2020 Նոյ 30, Երկուշաբթի
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում, ծննդաբերության ընթացքում, նաև ծնվելուց հետո՝ նորածնի մոտ:
Հիպօքսիան հիվանդության ախտորոշում չէ, այլ ախտանշան է և կարող է լինել բոլորի մոտ՝ և՛ մեծահասակների, և՛ երեխաների, և՛ նորածինների:
Հիպօքսիայի ի՞նչ տեսակներ կան:
Հիպօքսիան լինում է երկու տեսակի՝ քրոնիկ և սուր: Քրոնիկ հիպօքսիան սկսում է ներարգանդային կյանքում, այն կոչվում է նաև պերինատալ հիպօքսիա և զարգանում է հղիության ընթացքում:
Որո՞նք են քրոնիկ հիպօքսիայի պատճառները:
Հիպօքսիայի պատճառները բազմազան են: Հիմնական պատճառներն են՝ ընկերք-արգանդային անբավարարությունը, մոր ծանր սոմատիկ հիվանդությունները, շաքարային դիաբետը, հիպերտենզիան, հղիությունը բարդացնող տարբեր վիճակները՝ գերջրությունը, սակավաջրությունը, անհասությունը, ներարգանդային կյանքում աճի դանդաղումը, բազմապտուղ հղիությունները, մայրերին նշանակվող որոշակի դեղորայքը:
Ինչպե՞ս է զարգանում սուր հիպօքսիան:
Սուր հիպօքսիան զարգանում է ծննդաբերության ժամանակ, երբ առաջանում են որոշակի խնդիրներ: Այդ խնդիրներից են՝ տրավմատիկ ծանր ծննդաբերությունները, հատկապես, երբ գործիքային միջամտությունների կարիք է լինում՝ վակուում էքստրակցիա և աքցանադրում, պտղաշրջում, շտապ կեսարյան հատում, սրտի բաբախի տուժում, երկարատև ծննդաբերություն, պորտալարի արտանկում, պորտալարի ամուր փաթաթում պտղի պարանոցի կամ իրանի շուրջը, որը ծննդաբերության ընթացքում ավելի է սեղմում, կեղտոտ պտղաջրերի դեպքում ՝ մեկոնիալ կամ արյունային, ծննդաբերության ժամանակ նարկոտիկների օգտագործում (այսօր ընդհանուր անզգայացում քիչ են կատարում, բայց մոր վիճակից ելնելով՝ երբեմն կիրառվում է), մայրերի մոտ` հիպոտենզիաներ, երբ մոր մոտ զարգանում է ճնշման անկում, շոկային վիճակ:
Նորածինը կարող է հիպօքսիա ունենալ նաև ծնվելուց հետո, որի պատճառ են թոքային խնդիրները՝ թոքաբորբը, շնչառական խանգարումները, սրտի բնածին արատները, սեպսիսը, վարակները, հաճախ կրկնվող ապնոէները, որոնք բնորոշ են անհաս նորածիններին:
Ինչո՞վ է վտանգավոր հիպօքսիան:
Հիպոքսիան երբեմն կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Եթե երեխան ծնվում է թեթև հիպօքսիայով, այն անհետևանք անցնում է և հետագայում խնդիրներ չեն լինում: Դա կարող է լինել և՛ սուր, և՛ քրոնիկ հիպօքսիաների դեպքում: Իսկ միջին և ծանր դեպքերի ժամանակ, երբ առկա է բավականին երկարատև արտահայտված ներարգանդային հիպօքսիա, կամ արտահայտված ինտրանատալ հիպօքսիա, երեխայի մոտ կարող է զարգանալ շնչահեղձություն:
Ինչպե՞ս է արտահայտվում շնչահեղձությունը:
Երբ հիպօքսիան լինում է երկարատև և ծանր, նա կարող է դառնալ շնչահեղձության պատճառ: Շնչահեղձությունը նորածնի մոտ շնչառության բացակայությունն է կամ՝ սրտի զարկերի առկայության պայմաններում, անկանոն շնչառությունը: Այդ դեպքում Ապգարի բոլոր ցուցանիշները լինում են ցածր:
Ծանր շնչահեղձության ժամանակ տուժում են բոլոր օրգան-համակարգերը, որոնք ապահովում են նորածնի կենսունակությունը՝ սիրտ-անոթային, շնչառական, մարսողական, միզային և, հատկապես` նյարդային համակարգը, ու եթե ժամանակին ճիշտ միջամտություններ չիրականացվեն, կամ եթե ներարգանդային կյանքում պտղի հիպօքսիան շատ ծանր է եղել, նորածինը կարող է մահանալ:
Ինչպե՞ս կանխարգելել:
Հիպօքսիայի կանխարգելման համար կարևոր է հղիության ճիշտ վարումը, հսկողությունը, որը հնարավորություն է տալիս հղիության ընթացքում վաղ հայտնաբերել ներարգանդային քրոնիկ և սուր հիպօքսիաները: Բայց կան դեպքեր, երբ հնարավոր չէ այն կանխարգելել, որովհետև մայրն այնպիսի հիվանդություններ ունի, որոնք քրոնիկ են: Նման դեպքերում, պարզապես, պետք է հնարավորին այնպիսի պայմաններ ապահովել, որոնք ամենահամապատասխանն են պտղի համար:
Ինչպե՞ս ախտորոշել:
Պտղի հիպօքսիան հայտնաբերում և ախտորոշում են գինեկոլոգները:
Ցանկալի է այն ախտորոշել ժամանակին, և ընտրել ծծնդալուծման ամենահարմար ժամանակն ու եղանակը՝ ելնելով երեխայի և մոր շահերից: Դրանից հետո՝ կարիքի դեպքում (շնչահեղձություն), անհրաժեշտ է արագ և արդյունավետ վերակենդանացում կատարել:
Արագ և արդյունավետ վերակենդանացումից հետո արդեն անց է կացվում համապատասխան բուժում, որն իր մեջ ներառում է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում:
Նախկինում, նախ, կատարվում էր վերակենդանացում, ապա` ախտանշային բուժում՝ սիրտ-անոթային, թոքային համակարգերի կարգավորման նպատակով: Ներկայում հատուկ սարքավորման օգնությամբ իրականացվում է թերապևտիկ հիպոթերմիա, որի արդյունքում նորածնի նյութափոխանակությունը դանդաղում է, իսկ նյարդային համակարգի կողմից առաջացող շեղումները նվազում են: Թերապևտիկ հիպոթերմիան կատարվում է բոլոր օրգան-համակարգերի (սիրտ-անոթային, շնչառական, նյարդային) շուրջօրյա գործիքային հսկողության պայմաններում;
Հայաստանում դա դեռևս կատարվում է միայն երկու բուժհաստատություններում՝ Մուրացան բժշկական կենտրոնում և մեզ մոտ:
Ի՞նչ բարդություններով է հղի հիպօքսիան:
Հիպօքսիայի բարդություններից է հիպօքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիան, երբ երեխաների մոտ զարգանում են նյարդային համակարգի խնդիրներ:
Եթե շնչահեղձությունը թեթև աստիճանի է, այն անհետևանք անցնում է, եթե միջին և ծանր աստիճանի է՝ տարբեր աստիճանի արտահայտվածության նյարդաբանական խնդիրներ են առաջանում, որոնք հանդիպում են հազար կենդանածին երեխաներից 1,8-7 նորածնի մոտ: Այդ երեխաները հատուկ հսկողության են վերցվում նյարդաբանների կողմից,:
Ի՞նչ է հիպօքսիկ էնցեֆալոպաթիան:
Հիպօքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիան կայուն կամ անցողիկ նյարդաբանական ախտահարում է՝ պայմանավորված տարած պերինատալ հիպօքսիայով, որն արտահայտվում է ծննդաբերությունից հետո վաղ շրջանում՝ գիտակցության, մկանային տոնուսի և ռեֆլեսքների, շնչառական խանգարումներով, ցնցումներով, կերակրման խնդիրներով, որոնք ևս շատ կարևոր են. եթե ծծման ռեֆլեքսն ընկճված է, կանխատեսման առումով, դա վատ նշան է:
Հիպօքսիայի ամենաբարդ հետևանքը մանկական ուղեղային կաթվածն է, որը զարգանում է, եթե երեխան շատ ծանր ներարգանդային քրոնիկ հիպօքսիա կամ ծանր շնչահեղձուկով է ծնվել: Մանկական ուղեղային կաթվածն արտահայտվում է կայուն, երկարատև նյարդաբանական խանգարումներով, որոնց բնորոշ են անկառավարելի մկանային տոնուսը, շարժումները՝ առանց այլ ախտաբանության կամ հիվանդության:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»