2019 Օգս 19, Երկուշաբթի
20-րդ շաբաթը հղիության հասարակածն է: Արդեն գտնվում եք երեխայի հետ հանդիպման ճանապարհի ուղիղ մեջտեղում: Պտղի խաղն արտահայտված է ավելի ցայտուն, նա շատ ակտիվ պտտվում է, հարվածում, շրջվում, ինչպես նաև` պարբերաբար հորանջում: Հղիության կեսը մի շրջան է, երբ ապագա մորը կարող են անհրամարություն պատճառել այտուցները, հևոցը և այրոցը: Այս շրջանում անհրաժեշտ է հետևել օգտագործվող սննդի որակին՝ սակավարյունությունից խուսափելու համար:
20-րդ շաբաթում սեռական հարաբերության ժամանակ պետք է ընտրել դիրքեր, որոնք բացառում են հղիի որովայնի վրա ճնշումը:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Փոքրիկը կշռում է մոտավորապես 270 գր, մարմնի երկարությունը՝ գլխի գագաթից մինչև պոչուկ, 14-16 սմ է: Արդեն երեխայի հասակը կարելի է չափել գլխից մինչև ներբաններ (20-րդ շաբաթում այն կազմում է մոտավորապես 25 սմ), քանի որ նրա ոտքերն աճել են և համաչափ են մարմնին: Սիրտն աշխատում է ավելի ակտիվ: Նրա զարկերը կարելի է լսել որովայնի առաջային պատից` գինեկոլոգիական լսափողի օգնությամբ:
Շարունակում են աշխատել աղիները, այնտեղ արդեն առաջացել է մեկոնիումի որոշակի քանակ: Գործում են սեռական գեղձերը, երիկամները:
20-րդ շաբաթում շատ մայրեր սկսում են զգալ երեխայի շարժումները: Սակայն, եթե հղիությունն առաջնային է, երեխայի խաղը կարող է զգացվել 22-րդ շաբաթից: Նիհար կազմվածքով մայրերը երեխայի առաջին խաղը շատ ավելի վաղ են զգում: Սովորաբար, մանկան խաղը որովայնում զգացվում է թիթեռնիկի թևերի թափահարման կամ ձկան լողի նման: Հաճախ, առաջին հղիության ժամանակ մայրերն այդ շարժումներն աղիների կծկումների տեղ են ընդունում: Ժամանակի ընթացքում փոքրիկն ավելի ակտիվ է շարժվում և արդեն 2-3 շաբաթ անց այն որևէ այլ բանի հետ շփոթելը դժվար է:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Հղիի մազերը կարող են ավելի փարթամանալ, քան մինչև հղիությունը: Դա չի նշանակում, որ դրանք ավելացել են. մազերի ֆոլիկուլները կյանքի ընթացքում չեն շատանում, պարզապես մազերի մի մասը դադարում է թափվել: Ծննդաբերությունից հետո դրանք կլրացնեն այդ «բացը». ինչը չի ընկել վերջին ամիսներին, կընկնի ծննդաբերությունից հետո` մեկ տարվա ընթացքում: Կարող է թվալ, որ երեխայի ծննդից հետո մազերը խիստ պակասել են, բայց դա այդպես չէ: Ուղղակի մազերի աճի և թափվելու գործընթացը վերադարձել է մինչհղիության շրջանի նորմային: Հղիության կեսին կարող է սկսվել մազերի ակտիվ աճ մարմնի վրա (օրինակ. ցայլքից մինչև պորտը): Սա ևս ժամանակավոր երևույթ է և կանցնի ծննդաբերությունից հետո:
Հղիության ժամանակ չի կարելի պառկած լոգանք կամ ուժեղ շիթի տակ ցնցուղ ընդունել: Հեշտոցի մեջ անցած ջուրը կամ դեղաբույսերի թուրմերն ու այլ խառնուրդներ կարող են խախտել միկրոֆլորան և վարակների պատճառ դառնալ:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Կատարել մեզի և արյան ընդհանուր հետազոտություն:
Բժիշկը պետք է ուշադիր լինի և հետևի բոլոր փոփոխություններին, որոնք կատարվում են հղի կնոջ օրգանիզմում:
Գնել մինչծննդաբերական սեղմակապ:
Երկրորդ եռամսյակի կեսից ապագա մոր որովայնը սկսում է արագորեն մեծանալ: Ազատ ձևվածքի հագուստի հետ միասին, արդեն ժամանակն է նաև մտածել հղիների համար նախատեսված սեղմակապ ձեռք բերելու մասին:
Ձեռք բերել հղիների հատուկ բարձ:
Խորը և խաղաղ քունն ապագա մորը նույնքան անհրաժեշտ է, որքան ճիշտ հագուստն ու սնունդը: Հղիների համար նախատեսված բարձն օգնում է թուլացնել մկանները, հանել լարվածությունը և հարմար դիրք ընդունել:
Մտածել ծննդաբերության սցենարը և երեխայի հոր հետ քննարկել դրա ժամանակ նրա ներկայության հարցը:
Ոչ բոլոր ապագա հայրերն են համաձայն ներկա գտնվել ծննդաբերական գործընթացին, այդ պատճառով հղիության կեսը ճիշտ ժամանակն է դա քննարկելու համար:
Սկսել ծննդատան ընտրությունը:
Կարդալ ծննդատների վերաբերյալ կարծիքները, խորհրդակցել վերջերս ծննդաբերած ծանոթների հետ, քննարկել բոլոր կողմ և դեմ փաստերը և ընտրել հարմարավետ ծննդատուն:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»