Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Բարձր ռիսկի հղիություն. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

Բարձր ռիսկի հղիություն. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

2022 Ապր 23, Շաբաթ

Բարձր ռիսկի հղիություն է համարվում, երբ կնոջ մոտ առկա են մեկ կամ մի քանի ռիսկային գործոններ, որոնք բարձրացնում են հղիության ոչ բարենպաստ ելքի վտանգը՝ վաղաժամ ծննդաբերություն, մահացած պտուղ, խնդիր ունեցող երեխայի ծնունդ, հղիի կամ ծննդկանի մոտ բարդությունների զարգացում՝ ընդհուպ մինչև մահ։

Բարձր ռիսկի գործոնների զարգացումը հիմնականում պայմանավորված է մայրական օրգանիզմի հարմարողական մեխանիզմների խանգարման հետ՝ ի պատասխան հղիության հետ կապված փոփոխությունների։ Վերջին տարիներին ԱՄԲ և ՍՏ զարգացման, ինչպես նաև քովիդի համավարակի հետևանքով բարձր ռիսկի հղիության դեպքերի տոկոսային զգալի աճ է նկատվում։

Որո՞նք են հաճախ հանդիպող ռիսկի գործոնները:

Հաճախ հանդիպող ռիսկի գործոնները լինում են արտասեռական և կապված առկա հղիության ընթացքի ու մանկաբարձական անամնեզի հետ:

Արտասեռական գործոններից են՝  հղիի տարիքը (պատանի առաջնածինները` 18 տարեկանից ցածր, տարիքավոր առաջնածինները` 35 տարեկանից բարձր), բնածին և ձեռքբերովի թրոմբոֆիլիաների առկայությունը հղիի մոտ, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի խնդիրները, երիկամների, վահանձև գեղձի քրոնիկ հիվանդությունները, շաքարային դիաբետը, ճարպակալումը։

Առկա հղիության ընթացքի ռիսկի գործոնները ներառում են՝  հղիությունը ԱՄԲ և ՍՏ-ից հետո, բազմապտուղ հղիությունը, ընկերքային անբավարարությունը, արգանդի պարանոցի անբավարարությունը, պտղի ներարգանդային աճի դանդաղումը, հիպօքսիան, վարակները, քովիդ-19-ը, և այլն։

Մանկաբարձական անամնեզի գործոններն են` նախորդ հղիությունների ընթացքը և ավարտը, վիժումները, վաղաժամ ծննդաբերությունները, մահացած պտուղը, հեստոզները, կեսարյան հատումները։

Ինչպե՞ս է ազդում քովիդ-19-ը հղիության վրա:

Քովիդ-19-ով վարակվածության դեպքում հղիության ելքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիժումները կազմել են մինչև 14,5%, պտղի ներարգանդային աճի դանդաղումը՝  մինչև 25%,  և շատ են գրանցվել վաղաժամ ծննդաբերության դեպքերը։

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 2020 թ. տվյալների՝ քովիդ 19-ով և թոքաբորբով հիվանդ հղիների մոտ կեսարյան հատումը կազմել է մոտավորապես 40%, պտղի դիսթրես համախտանիշի դեպքերում՝ 30%։

Հատկապես ո՞ր ժամկետներում են ռիսկի գործոնները վտանգավոր:

Առաջին և երկրորդ եռամսյակում ավելի բարձր տոկոս են կազմում հղիությունը պահպանելու հետ կապված վտանգները, որոնք կարող են բերել վիժումների և վաղաժամ ծննդաբերությունների։ Հղիության երկրորդ կեսը կարող է բարդանալ նաև հեստոզներով, արյունահոսությունով, պտղի ներարգանդային աճի դանդաղումով և այլն։

Ո՞ր գործոններն է հնարավոր բացառել կամ մեղմացնել:

Որոշ գործոններ հնարավոր է վերացնել կամ բացառել պրեգրավիտար (հղիության պլանավորման) նախապատրաստման շնորհիվ։

Հղիությունը ցանկալի է պլանավորել 20-35 տարեկանում, անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել և բուժել վարակները, վերահսկել քրոնիկ հիվանդությունները, անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետներին (արյունաբան, ներզատաբան, թերապևտ), պատվաստվել քովիդ 19-ի դեմ մինչև հղիության պլանավորումը, ԱՄԲ և ՍՏ սկսելը, հղիությունից 2-3 ամիս առաջ ընդունել բժշկի կողմից ֆոլաթթվի նշանակումը, անհրաժեշտության դեպքում ընդունել նաև կարդիոասպիրին։

Ինչպե՞ս է իրականացվում բարձր ռիսկի հղիների հսկողությունը և հետազոտությունը:

Այս խմբի հղիներին պետք է հաշվառել ավելի վաղ՝ մինչև 12 շաբաթականը։ Հաշվի առնելով ռիսկային գործոնները, պետք է հսկողության տակ պահել արյան, մեզի, հորմոնների լայնածավալ հետազոտությունների տվյալները, կատարել հղիության առաջին և երկրորդ եռամսյակների սքրինինգն ինչպես արյան, այնպես էլ՝ ՈՒՁՀ միջոցով, անհրաժեշտության դեպքում ներգրավել հեմատոլոգին, ուրոլոգին,սրտաբանին,  որոնք կարող են նշանակել լրացուցիչ հետազոտություններ (երիկամների, լյարդի ՈՒՁՀ, սրտի ԷԽՈ) և այլն։

Ինչպե՞ս է իրականացվում վիճակի կարգավորումը և ռիսկերի կանխարգելումը:

Հղիների հետազոտությունը և բուժումը հաճախ իրականացվում է բարձր ռիսկի հղիների բաժանմունքում, որտեղ, անհրաժեշտության դեպքում, հղիին ապահովում են խիստ անկողնային ռեժիմ,  կոնսերվատիվ բուժում (ինֆուզիոն թերապիա), վիրաբուժական միջամտություն (արգանդի պարանոցի անբավարարության ժամանակ), այլ մասնագետների հսկողություն։

Վիճակի կարգավորումը և ռիսկերի կանխարգելումը կախված է գործոններից, դրանց հայտնաբեևման ժամկետներից, բարդության աստիճանից։

Ժամանակակից սարքերի շնորհիվ, ռիսկերի վաղ հայտնաբերումը, հղիության վարման պլանի մշակումը և անհրաժեշտության դեպքում` բուժումը, թույլ են տվել վերջին 20 տարիների ընթացքում մեռելածնելիությունն իջեցնել մոտավորապես 40%-ով։ Կարևոր դեր ունեն հղիությունից առաջ կնոջ հետազոտումը, վնասակար սովորություններից հրաժարվելը, նորմալ քաշի պահպանումը, հետագա հնարավոր ռիսկերի գնահատումը։ Երկրորդային կանխարգելումը հղիների դիսպանսեր հսկողությունն է։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը