«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կնոջ վերականգնումը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ

Կնոջ վերականգնումը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ

2021 Դեկ 19, Կիրակի

Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:

Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից, և՛ կեսարյան հատումից հետո հետծննդյան շրջանում վերականգնվումն ընթանում է նորմալ:

Հետծննդյան 42 օրվա ընթացքում այն բոլոր օրգան-համակարգերը, որոնք հղիության ընթացքում ենթարկվել են հորմոնալ փոփոխությունների, սովորաբար, վերականգնվում են, և վերադառնում նախկին վիճակին` կաթնագեղձերից բացի, որոնք կրծքով կերակրման ամբողջ ընթացքում  մնում են դեռևս փոփոխված:

Հետծննդյան շրջանում կնոջ վերականգնման համար կարևոր է օրվա ռեժիմի ճիշտ կազմակերպումը, լիարժեք քունը, լիարժեք սնունդը և այլն:

Որքա՞ն ժամանակ է կինը մնում ծննդատանը և անհրաժե՞շտ է անկողնային ռեժիմ:

Նորմալ ծննդաբերած առողջ կինը ծննդատանը մնում է 2-3 օր, որի ընթացքում կազմակերպվում է նրա հսկողությունը և խնամքը: Կեսարյան հատման դեպքում այդ ժամկետը տևում է 4-5 օր:

Անկողնային ռեժիմ պահպանում են այն կանայք, որոնք ծննդաբերում են բարձր զարկերակային ճնշման առկայությամբ (ծանր պրեէկլամպսիա), կամ ծննդաբերության ժամանակ արյան մեծ կորուստ է լինում: Այդ կանանց զգալի մասը ծննդալուծվում է կեսայան հատման ճանապարհով և առաջին օրերին պահպանում է անկողնային ռեժիմ: Առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք անցնում են ակտիվ վիճակի:

Քրոնիկ հիվանդություններ ունեցող կանանց վերականգնման շրջանում կա՞ն առանձնահատկություններ:

Եթե կինն ունի հիվանդություններ, հետծննդյան շրջանում գտնվում է նեղ մասնագետների հսկողության տակ (սրտաբան, էնդոկրինոլոգ և այլն), իրականացվում են հավելյալ հետազոտություններ՝ ԷՍԳ, սրտի էխոգրաֆիա, իրականացվում է համապատասխան բուժում:

Արգանդի կրճատման ի՞նչ նպաստող գործոններ կնշեք:

Արգանդի կրճատման լավագույն միջոցը կրծքով ճիշտ կերակրումն է, որի դեպքում հավելյալ միջամտությունների կարիք չի լինում:

Լինում են դեպքեր, երբ արգանդը լավ չի կրճատվում, լինում է չափից մեծ: Դա հաճախ դիտվում է խոշոր պտուղների, բազմապտուղ հղիությունների ժամանակ, երեք և ավելի անգամ ծննդաբերած կանանց մոտ: Այդ դեպքում կնոջը նշանակվում է արգանդը կրճատող դեղ՝ օքսիտոցին: Զուգահեռ շտկվում են ճիշտ կերակրման հարցերը, որ արգանդի հետագա կրճատումն ընթանա բնականոն:

Վերականգնման ընթացքի հսկողության նպատակով հետազոտություններ իրականացվո՞ւմ են:

Հետծննդյան շրջանում, սովորաբար, ծննդաբերությունից 24 ժամ հետո կատարվում են արյան և մեզի ընդհանուր հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` նաև ուլտրաձայնային և արյան կենսաիմիական հետազոտություն:

Ինչպիսի՞ն է կնոջ սննդակարգը հետծննդյան շրջանում:

Եթե կինը նորմալ է ծննդաբերել, նրա սնունդը՝ կաթի որակը փոխող մթերքներից զատ (ցիտրուսային մրգեր, շոկոլադ, կծու, թթու ուտեստներ, ալկոհոլ, ծովամթերք), ոչնչով չի տարբերվում չծննդաբերած կնոջ սննդակարգից: Կինը կարող է սնվել և հեղուկներ օգտագործել ըստ պահանջի:

Ինչպե՞ս նպաստել կնոջ հոգեբանական վերականգնմանը:

Ծննդաբերությունը մեծ սթրես է կնոջ համար: Կան կանայք, որոնք ծննդաբերությունից հետո առաջանում է ծննդաբերական հոգեբանական ընկճում, հետծննդաբերական պսիխոզ, որոնք երբեմն բավականին ծանր են ընթանում: Նման դեպքերում կնոջ հետ պետք է աշխատի հոգեբանը, ով փորձում է ճշտել հոգեկան խնդիրների պատճառները և շտկել դրանք:

Մեր կենտրոնում առկա է հոգեբանի ծառայություն: Հոգեբանն աշխատում է հետծննդյան շրջանում նման խնդիրներ ունեցող կանանց հետ (զրույցներ, խորհրդատվություն) և անհրաժեշտ ժամանակահատվածում գտնվում են նրա հսկողության տակ:

Երբեմն հոգեբանները զբաղվում են նաև ընտանիքների հետ և հարազատներին կանանց նկատմամբ վերաբերմունքի խորհուրդներ են տրվում:

Կնոջ քունը հետծննդյան շրջանում:
Ծննդաբերությունից հետո վերականգնման համար կարևոր նշանակություն ունի լիարժեք քունը: Բայց, քանի որ երեխային 3-4 ժամից ավելի առանց կերակրման չի կարելի թողնել, կնոջ գիշերային քունն անցնում է ընդհատումներով: Գիշերային կերակրումները բացառել հնարավոր չէ, որովհետև դրանք անհրաժեշտ են երեխայի աճող օրգանիզմին և նպաստում են նաև կաթնարտադրությանը: Կնոջ քնի և հանգստի պակասը խորհուրդ է տրվում լրացնել ցերեկվա ժամերին, երբ երեխան քնած է:

Ինչպիսի՞ն պետք է լինի կնոջ ֆիզիկական ծանրաբեռվածությունը հետծննդյան շրջանում:

Հետծննդյան 42-օրյա շրջանում կինը, բնականաբար, պետք է խուսափի ծանրություն կրելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից, զերծ մնա սեռական հարաբերություններից: Կարող է կատարել թեթև մարզումներ,  զբաղվել յոգայով: Յուրաքանչյուր կին իր օրգանիզմն ավելի լավ է ճանաչում, և մարզումները նույնպես անհատական են:

42 օր անց արդեն սահմանափակումներ չկան, և կինը կարող է զբաղվել ակտիվ ապրելակերպով և սպորտով:


+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը