«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կրծքով կերակրումը և ալկոհոլը

Կրծքով կերակրումը և ալկոհոլը

2025 Օգս 13, Չորեքշաբթի

Կերակրող մայրերը հաճախ ստանում են հակասական խորհուրդներ տարբեր բժիշկներից ու խորհրդատուներից այն հարցի շուրջ, թե արդյոք ալկոհոլի օգտագործումը կարող է բացասաբար ազդել երեխայի վրա...։ Նախկինում լայն տարածում ուներ այն կարծիքը, որ ալկոհոլը կարող է օգտակար լինել կրծքով կերակրման ընթացքում։ Շատ բժիշկներ անգամ մայրերին խորհուրդ էին տալիս խմել ալկոհոլ (ավելի հաճախ գինի կամ գարեջուր), որպեսզի թեթևացնեն սթրեսը, խթանեն լակտացիան և բարելավեն երեխայի քունը։ Հավանաբար, հենց այս պատճառով է, որ աշխարհում կերակրող մայրերի 30–80%-ը կրծքով կերակրման ընթացքում որևէ չափաբաժնով ալկոհոլ օգտագործում է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նորվեգիայում՝ 1990-ականներին, երբ 83% մայրեր ալկոհոլ էին օգտագործում։ 2000-ականներին այդ թիվը նվազեց մինչև 79%։ Նորվեգիայում յուրաքանչյուր չորրորդ կերակրող մայր, որը խմում էր, ընդունում էր օրական ավելի քան 5 ստանդարտ չափաբաժին ալկոհոլ (1 չափաբաժին՝ 10–14 գ սպիրտ ցանկացած ալկոհոլային խմիչքում)։ Համեմատության համար՝ ԱՄՆ-ում միայն 35% մայրեր են ալկոհոլ օգտագործում կրծքով կերակրման ժամանակ։

Խմե՞լ, թե՞ չխմել ալկոհոլ կրծքով կերակրման ընթացքում

Ալկոհոլի ազդեցությունը երեխայի վրա կախված է մոր կողմից ընդունված ալկոհոլի քանակից, մոր առողջական վիճակից, մարմնի զանգվածից և ալկոհոլ ընդունելուց մինչև կերակրումը անցած ժամանակից։ Թեև որոշ կազմակերպություններ (օր.՝ La Leche League International) դեռ պնդում են, որ վերահսկվող քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է անվնաս լինել, եթե կաթում պարունակվում է միայն աննշան քանակություն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի բժշկական համայնքները, որպես ամենաանվտանգ տարբերակ, դիտարկում են մայրերի լիակատար հրաժարումը ալկոհոլից։ Որպես այլընտրանք՝ նրանք խորհուրդ են տալիս կերակրել միայն այն ժամանակ, երբ անցել է ալկոհոլի քայքայման համար անհրաժեշտ ժամանակը ՝ յուրաքանչյուր չափաբաժնի համար մոտավորապես 2 ժամ։ Ավելի պահպանողական դիրքորոշում ունեցող համայնքները (օրինակ՝ Կանադա) նույնիսկ նշում են, որ անհրաժեշտ է կաթը, որը արտադրվել է ալկոհոլի ընդունումից հետո, ամբողջությամբ կթել ու թափել։ Սակայն ապացուցված է, որ այս միջոցառումը չի նվազեցնում կաթում ալկոհոլի խտությունը․ քանի դեռ մոր արյան մեջ առկա է ալկոհոլ, այն առկա է նաև կաթում, թեև զգալիորեն ցածր մակարդակով՝ մոր արյան խտության մոտավորապես 5–6%-ի չափով։ Ալկոհոլն անցնում է կաթի մեջ արդեն ընդունումից 30–60 րոպե անց։

Վերջին բժշկական տվյալները

Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլը չի կարող համարվել անվտանգ որևէ չափաբաժնով՝ անկախ ալկոհոլի տեսակից և օգտագործողի տարիքից։ Հետևաբար, այն կարծիքը, թե մեկ չափաբաժին ալկոհոլը, որն ընդունվել է կերակրումից առնվազն 2 ժամ առաջ, անվնաս է երեխայի համար՝ սխալ է։ Հավանական է, որ ալկոհոլի «սահմանափակ անվտանգությունը» տարածվում է ալկոհոլի արտադրողների հակազդման շնորհիվ։ Կան տվյալներ, որ այն երեխաները, որոնց մայրերը ալկոհոլ են օգտագործել հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ, հետագայում ալկոհոլային կախվածությունից ավելի հաճախ են տառապում։

Ալկոհոլի վնասները կերակրող մոր և երեխայի համար

  • Միֆերի հակառակ՝ ալկոհոլը նվազեցնում է կաթի արտադրությունը․ մեկ չափաբաժինը (մոտավորապես 12 գ սպիրտ) 2 ժամում կաթի արտադրությունը նվազեցնում է միջինում 9%-ով։ Սա պայմանավորված է օքսիտոցին հորմոնի ճնշմամբ, որն ապահովում է կաթի հոսքը։
  • Ալկոհոլը կրճատում է լակտացիայի ընդհանուր տևողությունը․ մայրերը, որոնք օրական օգտագործում են առնվազն 2 չափաբաժին ալկոհոլ, երկու անգամ ավելի հաճախ են դադարեցնում կերակրումը։
  • Ալկոհոլը թուլացնում է մոր ռեֆլեքսները և արձագանքը վտանգավոր իրավիճակներին։ Եթե մայրն ալկոհոլ օգտագործելուց հետո քնում է երեխայի հետ նույն մահճակալում, դա զգալիորեն բարձրացնում է հանկարծակի մանկական մահվան համախտանիշի ռիսկը։
  • Մանկան կաթի ընդունումը նվազում է մինչև 20%՝ մոր կողմից ալկոհոլ ընդունելուց հետո առաջին 4 ժամվա ընթացքում։
  • Ալկոհոլը խախտում է մանկան քնի կառուցվածքը․ քունը դառնում է ավելի կարճ (մոտավորապես 25%-ով) և ավելի անկանոն քնի փուլը նվազում է։ Սա կարող է ազդել տեղեկությունների մշակման և հիշողության ձևավորման վրա։
  • Ալկոհոլ օգտագործող մայրերի երեխաների մոտ ավելի հաճախ են նկատվում հոգեմոտոր զարգացման հետաձգում և աճի դանդաղում։

Որքա՞ն արագ է դուրս գալիս ալկոհոլը մոր օրգանիզմից

Միջինում յուրաքանչյուր չափաբաժնի մարսման և օրգանիզմից հեռացման համար պահանջվում է մոտավորապես 2 ժամ։ Եթե օգտագործվել է 2 չափաբաժին՝ մոտավորապես 4 ժամ, 3 չափաբաժին՝ մոտավորապես 6 ժամ։ Ժամանակը հաշվարկվում է ալկոհոլի ընդունման սկզբից։

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 07, Ուրբաթ | Լուրեր

Մարգարյան ծննդատունը հյուրընկալել էր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

«Մարգարյան ծննդատանը» հյուրընկալեցինք մեր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկին՝ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին: Նա այն եզակի գիտնականներից է, ում անունով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Նոյ 13, Հինգշաբթի | Պացիենտների համար

Էպիդուրալ անզգայացում. Կարեն Չիլինգարյան

Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ընթացքում կիրառվող ցավազրկման ամենատարածված տեսակն է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը