«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կեսարյան հատում. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ

Կեսարյան հատում. հարցազրույց Արմեն Բադալյանի հետ

2020 Հուլ 10, Ուրբաթ

  • Ի՞նչ է իրենից ներկայացնում

    Կեսարյան հատումը վիրահատություն է, որի ժամանակ երեխան ծնվում է ոչ թե բնական ծննդաբերական ուղիներով, այլ վիրահատական մեթոդով, երբ կատարվում է կտրվածք, արգանդը հատվում է, և երեխան հանվում է այդ կտրվածքով:

  • Ցուցումները՝ մորը և երեխային վերաբերող

    Ցուցումները բաժանվում են երկու մասի՝ ցուցումներ մոր կողմից և ցուցումներ երեխայի կողմից: Դրանք բաժանվում են նաև բացարձակի և հարաբերականի:
    Մոր կողմից ցուցումներն են՝ անատոմիական նեղ կոնքը, երբ կնոջ կոնքի չափերը փոքր են, և երեխան չի կարող այդ ճանապարհով ծնվել: Կամ կա ոչ թե անատոմիական, այլ կլինիկական նեղ կոնք:  Այդ դեպքում կոնքը կարող է նեղ չլինել, բայց կոնկրետ այդ դեպքի համար մոր և տվյալ չափի երեխայի համար կոնքը անանցանելի է: Հակացուցումներ են նաև մոր կոնքի ոսկրերի կոտրվածքները, կոնքի շրջանում որոշակի նորագոյացությունները, որոնք կարող են խանգարել սեռական ճեղքից երեխայի ծնվելուն, առաջադիր ընկերքը, որը փակում է ներքին օղը և դարձյալ խանգարում երեխայի բնական ճանապարհով ծնվելուն: Դրանք նաև բացարձակ ցուցումներ են:
    Երեխայի կողմից  հիմնականում կեսարյան հատման ցուցումներն են նրա մոտ արտահայտված ասֆեքսիան, երբ վատանում է սրտի վիճակը, և պետք է անհապաղ ծննդալուծել, սակայն դա հնարավոր չէ բնական ճաապարհով:  Ցուցում է նաև երեխայի ոչ նորմալ դիրքը: Ներկայում տոտիկային և հետույքային առաջադրությունների ժամանակ միշտ արվում է վիրահատական միջամտություն:
    Սակայն կյանքը ցույց է տալիս, որ կարծես այդ ցուցումներն իրենց սահմանները անհրաժեշտից ավելի են մեծացնում: Ծննդաբերությունների ընդհանուր թվի մեջ պետք է կեսարյան հատումը 15-20 տոկոսից բարձր չլինի, սակայն հասնում է մինչև 40 տոկոսի, իսկ կլինիկաներ կան, որտեղ այդ թիվը դրանից ավելի է:

  • Ինչո՞ւ են կանայք գերադասում այս միջոցը

    Այո, ներկայում շատ կանայք ավելի գերադասաում են կեսարյանը՝ վախենալով ծննդաբերությունից, ցավերից, իսկ վախն ավելի է ավելացնում ցավի զգացողությունը:
    Բայց ամեն դեպքում դա վիրահատություն է՝ իր բարդություններով, և եթե  դրա համար ցուցումներ չկան, ավելի ճիշտ կլինի խուսափել կեսարյան հատումից:
    Հայաստանում միայն կնոջ ցանկությամբ և առանց ցուցման չի կատարվում կեսարյան հատում: Մենք ամեն կերպ բացատրում ենք կնոջը, որ ցուցում չկա և պետք չէ կեսարյան հատում կատարել: Բայց երբեմն նրանք համառում են՝ մի բժշկից, մի կլինիկայից մյուսն են գնում, միայն թե առանց ցուցումի էլ վիրահատությամբ ծննդաբերեն:
     
  • Բնական ծննդաբերության առավելությունները

    Բնական ծննդաբերության առավելություններն են՝ արյան կորստի քիչ քանակը, ինֆեկցիայի ցածր հավանականությունը:
    Ամեն դեպքում կեսարյան հատումը վիրահատություն է, երբ կա անէսթեզիա, կտրված մակերեսներ, շերտեր, որոնք վտանգները մեծացնում են: Նաև կարող են ինֆեկցվել երիկամը, միզապարկը նույնպես:

  • Վտանգները մոր համար

    Մոր համար վտանգներն են արյան կորուստը, ինֆեկցիաները:
    Բացի դա, արգանդում արդեն սպի է ձևավորվում և երկրորդ, երրորդ անգամ էլ այդ սպի ունեցող արգանդով հղիանալիս, կրկին կեսարյան ճանապարհով  է պետք ծննդալուծել: Մի ժամանակ կեսարյանից հետո թողնում էինք ինքնուրույն  ծննդաբերել՝ գնահատվում էր սպիի վիճակը, հաստությունը և վճիռ կայացվում: Բայց ներկայում բոլորին կեսարյան հատում է արվում:  

  • Վտանգները երեխայի համար

    Եթե կեսարյանը պլանային է, մենք հնարավորինս փորձում ենք այն կատարել 38-39 շաբաթական ժամկետում, որպեսզի հնարավոր բարդություններից խուսափենք: Որովհետև 37-ում նոր միայն երեխայի թոքերը համարվում են հասուն, իսկ կեսարյանով ծնվող երեխաները մի փոքր այս կյանքի պայմաններին ավելի դժվար են ընտելանում, քան ինքնուրույն ծնվածները: Որովհետև, անցնելով ծննդաբերական ուղիներով, նրանք նախապատրաստվում են նոր կյանքի պայմաններին և դիսթրես սինդրոմ չի առաջանում:Իսկ կեսարյանով ծնվելիս, քանի որ երեխան հեշտ է լույս աշխարհ գալիս, միանգամից  կարող են թոքերի խնդիր ունենալ:

  • Պլանային վիրահատություն և դրա պատճառները

    Պլանայինն այն դեպքերն են, որոնք վիրահատության ցուցում ունեն: Այդ դեպքում բնականաբար հղիին պլանային կարգով պատրաստում ենք, անալիզներ են հանձնվում, հետազոտություններ արվում, և արդեն 38-39 շաբաթականում իրականացվում է վիրահատությունը:
      
  • Արտահերթ, անհետաձգելի վիրահատություն և դրա պատճառները

    Անհետաձգելի դեպքերի ցուցումները հիմնականում առաջանում են ծննդաբերության ընթացքում, ասենք, ոչ լրիվ բացվածքի հետևանքով կարող է պտուղը տուժել ներարգանդային հիպօքսիայի պատճառով: Եվ եթե հղին շտապ չծծնդալուծվի, երեխային կարող ենք կորցնել: Կամ, եթե լինում է ընկերքի վաղաժամ շերտազատում և արյունահոսություն: Բնականաբար այդ դեպքում վայրկյանների, րոպեների ընթացքում պետք է  երեխային դուրս բերել արգանդից, որպեսզի և՛ կնոջ, և՛ երեխայի կյանքը փրկվի:
     
  • Կիրառվող անէսթեզիայի տեսակները

    Վերջին տարիներին կեսարյան վիրահատությունների ժամանակ օգտագործվում է սպինալ անէսթեզիան, որը բնականաբար շատ ավելի դրական կողմեր ունի, բայց եթե կան դրա համար հակացուցումներ, արվում է ընդհանուր անզգայացում:
     
  • Ինպե՞ս է իրականացվում վիրահատությունը՝ նախապատրաստում, ընթացք

    Պլանայինի դեպքում, մեկ շաբաթվա ընթացքում, կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ, արյան ընդհանուր և բիոքիմիական անալիզ, կոագուլոգրամմա, մեզի ընդհանուր անալիզ և այլն: Բոլոր պլանայինների դեպքերում, որպես կանխարգելիչ միջոցառում, անկախ այն բանից՝  կա՞  երակների խնդիր, թե՝  ոչ,  վիրահատությունից 12 ժամ առաջ օգտագործվում են նաև արյունը ջրիկացնող պրեպարատներ, ներարկվում են ֆլաքսիպարին կամ պլեքսամ: Բացի դա, նաև գուլպաներ են հագցվում՝ թրոմբներից  խուսափելու համար:  Իսկ վիրահատությունը արգանդի հատումն է:
      
  • Երեխայի խնամքի տարբերությունը բնական ճանապարհով ծնվածից

    Երեխայի խնամքի առանձնահատուկ տարբերություններ չկան:
     
  • Ազդեցությունը հետագա հղիությունների և ծննդաբերությունների վրա

    Իհարկե, կեսարյան հատումներով էլ կարելի է 3-4 երեխա ունենալ, բայց դա արդեն դժվարություններ է ենթադրում, ամեն վիրահատությունից հետո հնարավոր են կպումային պրոցեսներ, որոնք հետագայում բարդացնում են և հղիության հնարավորությունը, և հետագա վիրահատությունների ընթացքը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը