2022 Հուն 13, Երկուշաբթի
Ի՞նչ փոփոխություններ են կրում անոթները հղիության ժամանակ:
Հղիությունը կնոջ համար կարևորագույն շրջան է, որը ոչ միայն ուրախ հույզերի առիթ է՝ կապված փոքրիկի լույս աշխարհ գալու հետ, այլ նաև տարբեր առողջական խնդիրների պատճառ է: Պատճառը նա է, որ հղի կնոջ օրգանիզմը գործում է շատ լարված՝ երկուսի փոխարեն, որպեսզի ապահովի պտղի լիարժեք զարգացումը:
Հաճախ հանդիպող բարդություններից է վարիկոզ հիվանդությունը` ստորին վերջույթների երակների լայնացումը, որը հատկապես կարևորվում է հղիության ժամանակ: Այս ախտաբանությունը զուգակցվում է երակների փականների անբավարարությամբ և, բնականաբար, արյան շրջանառության խանգարմամբ:
«Վարիկոզ» բառը լատիներենից թարգմանվում է՝ փքվածություն, լայնացում: Այս հիվանդության տարածվածությունը հղիների մոտ կազմում է 20-40 տոկոս, և մեծամասնության մոտ այն առաջին անգամ ի հայտ է գալիս հենց հղիության ընթացքում: Առավել հաճախ այն կլինիկորեն արտահայտվում է հղիության 5-6-րդ ամիսներին:
Յուրաքանչյուր հաջորդող հղիությունը մեծացնում է վարիկոզ հիվանդության արտահայտման հավանականությունը և ծանրությունը:
Որո՞նք են վարիկոզ հիվանդության պատճառները:
Վարիկոզի ախտանշանները հիմնականում արտահայտվում են հեստացիայի երկրորդ կեսում, որը պայմանավորված է կնոջ օրգանիզմի ծանրաբեռնվածությամբ: Պտղի չափերի մեծացման հետ` մեծանում են նաև արգանդի չափերը, և, բնականաբար, մեծանում է ճնշումը կոնքի անոթների՝ երակների վրա: Արդյունքում խանգարվում է արյան հետադարձ հոսքը` ստորին վերջույթներից: Երակները սկսում են լայնանալ և զարգանում է անոթային կանգ:
Ստորին վերջույթների անոթների վրա ծանրաբեռնվածությունը կապված է նաև հղի կնոջ մարմնի քաշի ավելացման հետ: Հղի կնոջ քաշի ավելացումը հղիության ընթացքում կարող է կազմել 8-15 կգ և ավելի:
Վարկիկոզի զարգացման պատճառներից են հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ընթացող հորմոնալ փոփոխությունները: Պրոգեստերոնի և ռելաքսանի քանակի բարձրացումը, էսթրոգենների քանակի նվազումն անհրաժեշտ են, որպեսզի արգանդը մնա ոչ լարված վիճակում: Այդ փոփոխություններն անդրադառնում են նաև երակների վրա: Դրա հետևանքով տեղի է ունենում փականային համակարգի խանգարում, ձևափոխություն և երակների վարիկոզ փոփոխություն` անոթներում առաջացնելով կանգային երևույթներ:
Ի՞նչ նպաստող գործոններ կան:
Նախատրամադրող գործոններից են ժառանգականությունը, ընկերքի առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, գերջրությունը: Գործոն են համարվում նաև մինչև հղիանալը կնոջ օգտագործած հակաբեղմնավորիչները:
Մյուս գործոններից է արյան շրջանառվող արյան ծավալի մեծացումը, որը բերում է ճնշման բարձրացման և կանգի:
Ի՞նչ գանգատներ է նշում հղի կինը:
Հղիները հաճախ գանգատվում են ծանրության զգացումից, ստորին վերջույթների շրջանում ցավերից, այտուցից, մկանների գիշերային ջղակծկումներից, լայնացած երակներից (անոթային աստղիկներ, երակային ցանց):
Ինչպե՞ս է զարգանում վարիկոզ հիվանդությունը:
Նկարագրված է հիվանդության մի քանի փուլ՝ կոմպենսացիայի, սուբկոմպենսացիայի և դեկոմպենսացիայի:
Կոմպենսացիայի փուլում հղին գանգատ չի ներկայացնում, պարզապես առաջանում են կոսմետիկ դեֆեկտներ` երակների մակերեսային լայնացման տեսքով:
Սուբկոմպենսացիայի ժամանակ կարող է նշել թեթև գանգատներ: Երրորդ՝ դեկոմպենսացիայի փուլում ախտանշանները սրանում են:
Ի՞նչ բարդություններ կարող են զարգանալ:
Վարիկոզ հիվանդության թե՛ դեղորայքային, թե՛ վիրահատական բուժումը պետք է իրականացնել նախքան հղիությունը, որովհետև հղիության ընթացքում հիվանդության ընթացքն արագանում է: Արագ զարգացող գործընթացը մեծացնում է հետևյալ ծանր բարդությունների վտանգը՝ խորանիստ երակների թրոմբոզ, լայնացած երակներից արյունահոսություն, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, սրտի և գլխուղեղային արյան շրջանառության խանգարումներ, թրոմբոֆլեբիտի զարգացում, տրոֆիկ խոցեր:
Հղիների մոտ անոթային ախտաբանությունը հանդիպում է 40-60 տոկոս դեպքերում: Սակայն կլինիկորեն այն արտահայտվում է ավելի ուշ ժամկետներում, և կարող է վտանգ ներկայացնել անգամ հղիի կյանքի համար: Նշված բարդությունները կարող են զարգանալ նաև հետծննդաբերական շրջանում:
Ստորին վերջույթների վարիկոզի ժամանակ՝ տեսանելի երակներից բացի, ախտահարումը կարող է ընդգրկել նաև փոքր կոնքի օրգանների երակները, որն ախտորոշելը շատ կարևոր է ծննդալուծման մոտեցումը ճշտելու համար:
Վարիկոզ խնդիրների դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում հղի կնոջ հսկողությունը և բուժումը:
Հղիության ամբողջ ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգի հսկողությանը զուգահեռ, հղին պետք է հսկվի նաև անոթաբանի կողմից: Անհրաժեշտ է կատարել անհրաժեշտ հետազոտությունները, ինչը կնպաստի կանխել հնարավոր բարդությունները: Մանկաբարձ-գինեկոլոգը պետք է հաշվի առնի նաև ռիսկի գործոնները:
Դեղորայքային բուժումը, դեղերի չափաբաժնի որոշումը կատարվում է անոթաբանի և մանկաբարձ-գինեկոլոգի կողմից համատեղ՝ ելնելով ախտաբանության արտահայտման ծանրությունից:
Հետծննդաբերական շրջանում, եթե հղին ունեցել է բարդություններ, անոթաբանի կողմից տրվում են խորհուրդներ՝ ֆիզիկական ակտիվություն, կոմպրեսիոն գուլպաների, սպիտակեղենի կրում և, բժիշկների որոշմամբ՝ դեղորայքային թերապիա:
Այն հղիները, որոնք ունեն վարիկոզ հիվանդություն, ցանկալի է, որ ծննդալուծվեն բնական ճանապարհով, քանի որ կեսարյան հատման դեպքում մեծ է թրոմբառաջացման վտանգը: Սակայն, ցավոք, կան դեպքեր, երբ բնական ուղիներով ծննդալուծումն անհնար է, և կատարվումէ կեսարյան հատում:
Ժամանակակից դեղերից մեծ կիրառություն ունեն ցածր մոլեկուլյար հեպարինի պատրաստուկները, որոնք ակտիվորեն օգտագործվում են հղիների մոտ անոթային ախտաբանությունների ժամանակ:
Ինչպե՞ս կանխարգելել վարիկոզ հիվանդության զարգացումը հղիների մոտ:
Հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է վարել ակտիվ կենսակերպ՝ քայլք, լող, հղիների մարմնամարզություն, օգտագործել ճիշտ սնունդ. կաթնաթթվային մթերք, սև սալոր, թեփ՝ փորկապությունը կանխելու համար:
Հղին պետք է սննդային բեռնաթափման օրեր անցկացնի և աշխատի ավելորդ քաշի դեմ:
Օրվա ընթացքում անհրաժեշտ է մի քանի անգամ պառկել, ոտքերը բարձրացնել կամ պահել հորիզոնական դիրքով, ընտրել հարմարավետ կոշիկներ` 3-4 սմ-ից ոչ բարձր կրունկներով, ստորին վերջույթների կոնտրաստ ցնցուղ ընդունել: Խորհուրդ է տրվում կրել սեղմող զուգագուլպաներ, որը նպաստում է խորանիստ երակներում արյան շրջանառության ակտիվացմանը, ինչը կանխում է մակերսային երակների լայնացումը:
Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»
1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո, հղիության ընթացքում կարելի է հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին: Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման: 11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»