2023 Հուն 09, Ուրբաթ
Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել ուշացած հղիությունները։
Ներկայում հղիության հետ կապված նոր միտում կա՝ փոխվել է կանանց սոցիալական դերը հասարակական կյանքում և նրանք առաջնային տեղ են հատկացնում կարիերային, իրենց ծրագրերին, այդ պատճառով վերարտադրողական դերին անդրադառնում են ավելի մեծ տարիքում։ Փաստորեն, հաճախացել է, այսպես կոչված, «տարիքային առաջնածինների» թիվը:
Ընդհանրապես, տարիքային առաջնածնություն համարվում է ծննդաբերությունը 30-ն անց կանանց մոտ, իսկ 40-ն անց տարիքում այն ավելի խնդրահարույց է և ուշադրության արժանի։ Ցավոք, աստիճանաբար այդ թիվն ավելանում է։
Ի՞նչ վտանգներ է պարունակում հղիությունը մեծ տարիքում։
Մեծ տարիքում առկա են ինչպես սոմատիկ, այնպես էլ վերարտադրողական հիվանդություններ. հաճախ էնդոկրին և այլ պատճառով զարգացած անպտղություն։
Անհրաժեշտություն է առաջանում դիմել օժանդակ վերականգնողական միջոցների (ԱՄԲ), ինչն ավելի է բարդացնում հղիության ընթացքը:
Տարբեր օրգան-համակարգերի կողմից առողջական խնդիրները (սրտի, երիկամների, լյարդի, էնդոկրին համակարգի հիվանդություններ) նույնպես հղիության բարդությունների պատճառ են:
Ի՞նչ դեր ունի այդ տարիքում նաև զուգընկերոջ՝ տղամարդու մեծ տարիքը։
Նման դեպքերում, սովորաբար, զուգընկերները նույնպես մեծ տարիքի են, և նրանց մոտ նույնպես կարող են տարիքային վերարտադրողական խնդիրներ լինել՝ կապված սպերմայի քանակի, որակի հետ:
35 տարեկանից հետո հղիության ժամանակ կտրուկ բարձրանում է նաև պտղի գենետիկ հիվանդությունների, զարգացման արատների հավանականությունը։ 35-ն անց կանանց և 40-ն անց տղամարդկանց մոտ մեծանում է գենետիկ, քրոմոսոմային հիվանդություններով, բնածին արատներով երեխա ունենալու հավանականությունը:
Ինչպե՞ս են վերահսկվում մեծ տարիք ունեցող հղիները։
Մեծ տարիքում պահանջվում է հղիության ընթացքի առավել ուշադիր վերահսկողություն, բոլոր սքրինինգային ծրագրերի անցկացում, ՈՒՁՀ, կենսաքիմիական հետազոտություններ։ Սքրինինգային ծրագրերն օգնում են հայտնաբերել գենետիկ շեղումները և՛ մինչև հղիությունը, և՛ հղիության ընթացքում։ Դրանք որոշ չափով թանկարժեք են և ոչ բոլորին են հասանելի, սակայն իրականացվում են նաև այլ հետազոտություններ, որոնք օգնում են կանխարգելել գենետիկ հիվանդությունները։ Եթե գենետիկ շեղումները հայտնաբերվում են հղիության ժամանակ, հաճախ առաջ է գալիս հղիության ընդհատման անհրաժեշտություն։
Մինչև հղիությունն անպայման իրականացվում են նաև կնոջ մոտ առկա սոմատիկ հիվանդությունների հետազոտման, բուժման, կարգավորման միջոցառումներ: Հետազոտվում է նրա հորմոնալ ֆոնի, օրգան-համակարգերի վիճակը, վարակների առկայությունը, որովհետև այդ տարիքում բարդություններն ավելի ծանր են ընթանում, մեծանում է նաև վիժումների հավանականությունը:
40 տարեկանից հետո հղիությանը նպաստելու ի՞նչ հնարավորություններ կան։
Եթե արդեն հղիանալու հնարավորությունը բարդացած է, ժամանակակից բժշկագիտության զարգացումներն, այնուամենայնիվ, օգնում են հասնել ցանկալի արդյունքի: Ներկայում իրականացվում են օժանդակ վերականգնողական միջոցներ՝ արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ), սերմի ներցիտոպլազմիկ ներարկում (ICSI), դոնորական ձվաբջջի կամ սերմնահեղուկի օգտագործում:
Ինչպե՞ս զերծ մնալ վտանգներից։
Վտանգներից զերծ մնալու համար անհրաժեշտ է ամեն ինչ կազմակերպել ժամանակին, ուշադրություն դարձնել առկա առողջական խնդիրների վերացմանը:
Մինչդեռ կանայք` զբաղվելով իրենց մասնագիտական աճով, հաճախ ճիշտ մոտեցում չեն ցուցաբերում եղած խնդիրներին, ուշ են դիմում բժիշկներին, օժանդակ վերարտադրողական մեթոդներին` նույնպես, մտածելով, որ դեռ չփորձված հնարավորություններ կան, և այդպես ավելի են մեծացնում ռիսկերը։ Այդ ընթացքում ավելի են տուժում ձվաբջիջների որակը և քանակը:
Երբեմն ուշացման պատճառը բուժում պահանջող առկա հիվանդություններն են։ Այդ դեպքում սառեցվում են ձվաբջիջները` պահպանելու նրանց որակը:
40-ն անց տարիքում կրկնածնությունն իր վտանգներով տարբերվո՞ւմ է առաջնածնությունից։
Եթե կինը 40-ն անց է, սակայն ոչ առաջնածին, բարդություններն, իհարկե, ավելի քիչ են, քանի որ կնոջ օրգանիզմի հարմարողական մեխանիզմները արդեն պատրաստ են: Սակայն նշանակություն ունի ինտերգենետիկական շրջանը, եթե ծննդաբերությունների միջև լինում է 8-12 տարի ընդմիջում, դա ևս համարվում է բարձր ռիսկի խումբ, որովհետև նշված մեխանիզմներն արդեն անբավարար են։
Ձեր խորհուրդը կանանց։
Խորհուրդ եմ տալիս առկա հիվանդությունների դեպքում ժամանակին դիմել բժշկի և, եթե անպտղության պատճառ կա, օժանդակ մեթոդների՝ ԱՄԲ-ի, ինսեմինացիայի, հարկ է դիմել որքան հնարավոր է շուտ, որի պարագայում առողջ երեխայի ծնվելու հավանականությունը բարձր է։
Միշտ պետք է հիշել, որ ամեն բան իր ժամանակն ունի, և սեփական հաջողությունների, կարիերայի պատճառով սխալ է հղիությունը հետաձգելը, փոքրիկը երբեք չի կարող խանգարել, կարևորը նրա հայտվելն է ծնողների կյանքում:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»