2024 Օգս 25, Կիրակի
Ինչո՞ւ են հղիները շոգը դժվար տանում
Շոգը հղիության ցանկացած ժամկետում անբարենպաստ է կնոջ օրգանիզմի համար, ինչը տարբեր ժամկետներում արտահայտվում է տարբեր ձևով:
Առաջին եռամսյակում հնարավոր է դիտվեն զարկերակային ճնշման տատանումներ, հիմնականում՝ իջեցում, գլխապտույտներ, գլխացավեր, ուշաթափություններ, տոքսիկոզի ախտանշաններ /սրտխառնոց, հոտերի նկատմամբ` գերզգայնություն/, կարող է լինել վիժման սպառնալիք և այլն:
Երկրորդ և երրորդ եռամսյակներում, երբ` կապված սիրտանոթային համակարգի ծանրաբեռնվածության հետ, մեծանում է արյան ծավալը, կարող են լինել ընդհանուր զգացողության վատացում, ճնշման անկում, ուշաթափություններ՝ հիմնականում ոչ օդափոխվող տարածքում: Այդ եռամսյակներում շոգի ազդեցության արդյունքում կարող են դիտվել արյունահոսություններ, նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում, վաղաժամ ծննդաբերություն, պտղի մոտ հիպօքսիայի նշաններ:
Երրորդ եռամսյակում, երբ արգանդի բարձր դիրքի հետ կապված` փոքրանում է թոքերի ծավալը, ստոծանին բարձրանում է. լինում են դժվարաշնչություն, սրտխփոցներ, հաճախասրտություն, հնարավոր է՝ հևոց, զարկերակային ճնշման անկում:
Շոգ ժամանակ հղիի մոտ առավել արտահայտվում են ստորին և վերին վերջույթների այտուցները:
Ինչպե՞ս խուսափել այդ երևույթներից:
Նման երևույթներից խուսափելու համար անհրաժեշտ է օրական խմել մոտավորապես 1,5-2 լիտր ջուր, հակացուցումների բացակայության դեպքում՝ ավելի շատ:
Արևից պաշտպանվելու համար պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, կրել հղիների համար նախատեսված ներքնազգեստ, չսեղմող, բամառային կոշիկներ, դրսում լինել խիստ անհրաժեշտության դեպքում, պայուսակում անպայման ունենալ ջուր: Տանը հաճախակի օդափոխել սենյակը, օդորակիչ օգտագործել, հաճախ ցնցուղ ընդունել, լվանալ դեմքը, ձեռքերը, ոտքերը:
Այտուցներից խուսափելու կամ դրանք մեղմացնելու նպատակով երեկոյան ոտքերը պահել հորիզոնական կամ բարձր դիրքով:
Հղիների գիշերային քունը` շոգ ժամանակ
Հղին պետք է քնի մաքուր, օդափոխված սենյակում, 20˚C ջերմաստիճանում, եթե հնարավոր է՝ բաց պատուհանով կամ օդորակիչով, որը պետք է տեղադրված չլինի անմիջապես մահճակալի վերևում, հոսքը` դեպի մահճակալ:
Անքնությունը հղիների մոտ նորմալ երևույթ է և կապված է փոքր ժամկետներում՝ հաճախամիզության, սրտխառնոցի, մեծ ժամկետներում՝ արգանդի չափերի մեծացման, պտղի խաղի, հաճախամիզության, դժվարաշնչության, ոտքերի մկանների ձգումների հետ: Անքնության պատճառ կարող է լինել նաև շոգը:
Խորհուրդներ հանգիստ քուն ապահովելու համար
Հարկ է հագնել բնական կտորից, ազատ հարմարավետ հագուստ, օգտագործել հարմար բարձեր, քնից առաջ շատ հեղուկներ չխմել, ընդունել, քնել կողքի պառկած, անհրաժեշտության դեպքում օգտագործել օդի խոնավացուցիչներ:
Կա թյուր կարծիք, որ օդորակիչները կարող են սուր ռեսպիրատոր հիվանդություններ առաջացնել, բայց, եթե դրանք ժամանակին լվացվում են, ստուգվում մասնագետի կողմից, և հղիի մահճակալը չի գտնվում օդորակիչի մոտ կամ անմիջապես նրա հոսքի տակ, նման վտանգ չի սպառնում:
Ննջարանում անհրաժեշտ է ապահովել 20-22 ˚C ջերմաստիճան, սաստիկ շոգի դեպքում՝ 23-24˚C, որպեսզի սենյակից դուրս գալիս ջերմաստճանի կտրուկ տատանումներ չլինեն:
Սենյակը պետք է հաճախ օդափոխել, ցանկալի է առավոտյան և երեխոյան զբոսնել մաքուր օդում:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»