2026 Մայ 12, Երեքշաբթի
Կրծքով կերակրման շուրջ տարածված են բազմաթիվ միֆեր, որոնք հաճախ ազդում են մայրերի վստահության և կերակրման շարունակականության վրա։
Միֆ 1․ «Իմ կաթը թափանցիկ է, հետևաբար՝ ոչ սննդարար»
Փաստ․ Կրծքի կաթի արտաքին տեսքը չի արտացոլում սննդարար արժեքը։ Մեկ կերակրման ընթացքում կաթի բաղադրությունը փոխվում է՝ կերակրման սկզբում արտադրվում է առաջնային՝ ավելի ջրային կաթ, իսկ կերակրման վերջում՝ հետին կաթ, որը առավել հարուստ է ճարպերով և ապահովում է երեխայի քաշի ավելացումը։ Այդ ամենով պայմանավորված շատ կարևոր է կերակրել առնվազն 15 րոպե յուրաքանչյուր կուրծքը, որպեսզի փոքրիկը ստանա նաև ճարպով հարուստ հետին կաթը։ Կաթն իր բաղադրությունը փոխում է նաև օրվա ընթացքում ( օրինակ առավոտյան կաթը ավելի կալորիական է), երեխայի հիվանդ լինելու ժամանակ ( ավելի շատ հակամարմիններ և իմունոգլոբուլիններ է պարունակում): Յուրաքանչյուր մայրիկի կաթն իդեալական է իր իսկ փոքրիկի համար։
Միֆ 2․ «Փոքր կուրծք ունեցող մայրերը քիչ կաթ ունեն»
Փաստ․ Կաթնարտադրությունը կախված չէ կրծքի չափից։ Եվ՛ մեծ, և՛ փոքր չափի կրծքերում գեղձային հյուսվածքը, որը արտադրում է կաթ նույն քանակի է։
Միֆ 3․ «Երեխան հաճախ է կերակրվում, նշանակում է կաթը քիչ է»
Փաստ․ Նորածինների հաճախակի կերակրումը (օրական 8–12 և ավելի անգամ) ֆիզիոլոգիական է։ Հաճախակի ծծումը խթանում է կաթնարտադրությանը և չի նշանակում, որ կաթը բավարար չէ։ Երեխան իր իսկ ծծելով ապահովում է կաթի քանակը, հենց դա էլ ընկած է կաթնարտադրության կարգավորման հիմքում։
Միֆ 4․ «Սթրեսի դեպքում կաթը անհետանում է»
Փաստ․ Սթրեսը կարող է ժամանակավորապես դժվարացնել կաթի հոսքը, սակայն կաթնարտադրությունը մնում է նույնը։ Հանգիստ միջավայրն ու մաշկը մաշկին շփումը նպաստում են կաթի հոսքի վերականգնմանը։
Միֆ 5․ «Եթե մայրը հիվանդ է, պետք է դադարեցնել կրծքով կերակրումը»
Փաստ․ Շատ հիվանդությունների դեպքում պետք է շարունակել կրծքով կերակրել, քանի որ կաթով փոխանցվում են հակամարմիններ, որոնք ապահովում են երեխայի իմունիտետը։
Միֆ 6․ «Կրծքով կերակրելը ցավոտ է»
Փաստ․ Ցավը նորմալ չէ։ Սկզբնական զգայունություն հնարավոր է, սակայն արտահայտված ցավը սովորաբար կապված է ոչ ճիշտ ամրակցման կամ սխալ դիրքի հետ և պահանջում է մասնագիտական աջակցություն։
Ցավոտ կերակրման դեպքոմ կարող եք դիմել Մարգարյան ծննդատուն
Միֆ 7․ «Կրծքով կերակրող մայրը պետք է խիստ դիետա պահի»
Փաստ․ Եթե երեխայի մոտ հաստատված ալերգիա չկա, ապա սննդային որևէ սահմանափակման անհրաժեշտության կարիք չկա։ Կրծքով կերակրման ժամանակ մայրիկը պետք է սնվի առողջ, բալանսավորված և բազմազան։
Միֆ 8․ «Խտացրած կաթը շատացնում է կրծքի կաթի քանակը»
Փաստ․ Կրծքի կաթը շատացնող մթերքներ, թեյեր գոյություն չունեն։ Կաթի արտադրությունը խթանվում է երեխայի հաճախ և էֆեկտիվ կուրծքը դատարկելով։
Միֆ 9․ «6 ամսից հետո կրծքի կաթը արժեք չունի»
Փաստ․ Կրծքի կաթը շարունակում է ապահովել սննդարար և իմունային աջակցություն նաև 6 ամսից հետո։ Առողջապահական միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս շարունակել կրծքով կերակրումը մինչև 2 տարեկան և ավելի՝ երեխայի և մոր ցանկությամբ։
Միֆ 10․ «Եթե մայրը վերադառնում է աշխատանքի, կրծքով կերակրումը պետք է ավարտել»
Փաստ․ Ճիշտ կազմակերպված կրծքի կթումը և կաթի պահեստավորումը թույլ են տալիս պահպանել կաթնարտադրությունը և շարունակել կերակրումը աշխատանքին զուգահեռ։
Միֆ 11. « Կրծքով կերակրման ժամանակ չի կարելի սուրճ խմել»
Փաստ. Կրծքով կերակրման ժամանակ կարելի է սուրճ խմել։ Օրական 1-2 բաժակը անվտանգ է համարվում, սակայն հիշեք, եթե դուք թեյ ևս խմում եք, ապա կրծքի կաթի մեջ շատանում է կոֆեինի քանակը, որը կարող է անհանգստություն, գրգռվածություն և անքնություն առաջացնել երեխայի մոտ։
Միֆ 12. «Կրծքով կերակրող մայրը չի կարող դեղամիջոց ընդունել»
Փաստ․ Դեղամիջոների մեծ մասը համատեղելի է կրծքով կերակրման հետ։ Անհրաժեշտության դեպքում մայրը պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ առավել անվտանգ տարբերակը ընտրելու համար ։
Միֆ 13. «Կրծքով կերակրումը փոխում է կրծքի ձևը»
Փաստ. Հղիության և կրծքով կերակրման ժամանակ կրծքագեղձի մաշկի ճիշտ խնամքը օգնում է, որ կրծքով կերակրման ավարտից հետո կուրծքը վերադառնա իր նախածննդյան տեսքին։ Սակայն պետք է հիշել, որ հաճախակի հղիությունները, կարճ ինտերվալները հղիությունների միջև, կարող են բերել կրծքագեղձերի տեսքի փոփոխման։
Միֆ 14. « Մայրիկը պետք է բացառի կրծքով կերակրման ժամանակ կաղամբի, լոբու օգտագործումը, որ երեխայի մոտ գազեր չառաջանան»
Փաստ. Երեխայի մոտ աղիքային խիթերը ( կոլիկաները) առաջանում են անկախ մայրիկի ընդունած սննդից։ Նշված մթերքներից առաջացած գազերը չեն անցնում կրծքի կաթի մեջ, մնում եմ մայրիկի աղիներում, պատճառելով դիսկոմֆորտ մայրիկին ։
Միֆ 15. « Կրծքով կերակրման ժամանակ սպորտով չի կարելի զբաղվել, քանի որ կաթը կրծքում կթթվի»
Փաստ. Կաթը կրծքում չի կարող թթվել։ Մայրիկը կարող է զբաղվել սպորտով իր բժշկի հետ խորհրդակցելուց հետո՝ ընտրելով մաքսիմալ հարմար սպորտաձև, խուսափելով սննդի կալորիաների խիստ սահմանափակումից, քանի որ կաթն արտադրելու համար մայրիկը 400-600կկալ է ծախսում, և պահպանելով ջրային բալանսը։
Կրծքով կերակրման վերաբերյալ ապատեղեկատվությունը կարող է վախեցնել մայրիկներին, սակայն գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն և մասնագիտական աջակցություն ունենալով, մայրիկները կունենան հաջողված կրծքով կերակրում։
Աղբյուրներ
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»