2024 Հուլ 18, Հինգշաբթի
«Տարիքավոր առաջնածին» է համարվում այն հղին, որի առաջին ծննդաբերությունը տեղի է ունենում 30 և ավելի բարձր տարիքում: «Տարիքավոր առաջնածին» տերմինի համար տարբեր ժամանակներում տարբեր տարիքային շեմեր են սահմանվել: Օրինակ, հին ժամանակներում այդպիսին են համարվել 18 տարեկանները, որոնք առնվազն մեկ ծննդաբերություն են ունեցել, նաև նրանք, որոնք 30 տարեկանում 5-6 և ավելի երեխաների մայր են եղել: Մինչև XX դար 20 տարեկանից հետո ծննդաբերելն ուշ էր համարվում, XX դարում՝ 24-տարեկանից հետո: Այժմ աշխարհում «տարիքավոր առաջնածին» է համարվում 35 և ավելի բարձր տարիք ունեցող հղին:
Ըստ ԱՀԿ-ի՝ վերարտադրողական տարիքը 15-49 տարեկանն է, օպտիմալ տարիքը՝ 35 տարեկանը:
Ներկայում 40 և ավելի տարիքում ծննդաբերելն ավելի հաճախ է հանդիպում: Ըստ վիճակագրական տվյալների՝ 30-40 տարեկան ծննդաբերողների թիվը մոտավորապես 3 անգամ ավելի է` քսան տարեկանների համեմատ: Ընդ որում, մոտավորապես 50% ավելի են 40+ տարիքի առաջնածինները: Դրան նպաստում են կնոջ մասնագիտական գործունեությունը, ուշ ընտանիք կազմելու փաստը, առողջական առումով տարբեր պատճառներով չհղիանալը և բարձր վերարտադրողական տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը: Բժիշկներն այսուհետ չեն կարող հաշվի չառնել այս փաստերը:
Կանայք հետաձգում են մայրանալը՝ հանուն կարիերայի: Ժամանակակից կանայք լավ կրթված են, հետևում են իրենց առողջությանը, կազմվածքին, առողջ ապրելակերպով են զբաղվում, այդ տարիքում օրգանիզմը հյուծված չէ հոգսերից ու ծննդաբերություններից: Ուշ ամուսնացած տարիքով կանայք որոշ մասնագիտական որակավորում են ձեռք բերում և համոզված են, որ հղիությունից, ծննդաբերությունից հետո առանց խնդիրների, կվերադառնան իրենց աշխատանքին: Այս փաստն ապագայի նկատմամբ վստահություն է ներշնչում, և նպաստում ո՛չ միայն ֆիզիկապես, այլև հղիության ու ծննդաբերության նկատմամբ հոգեբանորեն դրական տրամադրվելուն:
Ամերիկյան հոգեբանները հարցումներ են անցկացրել մինչև 20 և 30-40 տարեկանից բարձր կանանց շրջանում: Հարցն էր՝ կծննդաբերեի՞ն, արդյոք, նույն տարիքում:
Մինչև 20 տարեկանների կեսից ավելին պատասխանել են՝ ոչ, իսկ տարիքավոր կանանց մեծ մասը նշել է, որ ամենաօպտիմալ տարիքն են ընտրել:
Ուշ մայրանալու առավելությունները
Ֆրանսիական ասացվածքն ասում է. «Ուզում եք գեղեցիկ մնալ, ծննդաբերեք 40 տարեկանում»: Եթե կինն առողջ է, հղիության ժամանակ «ծաղկում է»: Կախարդական ազդեցություն են ունենում էսթրոգենները, որոնց արտադրությունը մի քանի անգամ ավելանում է: Ձվարանները չեն հյուծվում, հետևաբար, ծերանալը կանգ է առնում: Այս տարիքում երկու ծնողն էլ հեշտ են հաղթահարում միջին տարիքի ճգնաժամը, քանի որ ժամանակ չեն ունենում տրվելու իրենց խնդիրներին: Մեկ այլ հոգեբանական համախտանիշ է ավելի ուշ տեղի ունեցող «օջախի, տան դատարկվելը», երբ չափահաս զավակները հեռանում են հայրական տնից։
30-35 տարեկանում հղիի հոգեբանական և հուզական վիճակն ավելի կայուն է, հետևաբար, կինն պոզիտիվ է վերաբերվում հղիության փաստին, դեպրեսիան հետ է մղվում և, ամենակարևորը, հղիանալու հեռանկարից դրական հույզեր է ապրում: Այս տարիքում հղիության և ծննդաբերության փաստը հոգեբանորեն նպաստավոր է։ Օրինակ, հասակակից կանայք արդեն տատիկ են, իսկ ինքը՝ դեռ երիտասարդ մայրիկ: Ուշ հղիությունից հետո կլիմաքսն ավելի բարենպաստ ընթացք ունի, օստեոպորոզն ուշ է զարգանում, միզասեռական ուղիների վարակն ավելի քիչ է հանդիպում: Նախկինում կարծում էին, որ «ուշ երեխաները» հաճախ անհաս են ծնվում, քաշը դժվար են ավելացնում և ավելի հաճախ են հիվանդանում: Նորագույն մոտեցումները ստիպում են մոռանալ այդ մասին: Ամերիկյան բժիշկները հետազոտել են 35 և ավելի բարձր տարիքի 4,000 ծննդկանի և եկել եզրակացության, որ եթե կինը ֆիզիկապես առողջ է, անամնեզում վիժումներ չունի, առողջ բալիկ ունենալու շանսերը, եթե անգամ առաջնեկին է սպասում է, 20-ամյա ծննդկաններից չի տարբերվում:
Տարիքով կանայք` երիտասարդ տարիները կարիերային նվիրելով, հասուն տարիքում ծնող լինելու նոր որակում են ուզում լավագույնս դրսևորվել: Հասուն տարիքում ամուսինները ևս հոգեբանորեն ավելի պատրսատակամ են նրանց օգնելու հարցում: Ըստ հոգեբանների՝ ամուսնական զույգը հղիության փաստին հանգիստ են վերաբերվում, ներքին տարաձայնություններ չեն ունենում, ավելի կարգապահ են լինում և փաստն ընկալում են որպես Աստծո պարգև, ճակատագրի նվեր: Տարիքով ծնողները ավելի շատ ժամանակ են հատկացնում երեխաներին, նրանց դաստիարակությանը: Հետևաբար, «ուշ երեխաներն» ավելի ինտելեկտուալ են: Գաղտնիքն ընտանիքի սերն ու փոխհամաձայնությունն է երկար սպասված, խիստ ցանկալի զավակի նկատմամբ:
Հիշե՛ք, եթե բնությունը հնարավորություն է տալիս դարձյալ կամ այժմ զգալու մայրության բերկրանքը, արդյոք պետք է հրաժարվե՞լ:
Ուշ մայրանալու թերությունները
Դժվար հղիանալու փաստը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 40 և ավելի բարձր տարիքի կանայք համապատասխան բուժումից հետո 25% հնարավորություն ունեն սեփական ձվաբջիջներով հղիանալու: Այդ հնարավորությունը 43 տարեկանում իջնում է մինչև 10 %, իսկ 44 տարեկանում՝ 1,5 %։
Գենետիկ խնդիրները։ Գենետիկ խնդիրներըով` հատկապես Դաունի համախտանիշով, երեխաներ ունենալը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 40-ամյա կանանց շրջանում Դաունի համախտանիշով նորածնի ծնվելու հավանականությունը 9 անգամ գերազանցում է 30-ամյա կանանց ցուցանիշները։ Այս խմբերի կանանց համար հույժ կարևոր է գենետիկ սքրինինգների, ամնիոցենտեզի կատարումը` հղիության համապատասխան ժամկետներում:
Այս տարիքի կանայք սահմանափակվում են մեկ բալիկի ծնունդով:
Առողջական խնդիրները։ 35-տարեկան և ավելի բարձր տարիքային խմբում առողջական խնդիրները, օրինակ, հիպերտենզիան, շաքարային դիաբետը, ՍԱՀ հիվանդությունները, էնդոկրին ախտաբանություններն ավելի հաճախ են հանդիպում: Օրինակ, տարիքավոր հղիների խմբում շաքարային դիաբետը 6 % դեպքերում է հանդիպում` 20 տարեկանների խմբի 1,3 %-ի համեմատ։ Ավելի հաճախ են էնդոմետրիոզը, ֆիբրոզ ուռուցքները, որոնք ազդում են վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա:
30 տարեկանից հետո ռիսկերն ավելի բարձր են` տոքսիկոզը, հեստոզը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, ծննդաբերական թուլությունները, պտղի ներարգանդային թթվածնաքաղցը, կեսարյան հատումով ծննդալուծման հավանականության բարձր տոկոսները:
Սակայն դրանք կարելի է նվազեցնել, եթե կինը մինչև հղիություն պլանավորելը ֆիզիկապես պատրաստ լինի, ճիշտ սնվի, բացառի վնասակար սովորությունները, կոֆեինի օգտագործումը, ընդունի վիտամիններ, կատարի ֆիզիկական վարժություններ, որոնք հղիության համար կապահովեն հեշտ և հանգիստ ընթացք:
Եթե ինչ-ինչ պատճառներով հետաձգել եք երեխա ունենալը, ապա խուսափեք վնասակար սովորություններից, հետևեք ձեր առողջությանը, անգամ ամենաչնչին շեղումներին:
Հսկեք ձեր քաշը, պահպանեք մկանային տոնուսը: Այդ տարիքում բեղմնավորման շանսերը պակասում են: Մինչև հղիության պլանավորումը դիմեք թերապևտի։
Նախօրոք ընտրեք ծննդատունը և բժշկին՝ անհրաժեշտության դեպքում նորածնին բարձրակարգ բուժօգնություն ցուցաբերելու հնարավորության փաստը ևս հաշվի առնելով:
Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»
1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո, հղիության ընթացքում կարելի է հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին: Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման: 11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»