Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Փաթաթված պորտալար. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ

Փաթաթված պորտալար. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ

2021 Մար 26, Ուրբաթ

Ի՞նչ ասել է փաթաթված պորտալար:

Փաթաթված պորտալարը հղիության ընթացքի ախտաբանական վիճակ է, երբ դիտվում է պորտալարի փաթաթում պտղի մարմնի տարբեր հատվածներում:

Պորտալարը առավել հաճախ փաթաթվում է պարանոցի շրջանում, ավելի քիչ՝ ձեռքերի, ոտքերի և մարմնի այլ հատվածների շուրջ: Պորտալարի փաթաթումը վիճակ է, երբ առնվազն 360°-ով կամ դրանից ավելի փաթաթվում է մարմնի որևէ հատվածի շուրջ: Վիճակագրության տվյալների համաձայն, 14-15 շաբաթականից պորտալարի փաթաթում արդեն հնարավոր է: Այդ ժամկետներում պորտալարի փաթաթում հանդիպում է առնվազն 6% դեպքերում, իսկ ավելի հասուն հղիության ժամանակ դիտվում է մինչև 29-30% դեպքերում:

Շատ ավելի մեծ ժամկետներում պորտալարի փաթաթման հավանականությունը նվազում է, քանի որ պտուղը չափերով մեծ է և արգանդում նրա շարժվելու հնարավորությունները քիչ են:

Վաղ ժամկետներում պորտալարի փաթաթման դեպքում այն պահպանվում է մինչև ծննդաբերությունը: Ծննդաբերության ժամանակ՝ հղիների մոտավորապես 30%-ի մոտ, առկա է պորտալարի փաթաթում:

Ի՞նչ տեսակներ կան:

Պորտալարի փաթաթումը լինում է մեկանգամյա կամ բազմակի պտույտներով: Բազմակին էլ կարող են լինել միաժամանակ մարմնի տարբեր հատվածների շուրջ փաթաթումներով, օրինակ, մեկ անգամ փաթաթված և՛ պարանոցի շուրջ, և՛ իրանի, և՛ ոտքի և այլն:

Տարբերում են փաթաթման տարբեր աստիճաններ՝ ձիգ և ոչ ձիգ փաթաթումներ:

Որո՞նք են պատճառները:

Հիմնական պատճառը հղիության ընթացքում պտղի հիպօքսիկ վիճակն է, որը հաճախ առաջանում է սակավարյունությամբ տառապող մայրերի մոտ, քանի որ էրիթրոցիտների, հեմոգլոբինի քիչ քանակի պատճառով պտղին պակաս թթվածին է հասնում, և առաջանում է հիպօքսիկ վիճակ: Արդյունքում պտուղն սկսում է ավելի շատ շարժվել, որը մեծացնում են պորտալարի փաթաթման հավանականությունը:

Հիպօքսիան կարող է նպաստել պորտալարի փաթաթմանը, նաև հակառակ ընթացքն է դիտվում ՝ փաթաթումն, իր հերթին, առաջացնում է պտղի հիպօքսիա կամ խորացնում արդեն եղած հիպօքսիան: Պորտալարի փաթաթման կարևոր պատճառներից է նաև գերջրությունը, երբ մեծ տարածության մեջ պտուղն ավելի ազատ է շարժվում:

Պատճառների մեջ փոքր տոկոս է կազմում գենետիկ նախատրամադրվածությունը:  

Իհարկե, կան նաև գերակտիվ պտուղներ, որոնք ավելի շարժունակ են:

Դեր ունի նաև պորտալարի երկարությունը:  Պորտալարերի երկարությունները տարբեր են լինում, որը զարգացման որոշակի առանձնահատություն է: Նորմա համարվում է 60-65-ից մինչև 70 սմ-ը: Եթե պորտալարը 70 սմ-ից երկար է, ապա փաթաթվելու հավանականությունը մեծ է:

Զույգ երեխաների դեպքում շարժումը քիչ է և պորտալարի փաթաթում քիչ է հանդիպում:

Ինչպե՞ս ախտորոշել:

Ախտորոշումը հիմնականում կատարվում է ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ: 28 շաբաթականից սկսած կատարվում է նաև դոպլերոմետրիկ հետազոտություն, որը գրանցում է պորտալարային և դեպի արգանդ արյուն բերող անոթներում արյան հոսքի արագությունը:

Եթե փաթաթումն արդեն ախտորոշված է, կարելի է կատարել նաև կարդիոտոպոգրաֆիկ (ԿՏԳ) հետազոտություն` 32-33 շաբաթականից սկսած, պտղի տոմոգրաֆիկ հետազոտություն` երկու տարբեր տվիչներով՝ մեկը պտղի սրտի զարկերը, մյուսը՝ արգանդի ռեակտիվականությունը գրանցող: Դա դիտարկվում է մոտավորապես 20-30 րոպեի ընթացքում: Այս հետազոտությունը պտղի սիրտ-անոթային համակարգի ռեակտիվականությունը գնահատելու համար բավականին տեղեկատվական է: Հետազոտությունների արդյունքից ելնելով, կատարվում է եզրակացություն՝ պետք է թողնել, որ հղին ինքնուրո՞ւյն ծննդաբերի, թե՞ պլանային կարգով իրականացնել վիրահատական միջամտություն:

Ի՞նչ բարդություններով է հղի:

Ըստ պորտալարի երկարության, կարող են դիտվել որոշակի վտանգներ:  Եթե փաթաթվում է կարճ՝ 40 սմ երկարության պորտալարը, ապա կարող է պտղի շարժման ժամանակ առաջանալ ընկերքի վաղաժամ շերտազատում, որը մեծ խնդիր է հղիի և պտղի համար:

Պորտալարում կան երեք անոթներ՝ մեկ երակ, որով բնությանը հակառակ հոսում է զարկերակային արյուն և երկու զարկերակ, որոնցով երակային արյուն է հոսում: Երբ պորտալարը փաթաթված է և հատկապես՝ ձիգ, պորտալարի անոթները կարող են սեղմվել, արյան հոսքը կարող է դանդաղել, նույնիսկ ամբողջովին դադարել, ինչը կառաջացնի պտղի հիպօքսիկ վիճակ և, անգամ, պտղի ներարգանդային մահ:

Կարող են լինել ախտանշաններ նաև սրտի կողմից՝ բրադիկարդիա: Դիտվում են նաև պտղի վատ զարգացում, պտղի ներարգանդային քաշի դանդաղում:

Պորտալարի փաթաթումը հիմնականում ավելի մեծ խնդիր է ծննդաբերության ընթացքում, երբ պորտալարը ձգվում է: Եթե մինչև այդ այն ձիգ չէր փաթաթված, ապա, պտղի առաջ գալուն համընթաց, ավելի է սեղմում նրա պարանոցը կամ մարմնի այլ հատվածները: Դա նաև արգանդի կրճատման պատճառով է զարգանում, քանի որ արգանդն էլ իր հերթին է սեղմում պորտալարը և արյան հոսքն ավելի է վատանում:

Բարդությունները կարող են լինել` պտղի կյանքին սպառնացող վիճակներ, վաղաժամ շերտազատում, որը ո՛չ միայն պտղի, այլ մոր կյանքի համար էլ կարող է լուրջ խնդիր լինել:

Որո՞նք են կեսարյան հատման ցուցումները:

Պորտալարի փաթաթումը դեռևս կեսարյան հատման ցուցում չէ և անպայման պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Որովհետև լինում են դեպքեր, երբ երեխան ծնվում է պարանոցի շուրջ մինչև 3-4 անգամ փաթաթված պորտալարով, սակայն ոչ հղիության, ոչ էլ ծննդաբերության ընթացքում պտղի սրտի հետ կապված որևէ խնդիր չի առաջանում: Բայց հանդիպում է նաև հակառակը, երբ պորտալարը միայն մեկ անգամ է փաթաթված, անգամ կարգին փաթաթված էլ չէ, բայց ծննդաբերության ժամանակ դա շատ մեծ խնդիրների պատճառ է դառնում:

Բնականաբար, այն դեպքերում, երբ փաթաթումը մեկ անգամ է կամ ձիգ չէ, ծննդաբերությունն ինքնուրույն է կատարվում: Եթե ընթացքում որևէ խնդիր է նկատվում, միայն այդ դեպքում շտապ կարգով կատարվում է կեսարյան հատում: Իսկ եթե կնոջ մոտ բացվածքն առկա է, այլ մոտեցումներ են կիրառվում. արագացվում է ծննդաբերությունը (մանկաբարձական աքցաններ, վակուում էքստրակցիա):

Եթե մինչև հղիության վերջն ախտորոշվել են բազմակի կամ ձիգ փաթաթումներ, ապա ինքնուրույն ծննդաբերություն չի թույլատրվում, և լուրջ խնդիրներից խուսափելու համար պլանային կարգով՝ 37-38 շաբաթը լրանալուց հետո, իրականացվում է ծննդալուծում` կեսարյան հատման ճանապարհով:

Կա՞, արդյոք, պորտալարի ինքնուրույն ուղղման հավանականություն:

Հիմնականում մինչև 34-35 շաբաթականը հնարավոր է, որ նոր շարժումների արդյունքում փաթաթված պորտալարը հետ պտտվի և ինքնուրույն ուղղվի: Բայց ավելի ուշ ժամկետներում, երբ երեխայի չափերն ավելի մեծ են և նա քիչ է շարժվում, ինքնուրույն ուղղվելը պակաս հավանական է:

Բուժման ի՞նչ այլ մոտեցումներ կան:

Փաթաթված պորտալարի ժամանակ դեղորայքային միջամտություն հիմնականում չի կատարվում: Թերևս, միայն դոպլերոմետրիկ որոշակի փոփոխությունների դեպքում նշանակվում են արգանդ-ընկերքային շրջանառությունը լավացնող դեղեր, վիտամինային և միներալային կոմպլեքսներ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը