբ անոթավորված է: Հակառակ դեպքերում անհրաժեշտ են շարունակական սքրինինգներ: Դրանք պետք է խորհուրդ տրվեն հետազոտությունն իրականացնող ակնաբույժի կողմից առաջին սքրինինգի ժամանակ ցանցաթաղանթում հայտնաբերված շեղումների հիման վրա: Շարունակական սքրինինգների համար առաջարկվում է հետևյալ սխեման: Որոշ դեպքերում այս սխեման կարող է որոշակի փոփոխություններ կրել՝ կախված անհաս երեխայի ընդհանուր առողջական վիճակից:

ԱՌ-ի սքրինինգի գործընթացը

Նախնական սքրինինգ հետազոտությունները սովորաբար իրականացվում են նորածնային բաժանմունքներում, նորածնային բաժանմունքի հմուտ բուժանձնակազմի ներկայությամբ:

Հետազոտության համար անհրաժեշտ է, որպեսզի բիբը լինի բավականաչափ լայնացած, որպեսզի ցանցաթաղանթը լինի ամբողջությամբ տեսանելի: Պետք է կաթեցվեն բիբի լայնացում առաջացնող աչքի կաթիլներ:

ԱՌ-ի յուրաքանչյուր սքրինինգից հետո պետք է կատարվեն ակնաբույժի կողմից համապատասխան գրառումներ, որտեղ կմանրամասնվեն գոտին, փուլը, տարածվածությունն ըստ ժամացույցի ժամային սեկտորների, ինչպես նաև նախա-պլյուս կամ պլյուս հիվանդության առկայությունը: Այդ գրառումները պետք է ներառեն նաև հաջորդ հետազոտության (եթե անհրաժեշտ է) ժամկետները և/կամ բուժման եղանակը, և պահվեն երեխայի հիվանդության պատմության թերթիկում: Նույն գրառումները պետք է պահվեն նաև ԱՌ-ի սքրինինգ անցած երեխաների հատուկ տվյալների շտեմարանում: Հաջորդ հետազոտության ժամկետների մասին տեղեկությունը պետք է տրվի նաև ծնողին:

ԱՌ-ի ընթացքի շրջանները

Կարելի է առանձնացնել ԱՌ-ի երկու հստակ շրջան: Առաջին (սուր) շրջանում ցանցաթաղանթի նորմալ անոթագոյացումը խաթարվում է արտարգանդային միջավայրում թթվածնի՝ հարաբերականորեն ավելի բարձր պարունակության պատճառով: Այն արտահայտվում է ցանցաթաղանթի առաջային հատվածի անոթների խցանմամբ և որոշ գոտիներում անոթավորման բացակայությամբ:

Դրան հաջորդող հիպօքսիան պատճառ է դառնում երկրորդ (քրոնիկ) շրջանի ի հայտ գալուն, որը բնորոշվում է վասկուլյար և գլիալ բջիջների պրոլիֆերացիայով և զարկերակա-երակային շունտերի ձևավորմամբ՝ ժամանակ առ ժամանակ հանգեցնելով ինվոլյուցիայի կամ կայուն սպիական փոփոխությունների և տեսողության խանգարման: Առավել ծանր դեպքերում այն դառնում է տեսողության ծանր ախտահարումների և կուրության պատճառ, որոնք պահանջում են մեծ ջանքեր՝ հաղթահարելու երեխայի առաջ ծառացած շարժողական, խոսքային, հայեցակարգային և սոցիալական խնդիրները:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը