Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան

2020 Նոյ 30, Երկուշաբթի

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում, ծննդաբերության ընթացքում, նաև ծնվելուց հետո՝ նորածնի մոտ:
Հիպօքսիան հիվանդության ախտորոշում չէ, այլ ախտանշան է և կարող է լինել բոլորի մոտ՝ և՛ մեծահասակների, և՛ երեխաների, և՛ նորածինների:

Հիպօքսիայի ի՞նչ տեսակներ կան:
Հիպօքսիան լինում է երկու տեսակի՝ քրոնիկ և սուր: Քրոնիկ հիպօքսիան սկսում է ներարգանդային կյանքում, այն կոչվում է նաև պերինատալ հիպօքսիա և զարգանում է հղիության ընթացքում:

Որո՞նք են քրոնիկ հիպօքսիայի պատճառները:
Հիպօքսիայի պատճառները բազմազան են: Հիմնական պատճառներն են՝ ընկերք-արգանդային անբավարարությունը, մոր ծանր սոմատիկ հիվանդությունները, շաքարային դիաբետը, հիպերտենզիան, հղիությունը բարդացնող տարբեր վիճակները՝ գերջրությունը, սակավաջրությունը, անհասությունը, ներարգանդային կյանքում աճի դանդաղումը, բազմապտուղ հղիությունները, մայրերին նշանակվող որոշակի դեղորայքը:

Ինչպե՞ս է զարգանում սուր հիպօքսիան:
Սուր հիպօքսիան զարգանում է ծննդաբերության ժամանակ, երբ առաջանում են որոշակի խնդիրներ: Այդ խնդիրներից են՝ տրավմատիկ ծանր ծննդաբերությունները, հատկապես, երբ գործիքային միջամտությունների կարիք է լինում՝ վակուում էքստրակցիա և աքցանադրում, պտղաշրջում, շտապ կեսարյան հատում, սրտի բաբախի տուժում, երկարատև ծննդաբերություն, պորտալարի արտանկում, պորտալարի ամուր փաթաթում պտղի պարանոցի կամ իրանի շուրջը, որը ծննդաբերության ընթացքում ավելի է սեղմում, կեղտոտ պտղաջրերի դեպքում ՝ մեկոնիալ կամ արյունային, ծննդաբերության ժամանակ նարկոտիկների օգտագործում (այսօր ընդհանուր անզգայացում քիչ են կատարում, բայց մոր վիճակից ելնելով՝ երբեմն կիրառվում է), մայրերի մոտ` հիպոտենզիաներ, երբ մոր մոտ զարգանում է ճնշման անկում, շոկային վիճակ:

Նորածինը կարող է հիպօքսիա ունենալ նաև ծնվելուց հետո, որի պատճառ են թոքային խնդիրները՝ թոքաբորբը, շնչառական խանգարումները, սրտի բնածին արատները, սեպսիսը, վարակները, հաճախ կրկնվող ապնոէները, որոնք բնորոշ են անհաս նորածիններին:

Ինչո՞վ է վտանգավոր հիպօքսիան:
Հիպոքսիան երբեմն կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Եթե երեխան ծնվում է թեթև հիպօքսիայով, այն անհետևանք անցնում է և հետագայում խնդիրներ չեն լինում: Դա կարող է լինել և՛ սուր, և՛ քրոնիկ հիպօքսիաների դեպքում: Իսկ միջին և ծանր դեպքերի ժամանակ, երբ առկա է բավականին երկարատև արտահայտված ներարգանդային հիպօքսիա, կամ արտահայտված ինտրանատալ հիպօքսիա, երեխայի մոտ կարող է զարգանալ շնչահեղձություն:

Ինչպե՞ս է արտահայտվում շնչահեղձությունը:
Երբ հիպօքսիան լինում է երկարատև և ծանր, նա կարող է դառնալ շնչահեղձության պատճառ: Շնչահեղձությունը նորածնի մոտ շնչառության բացակայությունն է կամ՝ սրտի զարկերի առկայության պայմաններում, անկանոն շնչառությունը: Այդ դեպքում Ապգարի բոլոր ցուցանիշները լինում են ցածր:
Ծանր շնչահեղձության ժամանակ տուժում են բոլոր օրգան-համակարգերը, որոնք ապահովում են նորածնի կենսունակությունը՝ սիրտ-անոթային, շնչառական, մարսողական, միզային և, հատկապես` նյարդային համակարգը, ու եթե ժամանակին ճիշտ միջամտություններ չիրականացվեն, կամ եթե ներարգանդային կյանքում պտղի հիպօքսիան  շատ ծանր է եղել, նորածինը կարող է մահանալ:

Ինչպե՞ս կանխարգելել:
Հիպօքսիայի կանխարգելման համար կարևոր է հղիության ճիշտ վարումը, հսկողությունը, որը հնարավորություն է տալիս հղիության ընթացքում վաղ հայտնաբերել ներարգանդային քրոնիկ և սուր հիպօքսիաները: Բայց կան դեպքեր, երբ հնարավոր չէ այն կանխարգելել, որովհետև մայրն այնպիսի հիվանդություններ ունի, որոնք քրոնիկ են: Նման դեպքերում, պարզապես, պետք է հնարավորին այնպիսի պայմաններ ապահովել, որոնք ամենահամապատասխանն են պտղի համար:

Ինչպե՞ս ախտորոշել:
Պտղի հիպօքսիան հայտնաբերում և ախտորոշում են գինեկոլոգները:
Ցանկալի է այն ախտորոշել ժամանակին, և ընտրել ծծնդալուծման ամենահարմար ժամանակն ու եղանակը՝ ելնելով երեխայի և մոր շահերից: Դրանից հետո՝ կարիքի դեպքում (շնչահեղձություն), անհրաժեշտ է արագ և արդյունավետ վերակենդանացում կատարել:
Արագ և արդյունավետ վերակենդանացումից հետո արդեն անց է կացվում համապատասխան բուժում, որն իր մեջ ներառում է  ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում:

Նախկինում, նախ, կատարվում էր վերակենդանացում, ապա` ախտանշային բուժում՝ սիրտ-անոթային, թոքային համակարգերի կարգավորման նպատակով: Ներկայում հատուկ սարքավորման օգնությամբ իրականացվում է թերապևտիկ հիպոթերմիա, որի արդյունքում նորածնի նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ նյարդային համակարգի կողմից առաջացող շեղումները նվազում են: Թերապևտիկ հիպոթերմիան կատարվում է բոլոր օրգան-համակարգերի  (սիրտ-անոթային, շնչառական, նյարդային) շուրջօրյա գործիքային հսկողության պայմաններում;

Հայաստանում դա դեռևս կատարվում է միայն երկու բուժհաստատություններում՝ Մուրացան բժշկական կենտրոնում և մեզ մոտ:

Ի՞նչ բարդություններով է հղի հիպօքսիան:
Հիպօքսիայի բարդություններից է հիպօքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիան, երբ երեխաների մոտ զարգանում են նյարդային համակարգի խնդիրներ:
Եթե շնչահեղձությունը թեթև աստիճանի է, այն անհետևանք անցնում է, եթե միջին և ծանր աստիճանի է՝ տարբեր աստիճանի արտահայտվածության նյարդաբանական խնդիրներ են առաջանում, որոնք հանդիպում են հազար կենդանածին երեխաներից 1,8-7 նորածնի մոտ: Այդ երեխաները հատուկ հսկողության են վերցվում նյարդաբանների կողմից,:

Ի՞նչ է հիպօքսիկ էնցեֆալոպաթիան:
Հիպօքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիան կայուն կամ անցողիկ նյարդաբանական ախտահարում է՝ պայմանավորված տարած պերինատալ հիպօքսիայով, որն արտահայտվում է ծննդաբերությունից հետո վաղ շրջանում՝ գիտակցության, մկանային տոնուսի և ռեֆլեսքների, շնչառական խանգարումներով, ցնցումներով, կերակրման խնդիրներով, որոնք ևս շատ կարևոր են. եթե ծծման ռեֆլեքսն ընկճված է, կանխատեսման առումով, դա վատ նշան է:

Հիպօքսիայի ամենաբարդ հետևանքը մանկական ուղեղային կաթվածն է, որը զարգանում է, եթե երեխան շատ ծանր ներարգանդային քրոնիկ հիպօքսիա կամ ծանր շնչահեղձուկով է ծնվել: Մանկական ուղեղային կաթվածն արտահայտվում է կայուն, երկարատև նյարդաբանական խանգարումներով, որոնց բնորոշ են անկառավարելի մկանային տոնուսը, շարժումները՝ առանց այլ ախտաբանության կամ հիվանդության:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը