2021 Հուն 18, Երկուշաբթի
Ի՞նչ է փոխնակ մայրությունը:
Փոխնակ մայրությունը կնոջ կողմից երեխայի կրումը և ծննդաբերումն է մեկ ուրիշ անձի կամ անձանց համար, որոնք երեխայի ծննդից հետո դառնալու են նրա ծնողները:
Ովքե՞ր են դիմում փոխնակ մայրության մեթոդին:
Փոխնակ մայրության ծրագրին դիմում են այն ամուսնական զույգերը, որոնք արդեն սպառել են անպտղության բուժման բոլոր հնարավորությունները: Կասկած չկա, որ անզավակ զույգը միշտ կարող է երեխա որդեգրել: Բայց շատերի մոտ, այնուամենայնիվ, պահպանվում է գենետիկորեն հարազատ երեխան ունենալու բնական ցանկությունը: Չէ՞ որ սերնդի շարունակությունը առկա է մարդկանց մեջ բնազդային մակարդակով:
Ի՞նչ ցուցումների դեպքում են դիմում փոխնակ մայրության ծրագրին:
Փոխնակ մայրության ծրագրին դիմելու ցուցումներն են՝ արգանդի բացակայությունը, արգանդի խոռոչի կամ վզիկի այն դեֆորմացիաները, որոնց դեպքում կարգավորումը կամ անհնարին է, կամ արդյունավետ չէ: Ցուցումներից են էնդոմետրիումի ախտաբանությունները (սինեխիաներ, արգանդի խոռոչի աբլիտերացիա, էնդոմետրիումի ատրոֆիա), երբ նույնպես կարգավորումն անհնար է, կամ արդյունավետ չէ: Հաջորդ ցուցումը` հակացուցումների մեջ ընդգրկված հիվանդությունները և վիճակներն են, հաջորդը՝ էմբրիոնների տեղափոխման կրկնվող փորձերից հետո հղիության բացակայությունը (որակյալ էմբրիոնի 3 և ավելի փորձերը), մյուս ցուցումն է՝ գենետիկ ախտաբանությունների հետ կապ չունեցող սովորութային վիժումները:
Ինչո՞ւմ է կայանում մեթոդի էությունը:
Մեթոդի էությունը հասկանալու համար բավական է լատիներենից թարգմանել էքստրակորպորալ բառը՝ extra՝ դրսում և corpus՝ մարմին: Այսինքն, բեղմնավորում` մարմնից դուրս: Այսպիսով, արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) էությունը՝ կնոջ (բիոլոգիական մոր) օրգանիզմից վերցրած ձվաբջջի` տղամարդու սերմով արհեստականորեն բեղմնավորումն է փորձանոթում` «in vitro»: Ստացված էմբրիոնը պահվում է ինկուբատորային պայմաններում, որտեղ այն զարգանում է 2-5 օր, որից հետո էմբրիոնը տեղափոխվում է փոխնակ մոր արգանդի խոռոչ՝ հետագա զարգացման համար: ԱՄԲ բարդ գործընթաց է, որն իրականացվում է միայն բարձրորակ մասնագետների հսկողությամբ:
Ինչպե՞ս է իրականացվում արտամարմնային բեղմնավորումը:
ԱՄԲ-ն մի քանի էտապից է բաղկացած.
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում փոխնակ մորը:
Ըստ Հայաստանի կանոնադրության, փոխնակ մայր կարող է դառնալ 20-35 տարեկան, հոգեպես և ֆիզիկապես լիովին առողջ կինը: Պարտադիր պայման է առնվազն մեկ սեփական երեխայի առկայությունը: Կարևոր է նաև անամնեզում արգանդի վիրահատոթյունների բացակայությունը:
Մինչև ծրագրի մեջ ընդգրկվելը, փոխնակ մոր թեկնածուն պետք է անցնի հետազոտությունների պարտադիր կոմպլեքս:
Ինչպե՞ս է կատարվում էմբրիոնի տեղափոխումը և կնոջ հսկողությունը դրանից հետո:
Էմբրիոնի կամ էմբրիոտրանսֆերի տեղափոխումն ինքնին բարդ չէ, այն տևում է մոտավորապես 15 րոպե: Սովորաբար, էմբրիոնի տեղափոխման ժամանակ, բացի բացառիկ դեպքերից, ընդհանուր ցավազրկման կարիք չի լինում: Տեղափոխումից հետո պացիենտը՝ բժշկի կողմից հրահանգներ ստանալուց հետո, կարող է տուն գնալ:
Էքստրակորպորալ բեղմնավորման ժամանակ, էմբրիոնների տեղափոխումից հետո, կինը պետք է հետևի իր առողջական վիճակին և կատարի բժշկի խորհուրդները:
14 օր արգելվում է ծանրություն բարձրացնել և ֆիզիկապես ծանրաբեռնվել, անհրաժեշտ է խուսափել սեռական կյանքից, ճիշտ սնվել, հետևել առողջ ապրելակերպի (լիարժեք քուն, հրաժարում ծխախոտից և ալկոհոլից), բացառել տաք լոգանքը, չհաճախել բաղնիք և սաունա, խուսափել բազմամարդ տեղերից և վարակիչ հիվանդություններով հիվանդ մարդկանց հետ շփումից, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:
Փոխնակ մայրության իրավական կարգավորումն ինչպե՞ս է տեղի ունենում:
Փոխնակ մայրության իրավական կարգավորման ոլորտում կան որոշ խնդիրներ բոլոր երկրներում, այդ թվում նաև` Հայաստանում:
Փոխնակ մայրության որոշ հարցեր կարգավորվում են գործող օրենքով, որոշ հարցեր էլ դեռևս քննարկման փուլում են: 2016 թվականի նոյեմբերին Հայաստանի կառավարության նիստում շտկումներ են մտցվել Հայաստանում փոխնակ մայրության օրինագծում: Մասնավորապես, ներառվել է կետ, որ փոխնակ մայրության ծրագրի բոլոր մասնակիցները, կենսաբանական ծնողները կամ ծնողը և փոխնակ մայրը, պարտադիր պետք է ԴՆԹ թեստ հանձնեն:
«Կանոնադրությամբ ամրագրված է, որ փոխնակ մայրը պետք է գենետիկ կապ չունենա պտղի հետ, որին նա կրում է, և ամուսիններից գոնե մեկը պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը: Երեխան ծնողներին պետք է հանձնվի միայն ԴՆԹ փորձաքնությունից հետո»:
Գենետիկ ծնողների և փոխնակ մոր միջև պայմանագիր է կնքվում, որտեղ ներառվում են փոխնակ մայրության ծրագրի շրջանակներում առկա պարտավորությունները: Այնտեղ ներկայացված պայմաններըն ապահովում են երկու կողմերի իրավունքները:
Ծննդաբերությունից հետո՝ հայրությունը և մայրությունը բացահայտելու համար, վերցվում է ԴՆԹ նմուշ:
Հայաստանում փոխնակ մայրությամբ ծնված առաջին երեխաները (զույգեր), որոնց կենսաբանական մոր մոտ եղել է արգանդի բացակայություն, վերարտադրողական համակարգի զարգացման բնածին արատի հետևանքներ, Մայեր-Կյուստներ-Ռոկիտանսկու համախտանիշ, մեր կենտրոնում ծնվել են 2006 թվականին՝ աղջիկներ (3.130 գր և 3.380 գր քաշով, և յուրաքանչյուրը` 50 սմ հասակով):
Ինչի՞ց է կախված արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը:
ԱՄԲ միջամտության հաջողությունը կախված է մի քանի գործոններից:
Առաջին գործոնն, անկասկած, կլինիկայի ընտրությունն է, այսինքն, տվյալ կլինիկայի ցուցանիշները: Շատ կարևոր են ժամանակակից սարքերով հագեցվածությունը, մասնագետների որակավորումը, լավ պատրաստված բուժանձնակազմը, բժիշկների, էմբրիոլոգների, բուժքույրերի բարձր պրոֆեսիոնալիզմը:
Ըստ վիճակագրության, անպտղության բազմաֆունկցիոնալ մեծ կենտրոնները, ինչպիսին է, օրինակ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտեհետազոտական կենտրոնը, ԱՄԲ-ից հետո ունենում են ծնունդների ավելի բարձր տոկոս: Դրա պատճառն այն է, որ ԱՄԲ-ով հղիությունից հետո մինչծննդյան հսկողությունը, ծննդալուծումը, հետագա 40 օրվա ընթացքում հետծննդյան վարումը իրականացվում է մեր կողմից:
ԱՄԲ այնպիսի բարդությունների դեպքում, ինչպիսին է «ձվարանների հիպերդրդումը», որը կազմում է 10-12 տոկոս, մեր կենտրոնն ապահովում է պացիենտների վարում և բուժում:
Ուստի, արդյունավետ ԱՄԲ համար կարևոր, առաջին գործոնը կլինիկայի ընտրություննն է, որին պետք է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ:
Երկրորդ գործոնը կոնկրետ զույգի առանձնահատկությունն է: Այսինքն, անպտղության անմիջական պատճառը: Օրինակ, անպտղության փողային գործոնի ժամանակ, առաջին փորձից հղիության գրանցման հավանականությունը բավականին բարձր է, այն դեպքում, երբ էնդոմետրիոզի դեպքում նվազում է: Նվազում է նաև պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ժամանակ, երբ ձվաբջիջների որակն է վատ:
Ի՞նչ դեր ունեն կնոջ քաշը և տարիքը:
Որքան կնոջ տարիքը բարձր է, այնքան հաջողության հավանականությունը նվազում է, բարձրանում է վիժման և քրոմոսոմային շեղումների հավանականությունը: Եթե մինչև 35 տարեկան կանանց մոտ հղիությունը գրանցվում է 45 տոկոսով, ապա 43 տարեկանն անց կանանց մոտ` ընդամենը 8 տոկոս է: Դոնորային ձվաբջիջների օգտագործման ժամանակ տոկոսը կազմում է 45,8:
Անպտղության տևողությունը համարվո՞ւմ է գործոն:
ԱՄԲ վիճակագրության համաձայն, որքան անպտղության ժամկետը քիչ է, այնքան մեծ է հաջողության հավանականությունը: Այդ պատճառով պետք է բուժումը չուշացնել:
Ի՞նչ լուծումներ կան, եթե անպտղության պատճառը տղամարդն է:
Տղամարդու գործոնի ժամանակ բեղմնավորման հավանականությունը մեծացնելու համար օգտագործվում է ICSI (IntraCytoplasmic Sperm Injection) մեթոդը, երբ սպերմատոզոիդն ուղղակի ներմուծվում է ցիտոպլազմայի մեջ, որի ժամանակ, ձվաբջջի բեղմնավորման համար, ենթադրվում է մեկ, առավել ակտիվ և որակով բարձր սպերմատոզոիդի ընտրություն: Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է դրական արդյունք ստանալ նույնիսկ սպերմատոզոիդի ցածր որակի կամ թույլ շարժունակության դեպքում:
Կարևոր գործոն է նաև դրդման սխեմայի ընտրությունը: Բայց հաջողությունը կախված է ոչ թե ուղեցույցից, այլ բժշկի կողմից յուրաքանչյուր կոնկրետ դեպքում (տարիք, ձվարանների, էնդոմետրումի վիճակ և այլն) ուղեցույցի ճիշտ ընտրությունից:
Եվ վերջապես, հաջողության ոչ պակաս կարևոր գործոն է պացիենտի տրամադրվածությունը, հաջողությանը հավատալը:
Խոսենք արդյունքների մասին:
Ամեն տարի հաջողված ԱՄԲ ուղեցույցների ընդհանուր վիճակագրությունը բարձրանում է 1 տոկոսով: Ներկայում անպտղության բուժման ժամանակակից մեթոդները՝ զուգակցված դոնորական ծրագրերի և փոխնակ մայրության ծրագրի հետ, հնարավորություն են տալիս օգնել գրեթե բոլոր անպտուղ զույգերին:
Բնականաբար, չկա հղիության 100%-անոց արդյունք: Այսպիսի արտահայտություն կա. «Ճանապարհը հաղթահարում է քայլողը»: Ուստի, ճիշտ կլինի, եթե անպտղությամբ տառապող ամուսնական զույգերը՝ սպասելու փոխարեն, ժամանակին անպտղությունը հաղթահարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»