«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով

Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով

2024 Հուն 23, Երեքշաբթի

Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Դրվել է ախտորոշում․ «Հղիություն, 34 շաբաթ և 5 օր։ Զույգ պտուղ։ Բարդացած գինեկոլոգիական անամնեզ (ԲԳԱ)՝ ձախ ձվարանի կիստոմա։ Բարդացած սոմատիկ անամնեզ (ԲՍԱ)՝  վարիկոզ հիվանդություն։ Վաղաժամ ծննդաբերության սպառնալիք»:

Նկար 1։ Կիստոմայի ՈՒՁՀ պատկեր։

Ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերված ձախ ձվարանի կիստոմայի չափերը եղել են՝ 165*120 մմ (նկ. 1):

Իրականացվել է տոկոլիտիկ, սպազմոլիտիկ և հակաէմետիկ թերապիա։ Որոշվել է սպիտակուցի առկայությունը մեզի 1 չափաբաժնի մեջ, որը կազմել է 7,1 գ/լ-ում։

Զարկերակային ճնշումը եղել է նորմայի սահմաններում։ Որոշվել է հղիին ծննդալուծել կեսարյան հատման ճանապարհով՝ պլանային կարգով, և իրականացնել կիստոմայի հեռացում։

Կատարվել է կեսարյան հատում․ տոտիկներով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,980 գ քաշով, 44 սմ հասակով, ապա գլխիկով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,780 գ քաշով, 42 սմ հասակով։ Նորածիններն, ըստ Ապգարի սանդղակի, գնահատվել են 7/7 բալ։

Արգանդի ամբողջականությունը վերականգնվել է վիկրիլե անընդհատ կարերով՝ ըստ Ռևերդենի, այնուհետև հեռացվել է կիստոման և ուղարկվել շտապ հյուսվածաբանական հետազոտության՝ վիրահատության հետագա ծավալը որոշելու նպատակով։                        

Նկար 2։ Կիստոման՝ ինտրաօպերացիոն։

Կիստոմայի չափերը եղել են 16,0*20,0 սմ (նկ. 2

Հեռացված կիստոմայի հյուսվածաբանական պատկերը համադրելի է եղել սերոզ ցիստադենոմայի հետ (նկ. 3


 
Նկար 3։ Սերոզ ցիստադենոմայի հյուսվածաբանական պատկեր։

Կատարվել է որովայնի խոռոչի դրենավորում։ Արյան կորուստը կազմել է 600,0 մլ, մարմնի զանգվածի մոտավորապես 0,8 %-ը։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժառուն դուրս է գրվել բավարար վիճակում։

Հղիության ընթացքում ձվարանների զանգվածային նորագոյացությունների մասին համառոտ տեղեկատվություն

ՄՄԱՊԳՀԿ-ի մասնագիտական թիմից այս կլինիկական դեպքի շրջանակում աշխատել են Ա.Կ. Բլբուլյանը, Կ.Կ. Առուստամյանը, Ա.Ռ Բադալյանը, Է. Բ. Հարությունյանը։
 
Հղիությունների մոտավորապես 0,2-2%-ն ուղեկցվում է հավելումների նորագոյացությունների առաջացմամբ։ Դրանց մեծամասնությունն առաջանում են ձվարաններից, հայտնաբերվում են հղիության առաջին եռամսյակում, կարող են ինքնաբերաբար վերանալ, քանի որ իրենց բնույթով, սովորաբար, պարզ ֆունկցիոնալ կիստաներ են:

Նորագոյացությունների որոշ տեսակներ չեն անհետանում և կարող են չափերով մեծանալ ու կլինիկական դրսևորումներ ունենալ:

Ախտանշանները ոչ սպեցիֆիկ են և վերագրվում են հղիության դեպքում դիտվող ֆիզիոլոգիական փոփոխություններին, որի պատճառով ախտորոշումը կարող է հետաձգվել և ախտորոշվել միայն նորագոյացության չափերով մեծացման, հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի, վարակման, չարորակացման, փոքր կոնքում կիստայի սեղմման ժամանակ, ինչը, հաճախ, պահանջում է շտապ միջամտություն: Այս հիվանդների շրջանում ոլորումներն ամենատարածված բարդությունն են: Հղիության ընթացքում ձվարանների ոլորման վտանգը բարձրանում է 5 անգամ և ավելի հաճախ հանդիպում է առաջին եռամսյակում։

Ոչ սպեցիֆիկ ախտանշաններից են մեջքի կամ որովայնի ցավը, փորկապությունը, որովայնի փքվածությունը և միզարձակման խանգարումները: Մեկ այլ դրսևորում է համարվում նախածննդյան այցելության ժամանակ որովայնում, կոնքում կամ Դուգլասյան տարածությունում հայտնաբերված շոշափվող գոյացությունը: Մյուսը որովայնի սուր ցավն է՝ կապված հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի հետ։

Հղիների մոտ ձվարանների սերոզ ցիստադենոմայի հանդիպման հաճախականությունը 5-28% է: Սերոզ ցիստադենոմաները բարակ պատերով և կիսաթափանցիկ կիստաներ են, որոնք, սովորաբար, միախոռոչ են, պարունակում են սակավ միջնապատեր և հաճախ միակողմանի են, թեև կարող են լինել նաև երկկողմանի։

Հղիության ընթացքում ձվարանների նորագոյացությունների ախտորոշման մեջ մեծ է ուլտրաձայնային հետազոտության դերը:

Մեծ չափերով կիստաների դեպքում խորհուրդ է տրվում վիրաբուժական միջամտություն։ Երկրորդ եռամսյակը համարվում է իդեալական՝ վիրաբուժական միջամտության համար, քանի որ նվազում է 1-ին եռամսյակում ինքնաբեր վիժումների և 3-րդ եռամսյակում վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը: Ե՛վ բաց վիրահատությունը, և՛ լապարոսկոպիան կարող են իրականացվել՝ հաշվի առնելով կիստայի տրամագիծը, հղիության ժամկետը և վիրաբույժի համապատասխան փորձառությունը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Ապր 21, Երեքշաբթի | Լուրեր

Երբ երկար սպասված երազանքը վերջապես դառնում է իրականություն…

Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...

Կարդալ ավելին»
2026 Ապր 24, Ուրբաթ | Պացիենտների համար

ՀՏՀ. ատամնաբուժական միջամտություններ հղիության ընթացքում

1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու  համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո,  հղիության ընթացքում կարելի է  հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն  խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր  հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին:     Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման:   11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:  

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը