Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կարմրախտը և ջրծաղիկը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանի հետ

Կարմրախտը և ջրծաղիկը հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանի հետ

2020 Սեպ 15, Երեքշաբթի

Որքա՞ն հաճախ են հանդիպում կարմրախտ և ջրծաղիկ վարակները հղիության ժամանակ:

Վարակները հղիության ժամանակ քիչ են հանդիպում. 2000-3000 դեպքերից՝ 1-1,5 տոկոս դեպքերում: Ընդ որում, կարմրախտն ավելի քիչ է հանդիպում:
Վարակները հիմնականում արտահայտվում են մանկական տարիքում: Այն հղիները, որոնք նախկինում չեն տարել այդ հիվանդությունները, հիվանդի հետ շփման դեպքում կարող են վարակվել` անկախ տարիքից: Կարմրախտի հետ շփումը պետք է երկար լինի, քանի որ վարակվելու հավանականությունն ավելի քիչ է, իսկ ջրծաղկի դեպքում վարակն արագ է տարածվում:

Ինչպե՞ս են արտահայտվում կարմրախտը և ջրծաղիկը:

Կարմրախտը և ջրծաղիկը վարակիչ հիվանդություններ են, փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով:  Ջրծաղկի հարուցիչը հերպեսի խմբին պատկանող վիրուսն է, իսկ կարմրախտի հարուցիչը տոկովիրուսների խմբին է պատկանում:

Կարմրախտի 4-21 օր տևող ինկուբացիոն և 1-5 օր տևող պրոդրոմալ շրջաններից հետո ի հայտ են գալիս կլինիկական ախտանիշները: Հիվանդության արտահայտություններից է մաշկի  ցանավորումը՝ սկզբում դեմքի, մեջքի, հետույքի շրջանում, հետո` ձեռքերի վրա, ընդ որում, ափերին և ներբաններին ցանավորում չի լինում, ինչը հիվանդության տարբերակիչ կարևոր նշաններից է: Ցանը բաց վարդագույն է, մի փոքր մաշկից բարձր, կարմրավուն-վարդագույն բծերի տեսքով: Կարող է նկատվել նաև պարանոցային և ծոծրակային ավշային հանգույցների մեծացում:

Հիվանդության արտահայտություններից են կատարալ երևույթները, ջերմության բարձրացումը մինչև 38°C:

Ջրծաղկի ժամանակ ցանավորում ի հայտ է գալիս ամբողջ մարմնի վրա, ունի բշտիկային տեսք, լինում է արտահայտված քոր, կարող են լինել կատարալ երևույթներ, ջերմություն:

Պտղի մոտ բարդությունները որքանո՞վ են կախված մոր մոտ հիվանդության ծանրության աստճանի հետ:

Որքան մոր մոտ հիվանդությունը ծանր է ընթանում, այնքան վիրեմիան ավելի արտահայտված է, վիրուսի տոքսիկ ազդեցությունն` ավելի բարձր, ուստի պտղի մոտ բարդություններն ավելի շատ կարող են լինել:

Սակայն կարմրախտի դեպքում ուղիղ համեմատական կապ հիվանդության ծանրության և վարակվածության միջև` չկա: Մայրը կարող է հիվանդանալ ծանր, բայց պտղի մոտ վարակվածություն չլինի, և` հակառակը: Որևէ օրինաչափություն չկա, ուստի կարմրախտը, լինելով անկանխատեսելի, ավելի վտանգավոր է:

Հղիության ո՞ր շրջանում է հիվանդանալն առավել վտանգավոր:

Ջրծաղիկի դեպքում` հղիության առաջին և վերջին եռամսյակները: Առաջին եռամսյակը պտղի օրգանիզմում օրգանների ձևավորման շրջանն է, վարակը կարող է պատճառ դառնալ չզարգացող հղիությունների, ինքնաբեր վիժումների, հազվադեպ նաև՝ էմբրիոտոքսիկ բարդությունների: Այսինքն, վիրուսեմիայի հետևանքով պտղի մոտ կարող են առաջանալ զարգացման արատներ, տեսողության խանգարումներ, միկրոցեֆալիա, անգամ` ներարգանդային մահ:
Երկրորդ եռամսյակն առավել անվտանգ է, քանի որ ընկերքն արդեն ձևավորված է, ինչը պատնեշի դեր է խաղում և չի թողնում, որ վիրուսը թափանցի պտուղ:

Ձևավորված են նաև օրգան-համակարգեր և նրանց համար արդեն լուրջ վտանգ չի սպառնում:

Երրորդ եռամսյակում վարակը դարձյալ վտանգավոր է, որովհետև սպասվում է ծննդալուծումը, ընդ որում, որքան մոտ է ծննդաբերության ժամկետին, այնքան պտղի համար վտանգը մեծ է: Պատճառն այն է, որ, նախքան ծննաբերությունը, վերջին 5 օրվա ընթացքում վարակվելու դեպքում հղիի մոտ արտադրվող հակամարմինները չեն հասցնում անցնել երեխային, իսկ նրա մոտ սեփական հակամարմինները զարգացած չեն, որ պայքարեն վիրուսի դեմ: Այս դեպքում նորածնի մոտ կարող են ի հայտ գալ հիվանդության ախտանշաններ, ինչը կպահանջի համապատասխան բուժում: Նման դեպքերում ցանկալի է, եթե հնարավոր է, երկարաձգել ծննդաբերությունը:

Կարմրախտի դեպքում բոլոր եռամսյակներում վտանգն առկա է, թեև առաջին եռամսյակում այն ավելի վտանգավոր է, իսկ որքան մոտենում է ծննդաբերության ժամկետը, բարդությունների արտահայտվածությունն  ուղիղ համեմատական կերպով իջնում է:

Հղիի հիվանդանալու դեպքում ի՞նչ որոշում է կայացվում:

Բժիշկը միջամտելու իրավունք չունի. հղիին բացատրվում է, որ կարող են լինել բարդություններ, և հղին ինքն է որոշում կայացնում՝ պահպանե՞լ հղիությունը, թե` ոչ:

Ի՞նչ բուժում է իրականացվում:

Բուժումն ախտանշանային է. ընտրվում են հակավիրուսային պատրաստուկներ` հղիի համար անվնաս սկզբունքով:

Ի՞նչ կմաղթեք հղիներին:

Հնարավորին զերծ մնալ վարակիչ հիվանդություններից, իսկ հիվանդանալու դեպքում` չվհատվել. չէ՞ որ մենք նրանց կողքին ենք:

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը