2023 Հուլ 13, Հինգշաբթի
Հղի կնոջ սննդակարգի անհրաժեշտ փոփոխություն՝ ամռանը
Հղիության ընթացքում ճիշտ սննդակարգն ամենակարևոր պայմաններից է պտղի ճիշտ զարգացման համար՝ հատկապես ամռանը, երբ առկա է նաև շոգի ներգործությունը: Ամռան ամիսներին ցանկալի է սնունդը և հեղուկներն ընդունել հաճախ (օրական 5-6 անգամ), փոքր չափաբաժիններով՝ մարսողական համակարգի վրա ծանրաբեռնվածությունից խուսափելու համար:
Հեղուկների ճիշտ ընդունում
Գերտաքացումը բացառելու համար օրվա ընթացքում ընդունած հեղուկների քանակն անհրաժեշտ է հասցնել 2–2,5 լիտրի, իսկ հղիության վերջին եռամսյակում՝ մոտավորապես 1,5 լիտրի:
Այդ քանակի մեջ ներառվում են ջուրը, բուսական թեյերը, նաև թարմ քամած մրգային և բանջարեղենային հյութերը, կոմպոտները, որոնք լրացուցիչ վիտամինների աղբյուր են:
Ցածր ցարկերակային ճնշում ունեցող կանայք կարող են քիչ քանակությամբ սև թեյ և սուրճ օգտագործել: Հարկավոր է խուսափել սառը և գազավորված ըմպելիքից:
Ջուրն օրգանիզմի համար բնական սննդանյութ է, որի շատ օգտագործումը բարդությունների չի հանգեցնում:
Ճիշտ և լիարժեք սնունդ՝ ամռան ամիսներին
Այտուցները և նյութափոխանակության խանգարումները կանխելու համար անհրաժեշտ է խիստ վերահսկել ընդունած աղի քանակը՝ այն հնարավորին հասցնելով նվազագույնի:
Հարկավոր է խուսափել ճարպոտ, կծու, տապակած սննդից, որը կարող է այտուցների և ավելորդ քաշի առաջացման պատճառ լինել: Նախընտրությունը տրվում է տան պայմաններում թարմ պատրաստված, առավելապես՝ շոգեխաշած, ճաշատեսակներին:
Ամռանը վիտամինների հարուստ աղբյուր են սեզոնային մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, կանաչեղենը, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել հոսող ջրի տակ լվանալուց հետո, կարճատև ջերմային մշակման ենթարկված կամ հում վիճակում:
Մսամթերքից նախընտրությունը տրվում է տեղական արտադրության տավարի և հավի մսին, նաև ձկնեղենից պատրաստված ուտեստներին:
Սպիտակուցների հարուստ աղբյուր է ձուն, որը խորհուրդ է տրվում օգտագործել առնվազն 5–6 րոպե խաշելուց հետո:
Ձվածեղի օգտագործումը ցանկալի չէ, քանի որ կարող է սալմոնելյոզով վարակի պատճառ լինել՝ ձվի ոչ բավարար ջերմային մշակման հետևանքով:
Անհրաժեշտ է խիստ հետևել կաթնամթերքի պիտանելիության ժամկետներին, իսկ կաթն օգտագործելուց առաջ պետք է անպայման եռացնել: Նպատակահարմար է օգտագործել մածուն, կաթնաշոռ, տարատեսակ պանիրներ, ցածր յուղայնությամբ թթվասեր, յոգուրտ՝ առանց արհեստական հավելումների:
Որպես հավասարակշռված, դյուրամարս և ածխաջրատներ պարունակող սնունդ, խորհուրդ են տրվում շիլաներ, հատկապես՝ վարսակի, հնդկաձավարի, բլղուրի և այլն:
Լիարժեք սննդի համար սննդակարգում անհրաժեշտ է ներառել սերուցք, կարագ, բուսայուղ, ընդեղեն:
Եթե հղի կինը ցանկանում է ուտել շոկոլադ, թխվածք, պաղպաղակ կամ այլ քաղցրավենիք, նա կարող է դրանք խելամիտ քանակներով օգտագործել, քանի որ հղիի դրական հույզերը պտղի զարգացման վրա բարենպաստ ազդեցություն ունեն։
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»