Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Գրիգորի Օկոև. մարդասիրական առաքելություն` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության

Գրիգորի Օկոև. մարդասիրական առաքելություն` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության

2019 Նոյ 13, Չորեքշաբթի

Գրիգորի Գեորգիի Օկոևը Հայաստանի առողջապահության մեծ երախտավոր է ու կազմակերպիչ, մարդու վերարտադրողական առողջության գիտակ և իր իմացություններով մարդկանց երջանկություն պարգևող վաստակաշատ բժիշկ:

Ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 13-ին ք. Երևանում՝ բժիշկերի ընտանիքում: Ավագների ավանդույթին հավատարիմ` մարդասիրաբար ընտրել է բուժական գործը:

1954թ. մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի (այժմ` համալսարան) բուժական ֆակուլտետը:

Կյանքի ընկերուհի ընտրելով համակուրսեցի Մերի Աբովյանին` նրա հետ իմացությունները նախ գործադրել է մայրաքաղաքից հեռու գյուղական բուժհիմնարկում:

1955թ. նշանակվել է Կողբի հիվանդանոցի գլխավոր բժիշկ` միաժամանակ կատարելով Նոյեմբերյանի շրջանի մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները, իսկ տիկին Մերին գործունեությունը սկսել է որպես թերապևտ:

1957թ. Գրիգորի Օկոևը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել  Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում իբրև կրտսեր գիտաշխատող:

1959թ. նշանակվել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների եւ մայրերի բուժկանխարգելիչ օգնության վարչության պետի տեղակալի պաշտոնին, ինչը հնգամյա գործունեության ընթացքում նրա դրսևորած տեսական խոր իմացությունների բարեհաջող կիրառման ու կազմակերպչական ակնհայտ ունակությունների առաջին լուրջ գնահատումն էր, որը հետագայում էլ եղավ շարունակական ու անշեղ: Ընդսիմն, Գ. Գ. Օկոևը պաշտանավարել է` չկտրվելով գիտահետազոտական աշխատանքից:

1965-1973թթ. կատարել է Հայաստանի Առողջապահության նախարարության երեխաների եւ մայրերի բուժկանխարգելիչ օգնության վարչության պետի պաշտոնային պարտականությունները, միաժամանակ լինելով Առողջապահության նախարարության կոլեգիայի անդամ ու Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչը:

1969թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 1971թ. դարձել ավագ գիտաշխատող: Գ.Գ. Օկոևի տեսական ու կազմակերպչական-գործնական ունակությունները հանրաշահ նոր դրսևորումներ են ունեցել հետագա պաշտոններում ու ձեռնարկներում:

1973-1989թթ. նա հանդիսացել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, ղեկավարել է Հայաստանի առողջապահության նախարարության ծննդօգնության խորհուրդը:

Մշտապես նկատառելով եղեռնազարկ մեր ժողովրդի կրած մարդկային կորուստները լրացնելու, նրա բնականոն վերարտադրությունը` սերնդագործումը, ապահովելու անհրաժեշտությունը` հայրենասեր ու մարդասեր գործիչը հետամուտ է առկա խնդիրների հիմնավոր լուծմանը: Գ.Գ.Օկոևի հետևողականության ու եռանդուն ջանքերի շնորհիվ հիմնադրվել են հանրապետական բժշկա-գենետիկական և պերինատալ ախտորոշման կենտրոնները, որոնց հարակից հաստատությունների արդյունավետ գործունեությամբ մեզանում շատերն են ապրել մայրության բերկրանքը:

1981թ. Գ.Գ.Օկոևի գործուն մասնակցությամբ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի հենքիի վրա կազմակերպվել է մարդու վերարտադրողականության գծով Առողջապահության Համաշխարհային կազմակերպության Մոսկովյան կենտրոնի մասնաճյուղը, որն 1986թ. ստանալով ինքնուրույն կենտրոնի կարգավիճակ` միակն էր մեր տարածքաշրջանում:  Օրինաչափ է որ Գրիգորի Օկոևի ղեկավարած տարիներին Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը բժշկագիտության, ազգային առողջապահության զարգացման և կադրերի պատրաստման համար 1981թ. պարգևատրվել է «Պատվո Նշան» շքանշանով, արժանացել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի առաջին և երկրորդ աստիճանի դիպլոմների:

1992-1993թթ. Գ.Գ.Օկոևը եղել է ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի գործադիր տնօրենը: Խորհրդային տարիներին նա Մանկաբարձ-գինեկոլոգների Համամիութենական միության նախագահության խորհրդի անդամ էր:

ՀՀ վաստակավոր բժիշկ, Առողջապահության գերազանցիկ Գրիգորի Գեորգիի Օկոևը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշաններով, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով:

Մինչև կյանքի վերջը` 2004թ. դեկտեմբերի 24-ը, միշտ նրբանկատ, պրպտուն ու անխոնջ բժիշկը երիտասարդական ավյունով և արդիական մտայնությամբ շարունակեց իր մարդասիրական առաքելությունը` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության:

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

2020 Մար 19, Հինգշաբթի | Լուրեր

Ուշադրությո՛ւն. պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզի այցը Հայաստան հետաձգվում է

Հարգելի պացիենտներ, Հաշվի առնելով ամբողջ աշխարհում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, ֆրանսիացի հայտնի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեզի այցը Հայաստան հետաձգվում է մինչև 2020 թվականի աշուն։ Հետևեք մեր ֆեսբուքյան և ինստագրամյան էջերին, որտեղ մենք կհրապարակենք սպասվելիք այցի մասին լուրը։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մար 13, Ուրբաթ | Պացիենտների համար

Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը

Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և իր զարգացումն սկսում է ոչ թե արգանդում, այլ արգանդից դուրս` արգանդային փողում, ձվարանում և...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն