«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կրծքով կերակրումը և ալկոհոլը

Կրծքով կերակրումը և ալկոհոլը

2025 Օգս 13, Չորեքշաբթի

Կերակրող մայրերը հաճախ ստանում են հակասական խորհուրդներ տարբեր բժիշկներից ու խորհրդատուներից այն հարցի շուրջ, թե արդյոք ալկոհոլի օգտագործումը կարող է բացասաբար ազդել երեխայի վրա...։ Նախկինում լայն տարածում ուներ այն կարծիքը, որ ալկոհոլը կարող է օգտակար լինել կրծքով կերակրման ընթացքում։ Շատ բժիշկներ անգամ մայրերին խորհուրդ էին տալիս խմել ալկոհոլ (ավելի հաճախ գինի կամ գարեջուր), որպեսզի թեթևացնեն սթրեսը, խթանեն լակտացիան և բարելավեն երեխայի քունը։ Հավանաբար, հենց այս պատճառով է, որ աշխարհում կերակրող մայրերի 30–80%-ը կրծքով կերակրման ընթացքում որևէ չափաբաժնով ալկոհոլ օգտագործում է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նորվեգիայում՝ 1990-ականներին, երբ 83% մայրեր ալկոհոլ էին օգտագործում։ 2000-ականներին այդ թիվը նվազեց մինչև 79%։ Նորվեգիայում յուրաքանչյուր չորրորդ կերակրող մայր, որը խմում էր, ընդունում էր օրական ավելի քան 5 ստանդարտ չափաբաժին ալկոհոլ (1 չափաբաժին՝ 10–14 գ սպիրտ ցանկացած ալկոհոլային խմիչքում)։ Համեմատության համար՝ ԱՄՆ-ում միայն 35% մայրեր են ալկոհոլ օգտագործում կրծքով կերակրման ժամանակ։

Խմե՞լ, թե՞ չխմել ալկոհոլ կրծքով կերակրման ընթացքում

Ալկոհոլի ազդեցությունը երեխայի վրա կախված է մոր կողմից ընդունված ալկոհոլի քանակից, մոր առողջական վիճակից, մարմնի զանգվածից և ալկոհոլ ընդունելուց մինչև կերակրումը անցած ժամանակից։ Թեև որոշ կազմակերպություններ (օր.՝ La Leche League International) դեռ պնդում են, որ վերահսկվող քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է անվնաս լինել, եթե կաթում պարունակվում է միայն աննշան քանակություն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի բժշկական համայնքները, որպես ամենաանվտանգ տարբերակ, դիտարկում են մայրերի լիակատար հրաժարումը ալկոհոլից։ Որպես այլընտրանք՝ նրանք խորհուրդ են տալիս կերակրել միայն այն ժամանակ, երբ անցել է ալկոհոլի քայքայման համար անհրաժեշտ ժամանակը ՝ յուրաքանչյուր չափաբաժնի համար մոտավորապես 2 ժամ։ Ավելի պահպանողական դիրքորոշում ունեցող համայնքները (օրինակ՝ Կանադա) նույնիսկ նշում են, որ անհրաժեշտ է կաթը, որը արտադրվել է ալկոհոլի ընդունումից հետո, ամբողջությամբ կթել ու թափել։ Սակայն ապացուցված է, որ այս միջոցառումը չի նվազեցնում կաթում ալկոհոլի խտությունը․ քանի դեռ մոր արյան մեջ առկա է ալկոհոլ, այն առկա է նաև կաթում, թեև զգալիորեն ցածր մակարդակով՝ մոր արյան խտության մոտավորապես 5–6%-ի չափով։ Ալկոհոլն անցնում է կաթի մեջ արդեն ընդունումից 30–60 րոպե անց։

Վերջին բժշկական տվյալները

Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլը չի կարող համարվել անվտանգ որևէ չափաբաժնով՝ անկախ ալկոհոլի տեսակից և օգտագործողի տարիքից։ Հետևաբար, այն կարծիքը, թե մեկ չափաբաժին ալկոհոլը, որն ընդունվել է կերակրումից առնվազն 2 ժամ առաջ, անվնաս է երեխայի համար՝ սխալ է։ Հավանական է, որ ալկոհոլի «սահմանափակ անվտանգությունը» տարածվում է ալկոհոլի արտադրողների հակազդման շնորհիվ։ Կան տվյալներ, որ այն երեխաները, որոնց մայրերը ալկոհոլ են օգտագործել հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ, հետագայում ալկոհոլային կախվածությունից ավելի հաճախ են տառապում։

Ալկոհոլի վնասները կերակրող մոր և երեխայի համար

  • Միֆերի հակառակ՝ ալկոհոլը նվազեցնում է կաթի արտադրությունը․ մեկ չափաբաժինը (մոտավորապես 12 գ սպիրտ) 2 ժամում կաթի արտադրությունը նվազեցնում է միջինում 9%-ով։ Սա պայմանավորված է օքսիտոցին հորմոնի ճնշմամբ, որն ապահովում է կաթի հոսքը։
  • Ալկոհոլը կրճատում է լակտացիայի ընդհանուր տևողությունը․ մայրերը, որոնք օրական օգտագործում են առնվազն 2 չափաբաժին ալկոհոլ, երկու անգամ ավելի հաճախ են դադարեցնում կերակրումը։
  • Ալկոհոլը թուլացնում է մոր ռեֆլեքսները և արձագանքը վտանգավոր իրավիճակներին։ Եթե մայրն ալկոհոլ օգտագործելուց հետո քնում է երեխայի հետ նույն մահճակալում, դա զգալիորեն բարձրացնում է հանկարծակի մանկական մահվան համախտանիշի ռիսկը։
  • Մանկան կաթի ընդունումը նվազում է մինչև 20%՝ մոր կողմից ալկոհոլ ընդունելուց հետո առաջին 4 ժամվա ընթացքում։
  • Ալկոհոլը խախտում է մանկան քնի կառուցվածքը․ քունը դառնում է ավելի կարճ (մոտավորապես 25%-ով) և ավելի անկանոն քնի փուլը նվազում է։ Սա կարող է ազդել տեղեկությունների մշակման և հիշողության ձևավորման վրա։
  • Ալկոհոլ օգտագործող մայրերի երեխաների մոտ ավելի հաճախ են նկատվում հոգեմոտոր զարգացման հետաձգում և աճի դանդաղում։

Որքա՞ն արագ է դուրս գալիս ալկոհոլը մոր օրգանիզմից

Միջինում յուրաքանչյուր չափաբաժնի մարսման և օրգանիզմից հեռացման համար պահանջվում է մոտավորապես 2 ժամ։ Եթե օգտագործվել է 2 չափաբաժին՝ մոտավորապես 4 ժամ, 3 չափաբաժին՝ մոտավորապես 6 ժամ։ Ժամանակը հաշվարկվում է ալկոհոլի ընդունման սկզբից։

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Սեպ 15, Երկուշաբթի | Լուրեր

Արգանդի վզիկի էկտոպիա. ի՞նչ է դա և ինչպե՞ս վարվել

Արգանդի վզիկի էկտոպիան (կամ էկտրոպիոնը) վիճակ է, երբ արգանդի վզիկը ծածկող երկու տեսակի էպիթելի սահմանը տեղափոխվում է նրա արտաքին հեշտոցային մակերեսի վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը