2023 Ապր 23, Կիրակի
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում կնոջ օրգանիզմում (հորմոնի քիչ կամ շատ արտադրություն, հորմոնների միջև հավասարակշռության խախտում) կարող է առաջացնել տարբեր օրգան-համակարգերի գործունեության խախտում:
Վերարտադրողական խնդիրներ
Ներքին սեկրեցիայի գեղձերը մշտապես արտադրում են հորմոններ, և դրանցից յուրաքանչյուրն ազդում է վերարտադրողական համակարգի վրա:
Կանանց անպտղությունը կարող է պայմանավորված լինել հորմոնալ-ակտիվ հիպոֆիզար ուռուցքներով, վահանագեղձի կամ մակերիկամների սեկրետոր գործունեության խանգարմամբ, էնդոկրին օրգաններն ախտահարող տարբեր բորբոքային կամ դեգեներատիվ հիվանդություններով։
Դաշտանային ցիկլը հաճախ խախտվում է էնդոկրին գեղձերի ֆունկցիոնալ խանգարումների ֆոնին:
Բավականին հաճախ կանանց մոտ դիտվում է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, որի արդյունքում դարձյալ խախտվում է դաշտանային ցիկլը։ Այն արտահայտվում է դեմքի, որովայնի, կրծքավանդակի շրջաներում մազերի ակտիվ աճով, մաշկի վրա պզուկների առաջացմամբ: Բուժմամբ պետք է զբաղվեն էնդոկրինոլոգը և գինեկոլոգը՝ համատեղ:
Ախտաբանության խորացմանը համընթաց՝ հաստանում են ձվարանների պատերը, խանգարվում է կանանց հորմոնների արտադրությունը։
Այս վիճակը, սովորաբար, հետևանք է ձվարանների կամ մակերիկամների սեկրետոր ֆունկցիայի խանգարման, կամ հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի աշխատանքի անբավարարության: Բոլոր դեպքերում, արդյունքում զարգանում է կնոջ և տղամարդու հորմոնների միջև հավասարակշռության խախտում՝ վերջինիս գերակշռումով, և, որպես հետևանք, զարգանում է անընդունակություն բեղմնավորվելու կամ կրելու հղիությունը:
Մարմնի քաշի տատանումներ
Առանց տեսանելի պատճառների ճարպակալումը կամ խիստ նիհարումը կարող են արդյունք լինել ծանր ընթացող էնդոկրին հիվանդությունների՝ դիֆուզ տոքսիկ զոբ, մակերիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ: Կա նաև հակառակ կապը: Քիչ չեն դեպքերը, երբ ցածր քաշի ֆոնին, առանց որևէ էնդոկրին խնդրի, առաջանում է կանանց սեռական հորմոնների սուր անբավարարություն, քանի որ նրանց որոշակի քանակը սինթեզվում է ենթամաշկային ճարպաշերտում:
Նման իրավիճակ դիտվում է ճարպակալման ժամանակ, քանի որ ճարպային հյուսվածքի մեծ քանակը էսթրոգենների քանակի և ֆունկցիոնալ ակտիվության իջեցման պատճառ է դառնում։ Եվ զարմանալի չէ, որ ճարպակալում ունեցող կանանց մոտ խանգարվում է վերարտադրողականությունը, ձվազատումը դանդաղում է, ինչպես նաև ախտաբանորեն փոխվում է էնդոմետրիումը՝ կնոջը նախատրամադրելով օնկոհիվանդությունների, վիժումների, հղիության բարդացած ընթացքի։
Այդ պատճառով վերարտադրողական խանգարումների թերապիայում կարևոր տեղ ունի քաշի իջեցումը, որը նպաստում է հորմոնալ ֆոնի կարգավորմանը, դաշտանային ցիկլի վերականգնմանը և մոտավորապես 3 անգամ ավելանում է հղիանալու հավանականությունը:
Շաքարային դիաբետ
Շաքարային դիաբետը էնդոկրին համակարգի բարդ և լուրջ ախտաբանություն է: Այդ հիվանդությամբ տառապող կանանց մոտ շատ հաճախ դժվարանում է բեղմնավորումը և հղիությունը կրումը։ Այդ պատճառով անհրաժեշտ է վերահսկել հիվանդությունը և գլյուկոզայի քանակն՝ արյան մեջ;
Կլիմակտերիկ խանգարումներ
Դաշտանադադարի շրջանում դիտվում են տարբեր անատոմիական, ֆիզիոլոգիական և հոգեբանական խանգարումներ: Բնական մենոպաուզան կտրուկ չի արտահայտվում՝ էսթրոգենների քանակը նվազում է աստիճանաբար (մոտավորապես 10 տարվա ընթացքում՝ 45-55 տարեկանում): Եթե սկզբում սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանշանները մեղմ են, ապա հետագայում սկսում են կայուն աճել, փոխվում է և նյութափոխանակությունը:
Կլիմաքսի ընթացքը բարդացնում են տրամադրության կտրուկ փոփոխությունները, զարկերակային ճնշման հանկարծակի բարձրացումները, տաքության նոպաները։ Այդ ախտանշանները հնարավոր է վերացնել բժշկի նշանակած դեղորայքային բուժմամբ:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»