2023 Օգս 18, Ուրբաթ
2023-ի հունիսի 2-ին` ամռան երկրորդ օրը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կայացավ «Վերարտադրողական բժշկությունն այսօր» խորագրով գիտաժողով, որտեղ քննարկման նյութը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներն էին:
Գիտաժողովը նախաձեռնողը Մոսկվայում «Երեխաներ փորձանոթից» ծրագրի ղեկավար պրոֆեսոր Էմմա Վարդանյանն էր, ով ժամանակին մեծ դեր է ունեցել Հայաստանում այս տեխնոլոգիանների զարգացման գործում:
Մասնակիցների մեջ, տեղի մասնագետներից զատ, ներկա էին 30-ից ավելի հյուրեր՝ հիմնականում Ռուսաստանի և Իտալիայի առաջատար կլինիկաների մասնագետներ:
Գիտաժողովն ընթացավ լուրջ քննարկումների, նորությունների և փորձի փոխանակման մթնոլորտում:
Գեորգի Օկոև, բ. գ. թ., պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ, ՄՄԱՊԳՀԿ տնօրեն
Գիտաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի մեր գործընկերների օգնությամբ և նվիրված է վերարտադրողական տեխնոլոգիաների փորձի փոխանակմանը, նորություններին, որոնք անհրաժեշտ են նման գործի հաջողության և ցանկալի ավարտի համար: Չէ՞ որ ցանկացած փորձի փոխանակում անհրաժեշտ և կարևոր նորարարություն է։
Գիտաժողովում արծարծված թեմաները վերաբերվում էին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին. ինչպես հետազոտել զույգին, պատրաստել հղիության և վարել այն։ Որպես օրինակ, ցանկանում եմ նշել պրոֆեսոր Կարինե Թոխունցի ելույթը` նվիրված արգանդի լորձաթաղանթի նախապատրաստմանը, որը ո՛չ միայն մեր և Ռուսաստանի, այլ նաև աշխարհի մակարդակով շատ հաջողված ելույթ էր:
Գիտաժողովի նախաձեռնողը պրոֆեսոր Էմմա Վարդանյանն էր, ով ժամանակին մեծ աշխատանք է կատարել մեր կլինիկայում այս տեխնոլոգիան զարգացնելու գործում:
Ցանկանում եմ, որ այս հանդիպումների արդյունքում հասնենք այն բանին, որ մեզ դիմող կանանց մոտ միշտ կայանա այնքան ցանկալի հղիությունը:
Էմմա Վռամի Վարդանյան, բ. գ. դ., ՕՎՏ (օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ) կլինիկաների ինքնակարգավորվող հասարակության ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի «Երեխաներ փորձանոթից» ՕՎՏ կլինիկայի ղեկավար, ՌԴ ԱՆ Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր
25 տարի է, ինչ ղեկավարում եմ Մոսկվայի «Երեխաներ փորձանոթից» կլինիկան, արտամարմնային բեղմնավորման հարցերով զբաղվում եմ 35 տարի, միաժամանակ դասախոսում եմ: Մենք ակտիվորեն զբաղվում ենք ուսուցողական ծրագրերով, զարգացնում ենք օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների մեթոդները:
Քանի որ արդեն երկար տարիներ զբաղվում ենք նշված մեթոդներով, բնականաբար, փնտրում ենք բժշկական ծառայության որակը բարձրացնելու ուղիներ: Վաղուց եմ համագործակցում Հայաստանի հետ, նպաստել եմ վերարտադրողական տեխնոլոգիաների ներդնմանը և զարգացմանը «Արագիլ» բարեգործական ծրագրի շրջանակում, որտեղ մեծ էր նաև պետության դերը։
Լավագույն մասնագետները միշտ ճանաչում են միմյանց, օգնում, մեկմեկու փոխանցում սեփական փորձը: Գեորգի Օկոևի հետ համագործակցում ենք 20 տարուց ավելի։
Այսօրվա գիտաժողովին մենք ներկայացրեցինք աշխատանքի արդյունքներն առավել արդյունավետ դարձնելու մեր փորձը, որպեսզի հնարավոր լինի հասնել ո՛չ միայն հղիության, այլ նաև նրա նորալ ընթացքի պահպանմանը և առողջ երեխայի ծննդին։ Հայաստանում բժիշկները շատ ակտիվ են, խիստ մասնագիտացված են և լավ արդյունքներ են գրանցում, բայց միշտ օգտակար է ծանոթանալ այլոց փորձի հետ։
Հայաստանում վերարտադրողական բժշկությունը շատ լավ հիմքերի վրա է դրված, կառավարությունն օգնում է այդ ծրագրերին: Ամբողջ աշխարհում չկա փոխնակ մայրության ծախսերը պետության կողմից հոգալու պրակտիկա, որն առկա է Հայաստանում։ Հայաստանը կարող է հպարտանալ, որ 40-նն անց կանանց, հատկապես պատերազմում երեխա կորցրած մայրերին օգնում է կրկին մայրանալ:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»