Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հղիության տոքսիկոզ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանի հետ

Հղիության տոքսիկոզ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանի հետ

2020 Օգս 14, Ուրբաթ

Ի՞նչ է հղիության տոքսիկոզը:
Հղիության տոքսիկոզը հղիությամբ պայմանավորված ախտաբանական վիճակ է, որը դադարում է հղիության ավարտի հետ:

Որո՞նք են տոքսիկոզի պատճառները:
Հղիության տոքսիկոզը բազմապատճառային է՝ հորմոնալ, նյարդային, ժառանգական, իմունային, տարիքային, իսկ եթե որևէ խնդրի պատճառները շատ են, արդեն պարզ է, որ դրանք ժամանակակից բժշկության համար մինչև վերջ պարզաբանված չեն:

Տոքսիկոզի ի՞նչ տեսակներ և աստիճաններ կան
Տարբերում ենք վաղ և ուշ տոքսիկոզներ: Վաղ տոքսիկոզը  հանդիպում է հղիության առաջին կեսում և հաճախ արտահայտվում հենց առաջին շաբաթից և դրսևորվում է հետևյալ ախտանիշներով.

  • մշտական սրտխառնոց ու հատկապես առավոտյան փսխումներ.
  • թքահոսություն.
  • քնկոտություն.
  • մշտական թուլություն և աշխատունակության անկում.
  • տրամադրությսն մշտական փոփոխում.
  • հոտերի նկատմամբ տհաճություն.
  • համերի փոփոխություն:


Վաղ տոքսիկոզի երեք աստիճններն են.

  • թեթև. օրական մինչև հինգ անգամ փսխում, մարմնի քաշի ոչ նշանակալի կորուստ:
  • միջին. փսխում` օրական մինչև տասն անգամ, քաշի կորուստ մինչև 10 կգ, ընդհանուր ինքնազգացողության վատացում:
  • ծանր. փսխում` քսանհինգ անգամ և շատ, քաշի անկում` 10 կգ և ավելի, նյութափոխանակության, ջրաաղային, ածխաջրատային, սպիտակուցային ճարպային խանգարում, երիկամային, լյարդային անբավարարություն, թոքի այտուցի զարգացում:

Հղիության երկրորդ կեսում տոքսիկոզի արտահայտություններն են՝  զարկերակային ճնշման բարձրացում, սպիտամիզություն, այտուցների առաջացում: Սովորաբար, այն զարգանում է հղության քսանութ շաբաթական ժամկետից, բայց քիչ չեն դեպքերը, երբ ավելի վաղ են դրսևորվում:
Տարբերում ենք թեթև, ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա:

Թեթև աստիճանի պրեէկլամպսիա:  Եթե զարկերակային ճնշումը մինչև 140/90 մմ.սս է, մեզով սպիտակուցի կորուստը` մինչև 5 պրոմիլլե, այտուցները՝ թույլ արտահայտված: Կլինիկական նշաններ, լաբորատոր տվյալների շեղումներ, որպես կանոն, չկան:
Ծանր աստիճանի պրեէկլամպսիա:  Ճնշումը 140/100 մմ.սս-ից բարձր է, մեզում սպիտակուցը` 5 պրոմիլլեից  բարձր, արտահայտված այտուցներ, կան  ուղեղային արյան շրջանառության, հիպովոլեմիայի, արյան մակարդելիության համակարգի, երիկամային ախտահարման, լյարդի ֆունկցիայի խանգարման նշաններ:
Էկլամպսիա: Սա բազմաօրգանային, բազմահամակարգային ախտահարում է, որի ֆոնին հղիի, ծննդաբերի կամ ծննդկանի մոտ զարգանում է մեկ կամ մի քանի տոնիկ, կլոնիկ ցնցումային նոպա, թոքի այտուց, ինսուլտ, մինչև` կոմա:

Հղիության փաստի հաստատումից հետո հղին պետք գտնվի մասնագետի հսկողության տակ, պետք է անցկացվեն լաբորատոր պարտադիր ու լրացուցիչ մի շարք հետազոտություններ՝ վերոհիշյալ բարդությունների առաջացումը, կանխարգելումը ժամանակին հայտնաբերելու, բուժումը արդյունավետ կազմակերպելու և բարդություններից խուսափելու համար:

Լաբորատոր  հետազոտություններից են՝ մեզի և արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտությունները, որոնց արդյունքների և կլինիկական նշանների հիման վրա էլ` ծանրության աստիճանը որոշելով, համապատասխան բուժման տևողություն և կուրս է ընտրվում:  Թեթև ձևերի դեպքում խորհուրդ է տրվում ճիշտ սննդակարգի պահպանում, օրվա ռեժիմի կարգավորում, հանգստի ճիշտ կազմակերպում, ալկոհոլի, ծխախոտի օգտագործման բացառում:

Ե՞րբ է վտանգավոր տոքսիկոզի դրսևորումը:
Եթե  վաղ տոքսիկոզը հղիի մոտ բերում է երիկամային, լյարդային անբավարարությունների, բուժման անարդյունավետության դեպքում հարց է դրվում հղիության ընդհատման՝ ելնելով կենսական ցուցումներից: Ուշ տոքսիկոզի դեպքում բարդությունները  մոր կողմից՝ ուղեղի այտուց, կաթված, էնցեֆալոպաթիա, սրտային անբավարարություն, թոքային անբավարարություն, երիկամային անբավարարություն, տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ, հղիության ընթացքի հետ կապված բարդություններ՝ պտղի ներարգանդային աճի դանդաղում, պտղի ներարգանդային թթվածնաքաղցից մինչև ներարգանդային մահ,  նորմալ տեղակայված ընկերքի շերտազատում` արյունահոսությամբ, վաղաժամ ծննդաբերություն:

Որո՞նք են տոքսիկոզի  ռիսկային գործոնները:

  • Տարիքավոր  առաջնածին՝ 30 տարեկանից բարձր,
  • պատանի առաջնածին` մինչև 19 տարեկան,
  • բարդացած սոմատիկ անամնեզ ունեցողներ կանայք,
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,
  • երիկամային  հիվանդություններ,
  • էնդոկրին համակարգի խանգարումներ,
  • բազմապտուղ հղիություն,
  • գերջրություն,
  • վաղ տոքսիկոզ,
  • ռեզուս-կոնֆլիկտ,
  • ուշ տոքսիկոզ նախորդ  հղիությունների ժամանակ,
  • կարճ ընդմիջումներով հաճախակի ծննդաբերություն,
  • հղիության ընդհատումներ ունեցող կանայք,
  • ժառանգական գործոն,
  • աուտոիմուն հիվանդություններ,
  • սոցիալական ու էկոլոգիական խնդիրներ:

Տոքսիկոզի կանխարգելման ի՞նչ եղանակներ կան
Մինչև հղիության պլանավորումը պետք է անցկացնել մասնագետների կողմից բազմակողմանի հետազոտություններ և որևէ ախտաբանության հայտնաբերման դեպքում դեպքում անցկացնել լիարժեք բուժում: Պլանավորելիս բացառել բոլոր վնասակար սովորությունները, իսկ հղիության հաստատման դեպքում կազմակերպել օրվա ճիշտ  ռեժիմ՝ ցերեկային հանգիստ, գիշերային լիարժեք քուն, ֆիզիկական ծանրաբեռնվածությունների սահմանափակում, սթրեսների բացառում, զբոսանքներ, սննդակարգի ճիշտ կազմակերպում. վիտամիններով, հանքային աղերով, միկրոէլեմենտներով, սպիտակուցներով հարուստ, փոքրիկ չափաբաժիններով և հաճախակի սննդի ընդունում, բացառելով   յուղոտ, ածխաջրատներով, աղի, սուր համեմունքներով սնունդ:
Հղին պետք է խնամքով վերաբերվի իր հղիությանն ու ապագա նորածնի առողջությանը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը