«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Դաշտանային խանգարումը դեռահասների մոտ․ հարցազրույց Արմինե Դումանյանի հետ

Դաշտանային խանգարումը դեռահասների մոտ․ հարցազրույց Արմինե Դումանյանի հետ

2023 Դեկ 15, Ուրբաթ

Դեռահասների մոտ դաշտանային ի՞նչ խանգարումները կարող են անհանգստության պատճառ դառնալ։

Դեռահասության շրջանում աղջիկների մոտ հաճախ են լինում տարբեր դաշտանային խանգարումներ: Հետևյալ ախտանիշների առկայության դեպքում, պետք է դիմել մասնագետի.

  • առաջին դաշտանը չի սկսվում մինչև 15 տարեկանը, կամ մինչև 13 տարեկանը չեն զարգանում կաթնագեղձերը,
  • դաշտանի բացակայություն 6 ամսից ավելի՝ ամենորեա,
  • դաշտանային ցիկլը տևում է 21 օրից պակաս, կամ 45 օրից ավելի,
  • դաշտանային արյունահոսությունը տևում է 7 օրից ավելի, շատ առատ է, զուգորդվում է գլխապտույտով, թուլությամբ,
  • արյան քանակը շատ նվազ է (սակավ դաշտան),
  • ցավոտ դաշտաններ՝ ուղեկցվող սրտխառնոցով, փսխումով, դեռահասը ստիպված է լինում պահպանել անկողնային ռեժիմ, չի կարող հաճախել ուսումնական հաստատություն։

Որո՞նք են ամենորեայի պատճառները։

Դաշտանի բացարձակ բացակայությունը՝ առաջնային ամենորեան, կարող է պայմանավորված լինել ի ծնե գոնադների արատներով, որակական կամ քանակական դեֆեկտներով (Շեռեշևսկու-Թերների համախտանիշ, մեկ քրոմոսոմի բացակայություն, 45x, Սուայերի համախտանիշ՝ խառը տիպի գոնադների դիզգենիզիաներ և այլն)։

Առաջնային ամենորեայի պատճառ կարող են լինել նաև սեռական օրգանների զարգացման արատները, օրինակ՝ Ռոկիտանսկի Քյուստներ-Մայերի համախտանիշ, որն արտահայտվում է արգանդի ապլազիայով, հաճախ հեշտոցի ապլազիայով զուգորդվող։ Առաջնային ամենորեան կարող է լինել նաև հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ (Կոլմենի համախտանիշ, հիպոֆիզար նանիզմ և այլն)։

Ի՞նչ գործոններ են նպաստում դաշտանային խանգարումներին։

Դեռահասների մոտ դաշտանի կանոնավորությունը և ինտենսիվությունը շատ խոցելի և զգայուն է տարբեր գործոնների նկատմամբ։ Դա պայմանավորված է հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ համակարգի դեռևս ոչ լիովին հաստատված փոխհարաբերություններով, և դրանով իսկ պայմանավորված կտրուկ հորմոնալ տատանումներով, որոնք և բերում են դաշտանային ցիկլի ֆունկցիոնալ տարբեր խանգարումների։ Դեռահասների մոտ դաշտանային ցիկլի խանգարումները կարող են առաջանալ տարբեր գործոնների բարդ փոխազդեցությունից՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեսոցիալական։

Էնդոկրին (ձվարանների պոլիկիստոզ, ադրենոգենիտալ համախտանիշ) և արյան հիվանդություններից, ուղեղի տրավմատիկ վնասվածքներից, ինֆեկցիոն գործոններից բացի, դաշտանային ցիկլի խանգարումների կարող են բերել նաև վերջին տարիներին հաճախ հանդիպող հետևյալ պատճառները՝ չափազանց ինտենսիվ սպորտը, թերսնումը և սթրեսները։

Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բերում է տեստոստերոն և կորտիզոլ հորմոնների մակարդակների բարձրացման, որը կարող է հանգեցնել ցիկլի խանգարման:
Երկրորդային ամենորեաների 25%-ը պայմանավորված են անոռեքսիայով: Դա բնորոշ է էմոցիանալ ոչ կայուն աղջիկներին, ովքեր խիստ սահմանափակում են սննդի քանակը, արհեստականորեն փսխում առաջացնում, ուստի ունեն խիստ ցածր քաշ։ Ճարպակալումը ևս հաճախ դաշտանային ցիկլի խանգարումների պատճառ է։

Դեռահասների դաշտանային ցիկլի վրա ազդող պատճառներից է նաև սթրեսը՝ ոչ բարենպաստ պայմաններն ընտանիքում, ծնող-դեռահաս հարաբերությունները, դպրոցում բուլինգի երևույթները, առաջին սերը։ Նման խնդիրները կարող են հանգեցնել սթրեսի հորմոն՝ պրոլակտինի բարձրացմանը, ինչպես նաև կորտիզոլի, վահանաձև գեղձի հորմոնների կտրուկ բարձրացմանը, և նույնպես հանգեցնել ցիկլի խանգարումների։

Ինչպե՞ս կարելի է կարգավորել դաշտանային խանգարումները։

Դեռահասների դաշտանի խանգարումները շտկելու համար երբեմն անհրաժեշտ է այլ մասնագետների ներգրավվածությունը ՝ ներզատաբանի, հոգեբանի, նյարդաբանի։

Բուժումը երբեմն ընդամենը սննդակարգի ճիշտ կազմավորումն է, քաշի կարգավորումը, քնի և հանգստի ճիշտ ժամանակացույցը, որոնք դրական արդյունք են տալիս։ Լավ արդյունք է տալիս նաև ցիկլիկ վիտամինոթերապիան։ Ցավոտ դաշտանների ժամանակ կիրառվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր։ Առատ դաշտանների՝ արյունահոսությունների ժամանակ, կիրառվում է հեմոստատիկ հակաանեմիկ բուժում։

Խիստ հորմոնալ խանգարումների ժամանակ անհրաժեշտ է դիմել հորմոնալ թերապիայի։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը