2023 Օգս 22, Երեքշաբթի
Հեշտոցի դիսբակտերիոզը (դիսբիոզ) նորմալ վագինալ միկրոբիոցենոզի խանգարումն է. օգտակար բիֆիդո և լակտոբակտերիաների, նաև՝ պայմանական ախտածին միկրոօրգանիզմների, միջև հարաբերակցության խախտումը: Այս ախտաբանությունը բավականին տարածված է:
Հեշտոցի դիսբիոզի կապը սեռական վարակների հետ
Հայտնաբերվել է որոշակի կապ հնարավոր վարակման և հեշտոցի միկրոբիոցենոզի վիճակի միջև: Եթե այն նորմալ է, ապա ախտածինների ներդրումը դժվարանում է լակտոբացիլների ստեղծած թթվային միջավայրի պատճառով։ Արդեն զարգացած սեռական վարակի դեպքում անպայման առաջանում է դիսբիոզ, քանի որ բորբոքային գործընթացի տարածման ընթացքում օգտակար մանրէների քանակը խիստ նվազում է, իսկ հիվանդածիններինն՝ աճում: Հազվադեպ է քսուքում հայտնաբերվում միայն մեկ վարակի հարուցիչ, հիմնականում դրանք ավելին են լինում:
Սեռական վարակների բուժման վերջին փուլում նշանակվում են ֆիզիոլոգիական միկրոֆլորան վերականգնող պատրաստուկներ։ Սովորաբար, դրանք տրվում են հակաբիոտիկներից հետո, քանի որ վերջիններս ոչնչացնում են և ախտածին և օգտակար միկրոֆլորան:
Հեշտոցի դիսբիոզի և աղիների հիվանդությունների կապը
Լակտոբացիլի ոչնչացման պատճառ կարող է լինել ստամոքս-աղիքային ախտաբանությունը, որի ժամանակ հիվանդածին բակտերիաների քանակը նկատելիորեն աճում է:
Ուղիղ աղին և հեշտոցը կողք-կողքի են, այդ պատճառով պայմանական-ախտածին միկրոօրգանիզմների թափանցման հավանականությունը հեշտոց շատ մեծ է: Դրանք շատ արագ բազմանում են, արտազատում իրենց կենսագործունեության տոքսիկ նյութերը: Այդ պայմանները վնասակար են կաթնաթթվային բակտերիաների համար, այդ պատճառով նրանց քանակը գնալով պակասում է՝ նպաստելով հեշտոցային դիսբակտերիոզի զարգացմանը:
Բուժման ժամանակ նշանակվում են դեղեր և՛ դիսբակտերիոզի, և՛ հիմնական ախտաբանության դեմ՝ հետագա տեղային դիսբիոտիկ վիճակի կարգավորմամբ:
Վագինալ դիսբիոզը և զուգընկերը
Հեշտոցային միկրոբիոցենոզի խանգարումը չի ազդում զուգընկերոջ առողջության վրա՝ անկախ այն բանից, թե որքան կանոնավոր է նրանց սեռական կյանքը և օգտագործո՞ւմ են, արդյոք, պահպանակներ:
Բայց կան և բացառություններ։ Բարձիթողի դիսբիոզի ժամանակ, երբ կան արտահայտված ախտանիշներ, հնարավոր է բալանոպոստիտի (առնանդամի գլխիկի բորբոքում) զարգացում և ոչ սպեցիֆիկ ուրետրիտ: Նման վիճակները հաճախ հետևանք են տղամարդու մոտ թուլացած իմունիտետի:
Վագինալ դիսբիոզը և հղիությունը
Հղիության ժամանակ հեշտոցային դիսբիոզի սրացում կամ զարգացում դիտվում է հաճախ:
Այդ ախտաբանական վիճակն արտահայտվում է հեշտոցից պղտոր լորձային արտադրությամբ, քորով, այրոցով, ցավոտ սեռական ակտով։ Հղիության ընթացքում մշտապես փոփոխվում է հորմոնալ ֆոնը, որը թուլացնում է ընդհանուր և տեղային իմունիտետը: Հեշտոցային դիսբիոզն անհրաժեշտ է բուժել մինչև բեղմնավորումը, չնայած անհնարին է լիովին բացառել նրա կրկնությունը: Հղիության ընթացքում հակաբակտերիալ միջոցների, իմունախթանիչների և իմունամոդուլյատորների օգտագործումը ցանկալի չէ: Անգամ ամենանվազագույն չափաբաժնով դրանց մի մասը էմբրիոտոքսիկ ազդեցություն ունի։ Բուժումն ուղղված է կնոջ ինքնազգացողությունը լավացնելուն, ախտանշանների վերացմանը, ծննդաբերությունից առաջ հեշտոցի խնայող սանացիային:
Հեշտոցային դիսբիոզն աղջիկների մոտ
Հեշտոցային միկրոֆլորայի խանգարում լինում է նաև մանկական և դեռահասային շրջանում: Այն հանդիպում է նույնքան հաճախ, որքան մեծահասակների մոտ: Այդ դիսբալանսը պայմանավորված է հորմոնալ տատանումներով և ոչ կայուն դաշտանային ցիկլով։ Կարևոր դեր ունեն նաև կուսաթաղանթի անատոմիական առանձնահատկությունները և անձնական հիգիենայի ոչ ճիշտ պահպանումը:
Հեշտոցային միկրոֆլորայի խանգարումն արտահայտվում է առատ պղտոր արտադրությամբ, որի հեռացումը դժվարանում է կուսաթաղանթի առկայությամբ: Դա բարենպաստ միջավայր է ստեղծում հիվանդածին մանրէների բազմացման համար, որով և բացատրվում է հաճախակի վարակային-բորբոքային ախտաբանության զարգացումը կույսերի մոտ:
Բժիշկները հաճախ են օգտագործում են «մեղրամիսի ցիստիտ» արտահայտությունը: Առաջին սեռական հարաբերության ժամանակ աղջիկների մոտ առկա պայմանական-ախտածին միկրոբները մեծ քանակով անցնում են միզապարկ, առաջացնում նրա պատերի բորբոքում, ինչի հետևանքով զարգանում է նաև ցիստիտ:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»