«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով

Կլինիկական դեպք․ զույգ պտղով հղիություն՝ բարդացած անամնեզով

2024 Հուն 23, Երեքշաբթի

Կրկնածին 37 տարեկան, ՄՄԱՊԳՀԿ է դիմել՝ գանգատվելով աճուկային շրջաններում նքացող ցավերից և սրտխառնոցից։ Հղին զննվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Դրվել է ախտորոշում․ «Հղիություն, 34 շաբաթ և 5 օր։ Զույգ պտուղ։ Բարդացած գինեկոլոգիական անամնեզ (ԲԳԱ)՝ ձախ ձվարանի կիստոմա։ Բարդացած սոմատիկ անամնեզ (ԲՍԱ)՝  վարիկոզ հիվանդություն։ Վաղաժամ ծննդաբերության սպառնալիք»:

Նկար 1։ Կիստոմայի ՈՒՁՀ պատկեր։

Ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերված ձախ ձվարանի կիստոմայի չափերը եղել են՝ 165*120 մմ (նկ. 1):

Իրականացվել է տոկոլիտիկ, սպազմոլիտիկ և հակաէմետիկ թերապիա։ Որոշվել է սպիտակուցի առկայությունը մեզի 1 չափաբաժնի մեջ, որը կազմել է 7,1 գ/լ-ում։

Զարկերակային ճնշումը եղել է նորմայի սահմաններում։ Որոշվել է հղիին ծննդալուծել կեսարյան հատման ճանապարհով՝ պլանային կարգով, և իրականացնել կիստոմայի հեռացում։

Կատարվել է կեսարյան հատում․ տոտիկներով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,980 գ քաշով, 44 սմ հասակով, ապա գլխիկով դուրս է բերվել կենդանի անհաս աղջիկ՝ 1,780 գ քաշով, 42 սմ հասակով։ Նորածիններն, ըստ Ապգարի սանդղակի, գնահատվել են 7/7 բալ։

Արգանդի ամբողջականությունը վերականգնվել է վիկրիլե անընդհատ կարերով՝ ըստ Ռևերդենի, այնուհետև հեռացվել է կիստոման և ուղարկվել շտապ հյուսվածաբանական հետազոտության՝ վիրահատության հետագա ծավալը որոշելու նպատակով։                        

Նկար 2։ Կիստոման՝ ինտրաօպերացիոն։

Կիստոմայի չափերը եղել են 16,0*20,0 սմ (նկ. 2

Հեռացված կիստոմայի հյուսվածաբանական պատկերը համադրելի է եղել սերոզ ցիստադենոմայի հետ (նկ. 3


 
Նկար 3։ Սերոզ ցիստադենոմայի հյուսվածաբանական պատկեր։

Կատարվել է որովայնի խոռոչի դրենավորում։ Արյան կորուստը կազմել է 600,0 մլ, մարմնի զանգվածի մոտավորապես 0,8 %-ը։

Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժառուն դուրս է գրվել բավարար վիճակում։

Հղիության ընթացքում ձվարանների զանգվածային նորագոյացությունների մասին համառոտ տեղեկատվություն

ՄՄԱՊԳՀԿ-ի մասնագիտական թիմից այս կլինիկական դեպքի շրջանակում աշխատել են Ա.Կ. Բլբուլյանը, Կ.Կ. Առուստամյանը, Ա.Ռ Բադալյանը, Է. Բ. Հարությունյանը։
 
Հղիությունների մոտավորապես 0,2-2%-ն ուղեկցվում է հավելումների նորագոյացությունների առաջացմամբ։ Դրանց մեծամասնությունն առաջանում են ձվարաններից, հայտնաբերվում են հղիության առաջին եռամսյակում, կարող են ինքնաբերաբար վերանալ, քանի որ իրենց բնույթով, սովորաբար, պարզ ֆունկցիոնալ կիստաներ են:

Նորագոյացությունների որոշ տեսակներ չեն անհետանում և կարող են չափերով մեծանալ ու կլինիկական դրսևորումներ ունենալ:

Ախտանշանները ոչ սպեցիֆիկ են և վերագրվում են հղիության դեպքում դիտվող ֆիզիոլոգիական փոփոխություններին, որի պատճառով ախտորոշումը կարող է հետաձգվել և ախտորոշվել միայն նորագոյացության չափերով մեծացման, հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի, վարակման, չարորակացման, փոքր կոնքում կիստայի սեղմման ժամանակ, ինչը, հաճախ, պահանջում է շտապ միջամտություն: Այս հիվանդների շրջանում ոլորումներն ամենատարածված բարդությունն են: Հղիության ընթացքում ձվարանների ոլորման վտանգը բարձրանում է 5 անգամ և ավելի հաճախ հանդիպում է առաջին եռամսյակում։

Ոչ սպեցիֆիկ ախտանշաններից են մեջքի կամ որովայնի ցավը, փորկապությունը, որովայնի փքվածությունը և միզարձակման խանգարումները: Մեկ այլ դրսևորում է համարվում նախածննդյան այցելության ժամանակ որովայնում, կոնքում կամ Դուգլասյան տարածությունում հայտնաբերված շոշափվող գոյացությունը: Մյուսը որովայնի սուր ցավն է՝ կապված հավելումների ոլորման կամ կիստայի պատռվածքի հետ։

Հղիների մոտ ձվարանների սերոզ ցիստադենոմայի հանդիպման հաճախականությունը 5-28% է: Սերոզ ցիստադենոմաները բարակ պատերով և կիսաթափանցիկ կիստաներ են, որոնք, սովորաբար, միախոռոչ են, պարունակում են սակավ միջնապատեր և հաճախ միակողմանի են, թեև կարող են լինել նաև երկկողմանի։

Հղիության ընթացքում ձվարանների նորագոյացությունների ախտորոշման մեջ մեծ է ուլտրաձայնային հետազոտության դերը:

Մեծ չափերով կիստաների դեպքում խորհուրդ է տրվում վիրաբուժական միջամտություն։ Երկրորդ եռամսյակը համարվում է իդեալական՝ վիրաբուժական միջամտության համար, քանի որ նվազում է 1-ին եռամսյակում ինքնաբեր վիժումների և 3-րդ եռամսյակում վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը: Ե՛վ բաց վիրահատությունը, և՛ լապարոսկոպիան կարող են իրականացվել՝ հաշվի առնելով կիստայի տրամագիծը, հղիության ժամկետը և վիրաբույժի համապատասխան փորձառությունը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Նոյ 04, Երկուշաբթի | Լուրեր

ԱՄԲ՝ 14 տարվա անպտղություն

Օֆելյայի մեծ պայքարի պատմությունը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 08, Ուրբաթ | Պացիենտների համար

Հայաստանում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն

Աշխարհում առաջին անգամ հաջողված ԱՄԲ-ն իրականացվել է ավելի քան 45 տարի առաջ Մեծ Բրիտանիայում: 1978 թվականի հունիսի 25-ին Անգլիայում լույս աշխարհ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը