2022 Ապր 15, Ուրբաթ
Սակավարյունությունը (անեմիա) ախտաբանական վիճակ է, որը պայմանավորված է արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի նվազմամբ։ Հղիների 35-76%-ի մոտ ախտորոշվում է որևէ տեսակի սակավարյունություն։
Սակավարյունության ի՞նչ տեսակներ կան:
Դրանք կարող են լինել ժառանգական, օրինակ՝ թալասեմիան, մանգաղաբջջային սակավարյունությունը, և ձեռքբերովի, որոնք կարող են առկա լինել նախքան հղիությունը կամ զարգանալ հղիության ընթացքում։
Հղիների մոտ ամենահաճախ հանդիպողը երկաթպակասորդային սակավարյունությունն է, կարող են հանդիպել նաև ֆոլաթթու-պակասորդային, հեմոլիտիկ, ապլաստիկ սակավարյունություններ և այլն։
Ըստ հեմոգլոբինի ցուցանիշի` տարբերում են սակավարյունության երեք աստիճան։ Թեթև աստիճանի ժամանակ հեմոգլոբինն արյան մեջ 110գ/լ-ից ցածր է, միջին աստիճանի ժամանակ՝ 90գ/լ-ից ցածր, ծանր աստիճանի դեպքում՝ 70գ/լ-ից ցածր։
Որո՞նք են պատճառները:
Հղիության ժամանակ սակավարյունություն զարգանում է շրջանառվող արյան պլազմայի և էրիթրոցիտների անհավասար ավելացման պատճառով, որի հետևանքով արյան մեջ պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը։ Երկաթպակասորդային սակավարյունության ժամանակ հեմոգլոբինի և էրիթրոցիտների նվազումն օրգանիզմում պայմանավորված է երկաթի պակասով։ Երկաթի պակասը կարող է զարգանալ արյան կորստի (արյունահոսություններ), ստամոքս-աղիքային համակարգում խնդիրների հետևանքով առաջացած երկաթի յուրացման խանգարումների, ոչ լիարժեք սննդակարգի հետևանքով, երբ օրգանիզմը չի ստանում երկաթը յուրացնելու համար անհրաժեշտ միկրոէլեմենտներ և վիտամիններ:
Բոլոր պատճառները փոխկապակցված են միմյանց հետ, և արդյունքում՝ զարգացած երկաթ պակասորդային սակավարյունությունը 40% հղիների մոտ հանգեցնում է հեստոզների առաջացման։
Ինչպե՞ս է արտահայտվում սակավարյունությունը:
Կլինիկորեն արտահայտվում է թուլությամբ, հոգնածությամբ, քնկոտությամբ, գլխապտույտներով, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատությամբ, սրտխփոցով, հևոցով, կարող են լինել նաև ուշագնացություններ։ Երկաթպակասորդային սակավարյունությանը բնորոշ է նաև եղունգների փխրունությունը, մազաթափությունը, կլման ակտի խանգարումները` չոր սնունդ ընդունելիս։
Ի՞նչ վտանգներով է հղի սակավարյունությունը հղիների մոտ:
Սակավարյունությունը կարող է հանգեցնել հեստոզների, պիելոնեֆրիտների զարգացման, ընկերքի ոչ լիարժեքության, արյունահոսությունների բարձր ռիսկի, վիժումների, վաղաժամ ծննդաբերության, պտղի հիպոտրոֆիայի, հիպօքսիայի, մահացած պտղի, նորածնի ցածր քաշի և այլն։
Ինչպե՞ս է ախտորոշվում սակավարյունությունը:
Ախտորոշման հիմքում կլինիկական և լաբորատոր տվյալներն են. մասնավորապես` հեմոգլոբինի, էրիթրոցիտների, հեմատոկրիտի, երկաթի, ֆերիտինի նվազումը։
Բուժման ինչպիսի՞ մոտեցումներ կան:
Անհրաժեշտ է հետևել ճիշտ սննդակարգի, ստանալ վիտամինաթերապիա։ Դեղորայքային բուժումը կախված է սակավարյունության տեսակից։ Հատկապես երկաթպակասորդային սակավարյունության ժամանակ նշանակվում են երկաթ պարունակող դեղեր։ Թեթև և առավելապես միջին աստիճանի դեպքում դրանք նշանակվում են հաբերի տեսքով, ծանր դեպքերի ժամանակ հղիներն ուղեգրվում են արյունաբանական կենտրոն, որտեղ ստացիոնար պայմաններում ստանում են պարենտերալ բուժում, անհրաժեշտության դեպքում՝ արյան փոխներարկում։
Սակավարյունության դեպքում կանխարգելիչ միջոցառումները, վաղ հայտնաբերումը և ճիշտ նշանակված բուժումը կանխում են ծանր դեպքերի զարգացումը։
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»