2021 Ապր 12, Երկուշաբթի
Երեխաներն առողջ ամուսնության գագաթնակետն են։
(ՌՈՒԴՈԼՖ ՆՈՅԲԵՐՏ)
Սեռավարակների ի՞նչ տեսակներ կան և որքանո՞վ են վտանգավոր կանանց համար:
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (ՍՃՓՀ) շատ տարբեր են. դրանցից են՝ խլամիդիոզը, սեռական հերպեսը, սիֆիլիսը, ուրոգենիտալ տրիխոմոնիազը, հոնորեան, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը, մարդու պապիլոմավիրուսը, կանդիդոզը, ցիտոմեգալովիրուսը և այլն:
Սեռավարակները կարող են անպտղության պատճառ լինել, նաև առաջացնել հղիության տարբեր բարդություններ: Չհայտնաբերված կամ ժամանակին չբուժված ՍՃՓՀ-ները կարող են առաջացնել վիժում, վաղաժամ ծննդաբերություն, պտղի ներարգանդային վարակում:
Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում սեռավարակները:
Խլամիդիոզը հաճախ ընթանում է առանց ախտանշանների: Այն կարող է վիժման պատճառ լինել, առաջացնել ընկերքի և պտղաթաղանթների զարգացման ախտահարում՝ վնասելով պտղի ներքին օրգանները:
Սեռական հերպեսը մեծ վտանգը ներկայացնում է այն ժամանակ, երբ առաջնային վարակը լինում է հղիության ընթացքում։ Այս դեպքում մեծ է պտղի հերպեսով վարակվածության հավանականությունը՝ ներարգանդային կյանքում կամ ծննդաբերության ընթացքում, մոր ծննդաբերական ուղիներով անցնելիս։:
Եթե կնոջ մոտ սիֆիլիսը ախտորոշվում է հղիության ընթացքում, կարող է առաջացնել ուշ վիժում՝ սովորաբար 12-16 շաբաթների ընթացքում, մեռելածնություն, վաղաժամ ծննդաբերություն, ներարգանդային կյանքում սիֆիլիսով վարակված երեխաների ծնունդ: Մոր և երեխայի համար հիվանդության լուրջ հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին իրականացնել լիարժեք բուժում: Սիֆիլիսի բուժման ժամանակակից մեթոդները մեծ հավանականությամբ կանխում են երեխայի բնածին սիֆիլիսը:
Ուրոգենիտալ տրիխոմոնիազը մեծացնում է վիժման վտանգը: Հնարավոր է նաև, որ երեխան` ծննդաբերական ուղիներով անցնելիս, վարակվի տրիխոմոնիազով:
Հոնորեան վտանգավոր է, հիմնականում, հղիության սկզբում: Այն կարող է առաջացնել վիժում, չզարգացող հղիություն։
Ուրեապլազմոզը և միկոպլազմոզը պտղի վրա տերատոգեն ազդեցություն չունեն, այնուամենայնիվ, դրանք հղիության փոքր ժամկետներում հաճախ առաջացնում են վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն։
Մարդու պապիլոմավիրուսը (HPV) օրգանիզմում չի նվազեցնում հաջող բեղմնավորումը, չի վտանգում նորմալ հղիության և բնական ծննդաբերության ընթացքը, չի առաջացնում նաև պտղի արատներ և չի մեծացնում վաղաժամ ծննդաբերության վտանգը: Սակայն, ուռուցքային բարձր ռիսկի HPV-ի առկայության դեպքում, անհրաժեշտ է հղիության պլանավորման փուլում անցկացնել արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն (նորմալ արդյունքների դեպքում հղիությունը հակացուցված չէ): Եթե հայտնաբերվեն արգանդի պարանոցի անցանկալի փոփոխություններ, գինեկոլոգը կարող է խորհուրդ տալ նախ` բուժում անցնել, իսկ հետո` սկսել հղիության պլանավորումը:
Կանդիդոզն ամենատարածված հիվանդությունն է, որը հանդիպում է հղիության ընթացքում: Հղիների մոտ կանդիդոզի կրկնության հաճախականությունը 2-3 անգամ հաճախ է, քան ոչ հղի կանանց մոտ: Այս հիվանդությունը չի կարելի անվնաս համարել, քանի որ առկա է պտղին անցնելու վտանգ ո՛չ միայն ծննդաբերության, այլ նաև` հղիության ընթացքում: Կանդիդայի սնկերը կարող են վնասել նորածնի մաշկը, լորձաթաղանթները, թոքերը և այլ ներքին օրգաններ։
Ցիտոմեգալովիրուսը (CMV) բնածին վիրուսային վարակի առավել հաճախ հանդիպող պատճառ է։ Վիրուսը հիվանդացության զգալի պատճառներից է հատկապես ախտանշաններ ունեցող նորածինների մոտ, ինչը նաև նեյրոսենսոր ծանրալսության ոչ գենետիկ հիմնական պատճառ է, ինչպես նաև նյարդաբանական խանգարումների զգալի պատճառներից է։
B խմբի streptococcus-ը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, բայց պատկանում է օրգանիզմի պայմանական ախտածին միկրոֆլորային: Այնուամենայնիվ, այս հարուցչի հետազոտությունը կարևոր է հղիության պլանավորման և ծննդաբերության նախապատրաստման համար: B խմբի streptococcus-ի պատճառած հիվանդությունների շրջանակը շատ լայն է: Այն տատանվում է սեպտիկ վիժումից մինչև նորածնային սեպսիս, և հաճախ վաղաժամ ծննդաբերության և նորածնի ծանր թոքաբորբի պատճառ է։
Սեռավարակների ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ կան:
Հղիության պլանավորման փուլում ամուսնական զույգը պետք է հետազոտվի ՍՃՓՀ-ների առկայության նկատմամբ: Վարակ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անցկացնել համատեղ բուժում, խուսափել պատահական սեռական հարաբերություններից, օգտագործել հակաբեղմնավորիչների հուսալի մեթոդներ, հղիության ընթացքում սեռական ակտի ժամանակ կիրառել պահպանակ` որպես պաշտպանիչ ամենահուսալի միջոց, հղիության հսկողության ընթացքում անցնել սեռավարակների հետազոտություն՝ բժշկի կողմից առաջարկվող ժամկետում։ ՍՃՓՀ հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է խստիվ կատարել բժշկի կողմից նշանակված բուժումը։
Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»
1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո, հղիության ընթացքում կարելի է հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին: Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման: 11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»