«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Վագինալ կանդիդոզ․ հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

Վագինալ կանդիդոզ․ հարցազրույց ՄՄԱՊԳԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

2020 Օգս 28, Ուրբաթ

Ի՞նչ է վագինալ կանդիդոզը։
Վուլվո-վագինալ կանդիդոզը վուլվայի և հեշտոցի լորձաթաղանթի ինֆեկցիոն բորբոքում է, որն առաջացնում են պայմանական ախտածին Candida ցեղատեսակի սնկերը։ Կանանց շուրջ 75%-ի մոտ կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ախտորոշվել է այս հիվանդությունը, 40-45%-ի մոտ` կրկնվել է։
Կանդիդոզի հարուցիչ Candida սնկերը մոտավորապես 180 տեսակի են, և առկա են մեզ շրջապատող միջավայրում, նաև` մեր օրգանիզմում. բերանի խոռոչում, հեշտոցում, հաստ աղիքում` կազմելով նորմալ միկրոֆլորայի բաղադրիչ։ Հիվանդագին վիճակ առաջանում է, երբ ինչ-ինչ պատճառով նրանք ակտիվանում են, բազմանում և առաջ բերում ախտաբանական գործընթաց։ Հիմնականում կանդիդոզների հարուցիչ է Candida albicans տեսակը, բայց վերջին տարիներին ակտիվացել են նաև non-albicans տիպերով պայմանավորված կանդիդոզներ՝ Candida glabrata, C.tropicalis, C.paparsilosis, C.crusei և այլն։

Ինչպե՞ս է արտահայտվում և ընթանում հիվանդությունը։
Կախված հիվանդության ախտանիշների դրսևորումից և տևողությունից, տարբերակում ենք կանդիդա սնկերի կրողներ, սուր և քրոնիկ կանդիդոզներ։ Մեկ այլ դասակարգմամբ՝ չբարդացած և բարդացած, ռեցիդիվող կանդիդոզներ։ Կրողների մոտ սնկերը հայտնաբերվում են քսուկի մեջ, մեծավ մասամբ, կանխարգելիչ զննման ժամանակ և կլինիկորեն չեն արտահայտվում։ Սուր կանդիդոզն ունի արտահայտված դրսևորում և տևում է մինչև երկու ամիս, քրոնիկի ժամանակ՝ երկու-երեք ամսից ավելի։ Երբ հիվանդության կրկնության դեպքերը չորս կամ ավելին են` 12 ամսվա ընթացքում, համարվում է ռեցիդիվող։ Ոչ բարդացած կանդիդոզն առողջ կանանց և հղիների մոտ էպիզոտիկ բնույթ կրող հիվանդություն է։ Բարդացածը, մեծավ մասամբ, պայմանավորված է non-albicans տեսակներով, ինչը ռեցիդիվող, ծանր ընթացքով կանդիդոզն է և էքստրագենիտալ ախտաբանությամբ հիվանդների կանդիդոզը։

Որո՞նք են նպաստող գործոնները և առաջացման պատճառները։
Առողջ կնոջ հեշտոցի միկրոֆլորան բաղկացած է մեծաքանակ լակտոբակտերիաներից և այլ միկրոօրգանիզմներից, որոնց մեջ մտնում են նաև պայմանականորեն ախտածինները։ Լակտոբացիլներն արտադրում են թթու, որը կանխում է սնկերի առատ աճը։ Այս ընթացքը կարող է խախտվել տարբեր էկզոգեն և էնդոգեն գործոնների ազդեցությունից։ Էնդոգեն գործոններն են` ֆիզիոլոգիական հորմոնալ փոփոխությունները՝ դաշտանը, հղիությունը, էնդոկրին հիվանդությունները (հիփոթիրեոզ, շաքարային դիաբետ, առկա իմունային համակարգի խիստ ընկճվածություն), օրինակ, ՁԻԱՎ-ի ժամանակ։ Էկզոգեն գործոններից են՝ հակաբիոտիկների, կորտիկոստերոիդների, հորմոնալ հակաբեղմնավորիչների լայն կիրառումը, քիմիաթերապիան, ճառագայթային բուժումը։ Նպաստող գործոններից են նաև` ակտիվ սեռական կյանքը, սինթետիկ ներքնազգեստների կրումը, գունավոր, բուրավետ հիգիենայի միջոցների օգտագործումը, որոնք նույնպես խախտում են նորմալ միկրոֆլորան։

Ի՞նչ ախտանիշներով է ի հայտ գալիս։
Կանդիդա կրողների մոտ ախտանիշները բացակայում են։ Սուր ընթացքի դեպքում վառ արտահայտված են կարմրությունը, այտուցը, քորը, այրոցի, մրմռոցի զգացողությունը, հեշտոցից կաթնաշոռանման արտադրությունը, որը կարող է հեշտոցի պատերին կպած լինել` տիպիկ, դժվար պոկվող կղզիների տեսքով։ Միզարձակումը կարող է լինել դժվարացած և ցավոտ։ Քրոնիկ կանդիդոզի ժամանակ ախտանիշները քիչ արտահայտված են կամ` միայն քորի տեսքով, և կրում են ռեցիդիվող բնույթ։

Ի՞նչ բարդություններ է առաջացնում կանդիդոզը։
Բարդացած կանդիդոզը երբեմն առաջացնում է փոքր կոնքի օրգանների բորբոքում, օրինակ` միզուղիների (ուրետրոցիստիտ, պիելոնեֆրիտ)։
Հղիության ժամանակ այն կարող է բերել պտղաջրերի վաղաժամ արտահոսքի, պտղի անտե- և ինտրանատալ վարակի, պտղի մոտ` կոնյուկտիվիտ, բերանի խոռոչի կանդիդոզ, ոչ հաճախ` համակարգային կանդիդոզով պայմանավորված թոքաբորբ կամ սեպսիս, իսկ հետծննդաբերական շրջանում` կանդիդոզ էնդոմետրիտ։

Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ` ախտորոշելու համար։
Ախտորոշումը կատարվում է նմուշային մանրադիտակային, մանրէաբանական եղանակով, որով որոշվում է սնկի տեսակը, զգայունությունը կոնկրետ դեղորայքի նկատմամբ, ինչը կարևոր է հատկապես ռեցիդիվող տեսակի ժամանակ։ Ախտորոշվում է նաև ՊՑՌ եղանակով, որն ուղղված է ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի որոշման վրա։

Ինչպե՞ս կանխարգելել։
Հիվանդությունից պաշտպանվելու համար պետք է զերծ մնալ անկանոն, անպաշտպան սեռական կապերից, չչարաշահել հակաբիոտիկների և հորմոնալ դեղորայքի օգտագործումը, ժամանակին ախտորոշել և բուժել նպաստող հիվանդություններն ու խանգարումները, հետևել անձնական հիգիենային, կրել բամբակյա ներքնազգեստ, չօգտագործել գունավոր, բուրավետ գելեր և քսուկներ, խուսափել ներլվացումներից և այլն։

Ինչպե՞ս է կազմակերպվում բուժումը։
Վուլվո-վագինալ կանդիդոզի բուժումն անհրաժեշտ է անկացնել միայն ախտանիշների առկայության դեպքում։ Կախված ախտանիշների դրսևորումից և ընթացքից նշանակվում է տեղային հակասնկային և միկրոֆլորան վերականգնող բուժում, կամ բացի տեղային նշանակումներից, նաև` սիստեմատիկ հակամիոտիկներ, անհրաժեշտության դեպքում` դիմադրողականությունը բարձրացնող դեղորայք։ Բուժում է նշանակվում նաև զուգընկերոջը։ Հղիների մոտ կիրառվում է միայն տեղային բուժում։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը