«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հղիությունը քառասունն անց կանանց մոտ. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ

Հղիությունը քառասունն անց կանանց մոտ. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ

2023 Հուն 09, Ուրբաթ

Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել ուշացած հղիությունները։

Ներկայում հղիության հետ կապված նոր միտում կա՝ փոխվել է կանանց սոցիալական դերը հասարակական կյանքում և նրանք առաջնային տեղ են հատկացնում կարիերային, իրենց ծրագրերին, այդ պատճառով վերարտադրողական դերին անդրադառնում են ավելի մեծ տարիքում։ Փաստորեն, հաճախացել է, այսպես կոչված, «տարիքային առաջնածինների» թիվը:

Ընդհանրապես, տարիքային առաջնածնություն համարվում է ծննդաբերությունը 30-ն անց կանանց մոտ, իսկ 40-ն անց տարիքում այն ավելի խնդրահարույց է և ուշադրության արժանի։ Ցավոք, աստիճանաբար այդ թիվն ավելանում է։

Ի՞նչ վտանգներ է պարունակում հղիությունը մեծ տարիքում։

Մեծ տարիքում առկա են ինչպես սոմատիկ, այնպես էլ վերարտադրողական հիվանդություններ. հաճախ էնդոկրին և այլ պատճառով զարգացած անպտղություն։

Անհրաժեշտություն է առաջանում դիմել օժանդակ վերականգնողական միջոցների (ԱՄԲ), ինչն ավելի է բարդացնում հղիության ընթացքը:

Տարբեր օրգան-համակարգերի կողմից առողջական խնդիրները (սրտի, երիկամների, լյարդի, էնդոկրին  համակարգի հիվանդություններ) նույնպես հղիության բարդությունների պատճառ են:

Ի՞նչ դեր ունի այդ տարիքում նաև զուգընկերոջ՝ տղամարդու մեծ տարիքը։

Նման դեպքերում, սովորաբար, զուգընկերները նույնպես մեծ տարիքի  են, և նրանց մոտ նույնպես  կարող են տարիքային վերարտադրողական խնդիրներ լինել՝ կապված սպերմայի քանակի, որակի հետ:
35 տարեկանից հետո հղիության ժամանակ կտրուկ բարձրանում է նաև պտղի գենետիկ հիվանդությունների, զարգացման արատների հավանականությունը։  35-ն անց կանանց և 40-ն անց տղամարդկանց մոտ մեծանում է գենետիկ, քրոմոսոմային հիվանդություններով, բնածին արատներով երեխա ունենալու հավանականությունը:

Ինչպե՞ս են վերահսկվում մեծ տարիք ունեցող հղիները։

Մեծ տարիքում պահանջվում է հղիության ընթացքի առավել ուշադիր վերահսկողություն, բոլոր սքրինինգային ծրագրերի անցկացում, ՈՒՁՀ, կենսաքիմիական հետազոտություններ։  Սքրինինգային ծրագրերն օգնում են հայտնաբերել գենետիկ շեղումները և՛ մինչև հղիությունը, և՛ հղիության ընթացքում։ Դրանք որոշ չափով թանկարժեք են և ոչ բոլորին են հասանելի, սակայն իրականացվում են նաև այլ հետազոտություններ, որոնք օգնում են կանխարգելել գենետիկ հիվանդությունները։ Եթե գենետիկ շեղումները հայտնաբերվում են հղիության ժամանակ, հաճախ առաջ է գալիս հղիության ընդհատման անհրաժեշտություն։

Մինչև հղիությունն անպայման իրականացվում են նաև կնոջ մոտ առկա սոմատիկ հիվանդությունների հետազոտման, բուժման, կարգավորման միջոցառումներ: Հետազոտվում է նրա հորմոնալ ֆոնի, օրգան-համակարգերի վիճակը, վարակների առկայությունը, որովհետև այդ տարիքում բարդություններն ավելի ծանր են ընթանում, մեծանում է նաև վիժումների հավանականությունը:

40 տարեկանից հետո հղիությանը նպաստելու ի՞նչ հնարավորություններ կան։

Եթե արդեն հղիանալու հնարավորությունը բարդացած է, ժամանակակից բժշկագիտության զարգացումներն, այնուամենայնիվ, օգնում են հասնել ցանկալի արդյունքի: Ներկայում իրականացվում են օժանդակ վերականգնողական միջոցներ՝ արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ), սերմի ներցիտոպլազմիկ ներարկում (ICSI), դոնորական ձվաբջջի կամ սերմնահեղուկի օգտագործում:

Ինչպե՞ս զերծ մնալ վտանգներից։

Վտանգներից զերծ մնալու համար անհրաժեշտ է ամեն ինչ կազմակերպել ժամանակին, ուշադրություն դարձնել առկա առողջական խնդիրների վերացմանը:

Մինչդեռ կանայք` զբաղվելով իրենց մասնագիտական աճով, հաճախ ճիշտ մոտեցում չեն ցուցաբերում եղած խնդիրներին, ուշ են դիմում բժիշկներին, օժանդակ վերարտադրողական մեթոդներին` նույնպես, մտածելով, որ դեռ չփորձված հնարավորություններ կան, և այդպես ավելի են մեծացնում ռիսկերը։ Այդ ընթացքում ավելի են տուժում ձվաբջիջների որակը և քանակը:

Երբեմն ուշացման պատճառը բուժում պահանջող առկա հիվանդություններն են։ Այդ դեպքում սառեցվում են ձվաբջիջները` պահպանելու նրանց որակը:
40-ն անց տարիքում կրկնածնությունն իր վտանգներով տարբերվո՞ւմ է առաջնածնությունից։

Եթե կինը 40-ն անց է, սակայն ոչ առաջնածին, բարդություններն, իհարկե, ավելի քիչ են, քանի որ կնոջ օրգանիզմի հարմարողական մեխանիզմները արդեն պատրաստ են: Սակայն նշանակություն ունի ինտերգենետիկական շրջանը, եթե ծննդաբերությունների միջև լինում է 8-12 տարի ընդմիջում, դա ևս համարվում է բարձր ռիսկի խումբ, որովհետև նշված մեխանիզմներն արդեն անբավարար են։

Ձեր խորհուրդը կանանց։

Խորհուրդ եմ տալիս առկա հիվանդությունների դեպքում ժամանակին դիմել բժշկի և, եթե անպտղության պատճառ կա, օժանդակ մեթոդների՝ ԱՄԲ-ի, ինսեմինացիայի, հարկ է դիմել որքան հնարավոր է շուտ, որի պարագայում առողջ երեխայի ծնվելու հավանականությունը բարձր է։

Միշտ պետք է հիշել, որ ամեն բան իր ժամանակն ունի, և սեփական  հաջողությունների, կարիերայի պատճառով սխալ է հղիությունը հետաձգելը, փոքրիկը երբեք չի կարող խանգարել, կարևորը նրա հայտվելն է ծնողների կյանքում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը