2024 Սեպ 20, Ուրբաթ
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը ողնաշարի ստորին հատվածում մտցնում է ասեղ` փոքրիկ խողովակի առկայությամբ, որը կոչվում է կաթետեր: Հաջորդիվ ասեղը հանվում է, իսկ կաթետերը մնում է՝ անհրաժեշտության դեպքում դեղորայքն ավելացնելու նպատակով: Էպիդուրալ անզգայացում կարելի է սկսել ծննդաբերության ընթացքում` ցանկացած ժամանակ, ելնելով իրավիճակից:
Ցավո՞տ է էպիդուրալ անզգայացման իրականացումը։
Անեսթեզիոլոգը անզգայացնում է այն հատվածը, որտեղ իրականացվելու է էպիդուրալ անզգայացումը, ինչը կարող է 1-2 վայրկյան խայթոցի կամ այրոցի զգացում առաջացնել: Հենց այս թմրածության հետևանքով ցավը, որպես կանոն, լինում է չնչին, հակառակ դեպքում բուժառուները կարող են զգալ որոշակի ճնշում՝ էպիդուրալ հատվածում ասեղ մտցնելիս։
Ի՞նչ է ապահովում էպիդուրալ անզգայացումը:
Էպիդուրալ անզգայացումն ապահովում է ցավազրկում՝ ստեղծելով թմրածության գոտի պորտից մինչև ստորին վերջույթների վերին հատվածը: Այն թույլ է տալիս ծննդաբերության ընթացքում մնալ արթուն և զգոն, ինչպես նաև զգացնել տալ ճնշման զգացողությունը: Այս մեթոդը հնարավորություն է տալիս ծննդաբերության երկրորդ փուլում ճիգեր գործադրել և դուրս մղել երեխային: Դեղի ցավազրկող ազդեցությունը սկսում է 15 րոպե անց:
Որքա՞ն ժամանակ է պահպանվում ցավազրկումը։
Ցավազրկումն էպիդուրալ անզգայացման միջոցով կարելի է շարունակել այնքան ժամանակ, որքան առկա է դրա կարիքը: Էպիդուրալ անզգայացման ժամանակ օգտագործվող դեղերի քանակը կարելի է ավելացնել կամ պակասեցնել՝ ըստ անհրաժեշտության:
Կարո՞ղ է էպիդուրալ անզգայացումը դանդաղացնել ծննդաբերությունը կամ հանգեցնել կեսարյան հատման։
Այս մասին բավարար հիմնավորված ապացույցներ չկան։ Սովորաբար, այլ գործոնները կարող են դանդաղեցնել ծննդաբերության ընթացքը, որոնց դեպքում ցուցված է կեսարյան հատումը (երեխայի չափը, դիրքը): Էպիդուրալ անզգայացման ժամանակ կինը կարող է զգալ կծկանքները, պարզապես, դրանք ցավոտ չեն լինի, և նա կկարողանա արդյունավետ կերպով ճիգեր գործադրել ու դուրս մղել երեխային: Կան ապացույցներ, որ էպիդուրալ անզգայացման կիրառումը կարող է արագացնել ծննդաբերության առաջին փուլը՝ թույլ տալով մորը հանգստանալ:
Կարո՞ղ է էպիդուրալ անզգայացումը վնասել երեխային:
Այն դեղաչափի քանակը, որն էպիդուրալ անզգայացման ժամանակ ընկերքի միջոցով կարող է հասնել երեխային, չնչին է, և չկա որևէ ապացույց դրա վնասակար ազդեցության մասին։
Կա՞ն ռիսկեր և կողմնակի ազդեցություններ:
Էպիդուրալ անզգայացումն անվտանգ է. լուրջ բարդությունները չափազանց հազվադեպ են: Այնուամենայնիվ, ինչպես բոլոր դեղերի և բժշկական միջամտությունների դեպքում, այս պարագայում ևս կան կողմնակի ազդեցությունների որոշ ներուժ:
Զարկերակային ճնշման անկում: Դեղերը կարող են իջեցնել արյան ճնշումը, ինչը կդանդաղեցնի երեխայի սրտի զարկերը: Այս զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկ է ընդունել լրացուցիչ հեղուկներ, անհրաժեշտ է երբեմն պառկել կողքի վրա: Որոշ դեպքերում, անեսթեզիոլոգը կարող է դեղեր նշանակել՝ արյան ճնշումը նորմայի սահմաններում պահպանելու համար:
Մեջքի ցավեր: Հնարավոր են ցավեր մեջքի ստորին հատվածում՝ ասեղի մուտքի շրջանում, որը պետք է տևի ոչ ավելի, քան մի քանի օր: Որևէ ապացույց չկա, որ էպիդուրալ անզգայացումը կարող է մեջքի մշտական ցավի պատճառ դառնալ:
Գլխացավ:Հազվագյուտ դեպքերում ասեղը ծակում է ողնուղեղը պատող թաղանթը, ինչը կարող է նպաստել գլխացավերի առաջացման։ Բուժման բացակայության պարագայում դրանք կարող են տևել մի քանի օր։ Եթե նման իրավիճակ ստեղծվի, անհրաժեշտ է անեսթեզիոլոգի հետ քննարկել բուժման տարբերակները:
Ի՞նչ է համակցված ողնուղեղային-էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերության ժամանակ ողնուղեղային անզգայացումը երբեմն կիրառվում է էպիդուրալ անզգայացման հետ համատեղ՝ ծննդաբերական ցավի անհապաղ վերացման նպատակով: Ողնուղեղային անզգայացումն, ինչպես և էպիդուրալը, իրականացվում է մեջքի ստորին հատվածում ներարկման միջոցով: Մինչդեռ հղին նստած կամ պառկած է կողքի վրա` անկողնում, փոքր քանակությամբ դեղ է ներարկվում ողնուղեղային հեղուկի մեջ՝ մարմնի ստորին կեսի թմրածությունն ապահովելու նպատակով: Այն լավ թեթևացնում է ցավը և սկսում արագ գործել, բայց տևում է ընդամենը մեկ կամ երկու ժամ: Դա, սովորաբար, ծննդաբերության ընթացքում իրականացվում է միայն մեկ անգամ: Էպիդուրալ անզգայացումն ապահովում է շարունակական ցավազրկում` ողնուղեղային անզգայացման ավարտից հետո:
Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ընթացքում կիրառվող ցավազրկման ամենատարածված տեսակն է:
Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...
Կարդալ ավելին»Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»