«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ինչպե՞ս պատրաստվել ծննդաբերությանը. հարցազրույց Իրինա Ջահանյանի հետ

Ինչպե՞ս պատրաստվել ծննդաբերությանը. հարցազրույց Իրինա Ջահանյանի հետ

2022 Օգս 03, Չորեքշաբթի

Երեխայի լույս աշխարհ գալն առանձնահատուկ իրադարձություն է, որին հարկ է պատրաստվել ո՛չ միայն հոգեբանորեն…

Անպայման անհրաժեշտ է մինչև ծննդաբերությունը պատրաստվել, հավաքել անհրաժեշտ իրերով, պարագաներով պայուսակներ մոր և մանկան համար:

Պատրաստվել պետք է սկսել հղիության 31-32 շաբաթականից: Մի փոքր վաղ սկսելու պատճառն այն է, որ նախապես, մեծ ճշգրտությամբ դժվար է կանխատեսել հնարավոր անակնկալները՝ կապված ծննդաբերության ժամկետի հետ: Քանի որ երբեմն՝ տարբեր պատճառներով, այդ ժամկետներում կարող է վաղաժամ ծննդաբերություն լինել: Վաղաժամ ծննդաբերություն համարվում է երեխայի ծնունդը հղիության 22 -37 շաբաթների ընթացքում:  

Հղին ինչպե՞ս է տեղեկանում, թե ի՞նչ պարագաներ են անհրաժեշտ ծննդատուն գնալիս:

Հղին նախապես ծանոթանում է տվյալ ծննդատանն ընդունված անհրաժեշտ պարագաների ցանկին: Յուրաքանչյուր ծննդատան ցուցակ կարող է տարբեր լինել, քանի որ ծննդատները երբեմն որոշակի պարագաներ իրենք են հատկացնում հղիներին:  

Բայց, հավանաբար, ցուցակներն միմյանցից այնքան էլ չեն տարբերվում: Ո՞րն  է անհրաժեշտ պարագաների հիմնական ցանկը:

Նախ, սկսենք պայուսակներից: Նախկինում հղիները վերցնում էին սպորտային պայուսակ, ճամպրուկ, բայց ավելի ընդունելի են պոլիէթիլենային թափանցիկ, լավ փակվող պայուսակները, որովհետև դրանք ավելի հեշտ են մաքրվում: Իսկ սպորտային պայուսակը կամ ճամպրուկը հիմնականում շատ անգամներ օգտագործված են լինում, ճամփորդությունների ժամանակ երկրե-երկիր անցած, իրենց «պատմությամբ», և դժվար է դրանք անհրաժեշտ մաքրության վիճակի բերել, ինչը կարող է վարակի տարածման աղբյուր լինել:

Պայուսակները ցանկալի է դնել տան երևացող տեղում՝ աչքի առաջ, որպեսզի հեշտ լինի քիչ-քիչ անհրաժեշտ իրերն ավելացնել այնտեղ և պետք եղած ժամանակ խուճապի չմատնվել:

Անհրաժեշտ իրերը պետք է տեղավորել՝ առանձնացնելով  պարագաներ մայրիկի, երեխայի և դուրս գրման համար:

Մայրիկը պետք է պատրաստի նաև անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք պետք է դրվեն առանձին թղթապանակի մեջ: Փաստաթղթերի մեջ կարևոր են անձնագիրը, սոցիալական քարտը, փոխանակման քարտը, ուղեգիրը (եթե այն կա` կանանց կոնսուկտացիայից, կամ որևէ բուժհաստատությունից),  առկա հետազոտությունների տվյալները, էպիկրիզները,  նեղ մասնագետների եզրակացությունները, որոնք  կօգնեն մանկաբարձին՝ կնոջ առողջական վիճակը ճիշտ գնահատելու համար:

Անհրաժեշտ է ունենալ ամուսնության վկայականը՝ երեխայի գրանցումն իրականացնելու համար: Կան ծննդատներ, որտեղ ծննդյան վկայականը ծնողները ստանում են ծննդատնից՝ ԶԱԳՍ-ի աշխատակցի կողմից:  

Որո՞նք են կնոջն անհրաժեշտ պարագաները:

Մայրիկի պարագաներով պայուսակները կարելի է բաժանել երկու մասի՝ նախածննդաբերական և ծննդաբերական: Նախածննդաբերական պայուսակում պետք է լինեն ծնարանում անհրաժեշտ իրերը՝անկողնային սպիտակեղեն, գիշերանոց, խալաթ, կիսագուլպաներ, հեշտ լվացվող, ռեզինից կամ պլաստիկից հողաթափեր, տակդիրներ, երեխայի համար 1-2 փամփերս: Մոր համար անհրաժեշտ է նաև շշով ջուր, հեռախոս, որը հիմնականում անջատված է պահվում, բայց կարող է նաև հրատապ պետք լինել՝ հարազատների հետ կապվելու համար:

Ի՞նչ են ներառում հետծննդաբերական պայուսակները:

Մայրիկի և բալիկի հետծննդաբերական պայուսակները պետք են, երբ կինը տեղափոխվում է հետծննդաբերական բաժին. դրանք հարազատները կարող են բերել այն ժամանակ, երբ կինն արդեն հիվանդասենյակում է: Այդ պարագաների ներառում են՝ 20-30 հետծննդյան բամբակյա տակդիրներ, հետծննդյան ներքնազգեստ՝ բամբակյա, հարմարավետ, հեշտ կոճկվող, կարելի է ունենալ միանգամյա օգտագործման վարտիքներ, կերակրման համար հեշտ բացվող կրծկալներ, հատուկ տակդիրներ՝ պտուկը պաշտպանելու համար:

Երբեմն, որոշ պատճառներով, մայրը չի կերակրում երեխային (երեխայի խորը անհասություն և այլն) կամ մոր կաթը շատ է լինում: Նման դեպքերում, որպեսզի կաթը չկուտակվի, այն դատարկվում է: Դրա համար անհրաժեշտ է կթիչ:  Կարելի է ունենալ նաև հատուկ քսուքներ` կրծքի խնամքի համար, որովհետև առաջին օրերին հաճախ առաջանում են պտուկների ճաքեր: Նման քսուքները չունեն հոտ, համ, անվտանգ են մանկան համար և օժտված են փափկացնող, բուժիչ հատկություններով: Անհրաժեշտ է ունենալ հարմարավետ երկու գիշերանոց, խալաթ, ատամի մածուկ, խոզանակ, մարմնի, ձեռքի օճառներ, 2-3  սրբիչ (դեմքի, լոգանքի և այլն):  Անհրաժեշտ են նաև թաց անձեռոցիկներ:

Եթե կնոջ մոտ առկա են երակների լայնացում, արյան մակարդելիության խնդիրներ՝ անհրաժեշտ են նաև կոմպրեսիոն գուլպաներ:

Երեխայի համար պետք է ունենալ հիգիենայի պարագաներ՝ թաց անձեռոցիկներ, տակդիրներ, մաշկի քսուքներ, օճառ, ծծակ, կաթի շիշ, մանկական կաթնային խառնուրդ (եթե կրծքի կաթը չի բավականացնում), եթե մանկաբույժի խորհրդով նշանակվում է մանկական սնունդ: Անհրաժեշտ են նաև երկուական շապիկ և տոտիկ, փամփերսներ, բամբակյա տակաշոր՝ կերակրելիս երեխային վրան դնելու համար, գլխարկ՝ ըստ սեզոնի:

Ամբողջ հագուստը պետք է լինի հիգիենիկ, բամբակյա, մաքուր լվացված:

Դուրսգրման պայուսակը կարելի է ծննդատուն բերել վերջին օրը: Այդ իրերի ցանկում են՝ դուրսգրման հագուստներ մայրիկի, երեխայի համար, դիմահարդարման պարագաներ և այլն:

Ի՞նչ պատրաստություն է պետք տանը:

Տանը երեխան պետք է ունենա իր անկյունը: Այդ անկյունը պետք է օդափոխվի, հաճախակի կատարվի հատակի խոնավ մաքրում:

Երեխայի անկողինը պետք է շատ բարձեր չպարունակի, որոնք փոշի են հավաքում: Անկողինն ամեն օր պետք է փոխել, լվանալ, արդուկել:

Ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում ծննդատանը, եթե կինն իր հետ չունի բոլոր անհրաժեշտ պարագաները:

Եթե կինը ծննդատուն է ընդունվում անպատրաստ վիճակում, անհրաժեշտ պարագաները տրամադրում է ծննդատունը՝ սպիտակեղեն, փամփերսներ, տակդիրներ, գիշերանոց և այլն: Բայց ներկայում մայրերը հիմնականում իրենց ընտրությամբ են ցանկանում ունենալ իրենց և երեխային անհրաժեշտ հագուստն ու պարագաները: Նրանց համար հաճելի գործընթաց է նախապես այդ ամենը գնելը և պատրաստելը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը