2022 Փետ 25, Ուրբաթ
Դաշտանային ցիկլի խանգարումը վիճակ է, որի դեպքում փոփոխվում է վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքը: Նման խանգարումներ տեղի են ունենում գրեթե բոլոր կանանց մոտ: Դաշտանի խանգարման հիմնական պատճառը կանանց հորմոնալ ֆոնի դիսֆունկցիան է: Պատճառները կարելի է բաժանել` ֆիզոլոգիական և ախտաբանական:
Որո՞նք են դաշտանային ցիկլի խանգարման պատճառները
Ֆիզիոլոգիական պատճառներ են կլիմայի փոփոխությունը, հաճախակի նյարդային գերլարումները, վատ սնուցումը, դաշտանադադարը և այլն:
Ախտաբանական պատճառներն են՝ գինեկոլոգիական հիվանդությունները, ներքին օրգանների և համակարգերի քրոնիկ ախտաբանությունները, որոնք բացասաբար են ազդում կոնքի օրգանների աշխատանքի վրա, որոշ դեղերի օգտագործումը՝ հորմոնալ հակաբեղմնավորիչներ, գլյուկոկորտիկոիդներ, հակամակարդիչներ, հակացնցումային միջոցներ և այլն:
Ցիկլի խանգարումները որքանո՞վ կապ ունեն կնոջ տարիքի հետ:
40 տարեկանից հետո կանանց դաշտանի խանգարումներն առավել հաճախ կապված են վերարտադրողական համակարգի տարիքային փոփոխությունների հետ: Այդ տարիքում ձվարանների ֆոլիկուլային պաշարը սպառվում է, ավելանում է առանց ձվազատման ցիկլերի հաճախականությունը: Կանանց օրգանիզմում նման փոփոխությունները սկսում են անկանոն դաշտաններով, արգանդի դիսֆունկցիոնալ արյունահոսությամբ և ավարտվում դաշտանադադարով:
Երիտասարդ աղջիկների մոտ դաշտանի խանգարումները հաճախ կապված են հիպոթալո-հիպոֆիզային և ձվարանների համակարգի անհավասար հասունացման հետ:
Ավելի քիչ դեր ունեն բնածին կամ ձեռքբերովի պատճառները՝ քրոմոսոմային հիվանդությունները կամ վերարտադրողական համակարգի անոմալիաները:
Ի՞նչ ախտանշաններով են ի հայտ գալիս:
Կախված էթիոլոգիական գործոնից, դաշտանային ցիկլի խանգարումները կարող են դրսևորվել տարբեր կերպ. ալգոմենորեա, որն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածում ձգվող ցավերով, սրտխառնոցով, գլխացավով, դաշտանի խանգարմամբ, դիսմենորեա, երբ անկանոն ցիկլն արտահայտվում է կտրուկ` առանց ուղեկցող ախտանշանների, հիպերմենորեա՝ նորմալ տևողությամբ դաշտանի առատ արտահոսք, մենորագիա՝ առատ արյունահոսությամբ ընթացող ցիկլը տևում է մինչև 12 օր, հիպոմենորեա՝սակավ արյունային արտադրություն, պոլիմենորեա՝ դաշտանի միջև ընդմիջումը ոչ ավելի է, քան 21 օրը, օլիգոմենորեա՝ 1-2 օր տևողությամբ կարճ ժամանակահատվածներ, օպսոմենորեա՝ 3 ամիս ընդմիջումով մեկանգամյա արյունային արտադրություն:
Բացի հիմնական կլինիկական նշաններից, կարող են լինել նաև այլ ախտանշաններ՝ հոգնածություն, դյուրագրգռություն, մարմնի քաշի ավելացում կամ նվազում, տարբեր ինտենսիվության ցավ` գոտկատեղի կամ որովայնի ստորին հատվածում, սրտխառնոց, հաճախակի գլխացավեր, միգրեն:
Ինչպե՞ս են ախտորոշվում դաշտանային խանգարումները
Նախքան դաշտանի խանգարումը բուժելը պետք է կատարել մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքները կօգնեն բժշկին գտնել հիմնական պատճառը և նշանակել անհրաժեշտ բուժում:
Դաշտանային ցիկլի խանգարման դեպքում կատարվում են հետևյալ հետազոտությունները՝ ուլտրաձայնային հետազոտություն, հյուսվածքաբանական քննություն, կոլպոսկոպիա, ՊԱՊ թեստ, արյան, մեզի քննություն, վարակների առկայության հանդեպ հետազոտություն:
Բուժման ի՞նչ տարբերակներ են կիրառվում:
Դաշտանային խանգարումների բուժումն ուղղակիորեն կապված է նրա հիմնական պատճառից: Եվ, անկախ պատճառից, այն պետք է իրականացվի գինեկոլոգի կողմից:
Եթե, օրինակ, պատճառը վարակային գործոնն է, նշանակվում են հակաբակտերալ դեղեր, ուրոսեպտիկներ, հորմոնալ դեղեր, ֆիզիոթերապիա:
Բոլոր դեպքերում, պետք է վերահսկել սննդակարգը, հանգիստը, խուսափել ֆիզիկական և հոգեբանական սթրեսից:
Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թիմին է միացել մանկաբարձ-գինեկոլոգ Նանա Դանիելբեկը, ով երկար տարիներ...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»