Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Օստեոպորոզ. հարցազրույց Կարինե Առուստամյանի հետ

Օստեոպորոզ. հարցազրույց Կարինե Առուստամյանի հետ

2021 Մար 22, Երկուշաբթի

Ի՞նչ է օստեոպորոզը:
Օստեոպորոզը հիվանդություն է, որն ախտահարում է կմախքը: Այն բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ, միկրոարխիտեկտոնիկայի խանգարմամբ` բերելով ոսկրերի փխրունության բարձրացման և կոտրվածքների ռիսկի մեծացման: Ընդ որում, շատ հաճախ ոսկրերի կոտրվածքը տեղի է ունենում սեփական հասակի բարձրությունից ընկնելու դեպքում, այսպես կոչված`  ցածր տրավմատիկ կոտրվածքներ:

Ինչու՞ է օստեոպորոզը համարվում կարևոր առողջապահական խնդիր:
Օստեոպորոզը և դրա հետևանքով առաջացած կոտրվածքներն առողջապահական կարևոր խնդիրներ են, քանզի կապված են բնակչության զգալի հատվածի հիվանդացության, հաշմանդամության, մահացության և ֆինանսական ծախսերի հետ: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների, իր նշանակելիությամբ, ոչ վարակիչ հիվանդությունների շարքում այն զբաղեցնում է չորրորդ տեղը` զիջելով միայն սիրտ-անոթային, քաղցկեղային հիվանդություններին և շաքարախտին:
 

Ի՞նչ ախտանիշներով է ընթանում  օստեոպորոզը:
Օստեոպորոզն անվանում են «համր համաճարակ», քանի որ այն ընթանում է առանց յուրահատուկ կլինիկական ախտանիշների՝ մինչև կոտրվածքի ի հայտ գալը: Այդ պատճառով հիվանդությունը հաճախ ախտորաշվում է ուշ շրջանում: Ահա ինչու է հարկավոր ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշների վրա, ինչպիսիք են՝ հասակի ցածրացումը, կեցվածքի փոփոխությունները և այլն:

Կա՞ն, արդյոք, օստեոպորոզին բնորոշ կոտրվածքներ:
Օստեորոպոզին առավել բնորոշ են կմախքի երեք շրջանների կոտրվածքները՝ նախաբազկի ստորին երրորդի, ազդրի պարանոցի և ողնաշարի կոտրվածքները:

Ինչու՞ է զարգանում օստեոպորոզը:
Գիտության նվաճումները թույլ են տվել առանձնացնել գործոններ, որոնք նպաստում են օստեոպորոզի առաջացմանը: Դրանցից են՝ տարիքը, սեռը, ռասան, ժառանգականությունը, որոնք հնարավոր չէ վերահսկել: Օստեոպորոզն առավել հաճախ դիտվում է մեծահասակների և կանանց մոտ: Մեծ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը: Օստեոպորոզի հսկվող ռիսկի գործոններից են աղեստամոքսային համակարգի մի շարք հիվանդություններ, որոնք նվազեցնում են կալցիումի, միկրոէլէմենտների ներծծումը: Կարևոր դերակատարում ունեն վիտամին D-ի անբավարարությունը և կալցիումի ոչ բավարար օգտագործումը: Որոշ էնդոկրին հիվանդություններ, գլյուկոկորտիկոիդների և վահանագեղձի հորմոնների երկարատև օգտագործումն օստեոպորոզի զարգացման գործոններ են: Կարևոր նշանակություն ունեն ծխելը, ալկոհոլի և կոֆեինի չարաշահումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը:

Ինչպե՞ս ախտորոշել օստեոպորոզը:
Դենսիտոմետրիան այսօր օստեոպորոզի ախտորոշման «ոսկե» ստանդարտն է, որը թույլ է տալիս   գնահատել անձի ոսկրերի հանքային խտությունը: Այն հնարավորություն է ընձեռում նաև ախտորոշել օստեոպորոզը մինչև կոտրվածքի առաջանալը, կանխագուշակել կոտրվածքի ռիսկը, գնահատել ոսկրային հյուսվածքի կորուստը և իրականացված բուժման արդյունավետությունը:

Ո՞վքեր պետք է անցնեն դենսիտոմետրիկ հետազոտություն:
Համաձայն գոյություն ունեցող ուղեցույցների, դենսիտոմետրիկ հետազոտութուն պետք է անցնեն 65-ն անց կանայք` անկախ օստեոպորոզի ռիսկի գործոնների առկայությունից: Այն ցուցված է նաև 65-ից ցածր տարիքի օստեոպորոզի զարգացման մեկ կամ ավելի ռիսկի գործոններ ունեցող անձանց (օստեոպորոտիկ կոտրվածքների ընտանեական պատմություն, գլյուկոկորտիկոիդների օգտագործում և այլն):

Հնարավո՞ր է կանխարգելել օստեոպորոզը:
Մեծ նշանակություն ունեն ֆիզիկական ակտիվությունը, ճիշտ սննդակարգը: Շատ կարևոր է վերացնել օստեոպորոզի զարգացման այնպիսի ռիսկի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, կոֆեինի և գազավորված ըմպելիքների շատ օգտագործումը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տեսողության շտկման, մարմնի հավասարակշռության պահպանման վրա, այսինքն, այն գործոնների վրա, որոնք կարող են մեծացնել ընկնելու հավանականությունը:

Կա՞ն, արդյոք, օստեոպորոզի բուժման արդյունավետ մեթոդներ:
Այսօր մեր երկրում կան համապատասխան դեղեր` օստեոպորոզի արդյունավետ բուժման համար: Մեր կենտրոնում հնարավոր է իրականացնել երկէներգետիկ դենսիտոմետրիա և ստանալ մասնագետի խորհրդատվություն՝ պարզելու ոսկրերի հանքային խտության վիճակը, ախտորոշելու օստեոպորոզի առկայությունը, ստանալ բուժում, ինչպես նաև գնահատել իրականացված բուժման արդյունավետությունը:  

Որպես ամփոփում, ի՞նչ կցանկանաք ասել մեր ընթերցողներին:
Օստեոպորոզը մեծ տարիքի անխուսափելի ուղեկիցը չէ: Այն կարելի է կանխել: Այսօր հնարավոր է բարձր ճշգրտությամբ գնահատել ոսկրերի հանքային խտությունը: Հնարավոր է որոշել օստեոպորոզի ռիսկի խմբին պատկանող անձանց և իրականցնել բուժում: Այսօր կան օստեոպորոզի բուժման միջոցներ, որոնց արդյունավետությունն ապացուցված է:

Պետք է իմանալ, որ նպատակաուղղված կանխարգելումը, ճիշտ ժամանակին իրականացված ախտորոշումը և բուժումը վերաբերում են ո՛չ միայն օստեոպորոզին, այլ նպաստում են հաշմանդամության կանխարգելմանը, կյանքի որակի բարելավմանը և ակտիվ երկարակեցությանը:


Կարինե Առուստամյան, բ.գ.դ., պրոֆեսոր
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը