«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ծննդաբերություն 40+ տարիքում

Ծննդաբերություն 40+ տարիքում

2024 Հուլ 18, Հինգշաբթի

«Տարիքավոր առաջնածին» է համարվում այն հղին, որի առաջին ծննդաբերությունը տեղի է ունենում 30 և ավելի բարձր տարիքում: «Տարիքավոր առաջնածին» տերմինի համար տարբեր ժամանակներում տարբեր տարիքային շեմեր են սահմանվել: Օրինակ, հին ժամանակներում այդպիսին են համարվել 18 տարեկանները, որոնք առնվազն մեկ ծննդաբերություն են ունեցել, նաև նրանք, որոնք 30 տարեկանում 5-6 և ավելի երեխաների մայր են եղել: Մինչև XX դար 20 տարեկանից հետո ծննդաբերելն ուշ էր համարվում, XX դարում՝ 24-տարեկանից հետո: Այժմ աշխարհում «տարիքավոր առաջնածին» է համարվում 35 և ավելի բարձր տարիք ունեցող հղին:

Ըստ ԱՀԿ-ի՝ վերարտադրողական տարիքը 15-49 տարեկանն է, օպտիմալ տարիքը՝ 35 տարեկանը:

Ներկայում 40 և ավելի տարիքում ծննդաբերելն ավելի հաճախ է հանդիպում: Ըստ վիճակագրական տվյալների՝ 30-40 տարեկան ծննդաբերողների թիվը մոտավորապես 3 անգամ ավելի է` քսան տարեկանների համեմատ: Ընդ որում, մոտավորապես 50% ավելի են 40+ տարիքի առաջնածինները: Դրան նպաստում են կնոջ մասնագիտական գործունեությունը, ուշ ընտանիք կազմելու փաստը, առողջական առումով տարբեր պատճառներով չհղիանալը և բարձր վերարտադրողական տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը: Բժիշկներն այսուհետ չեն կարող հաշվի չառնել այս փաստերը:  

Կանայք հետաձգում են մայրանալը՝ հանուն կարիերայի: Ժամանակակից կանայք լավ կրթված են, հետևում են իրենց առողջությանը, կազմվածքին, առողջ ապրելակերպով են զբաղվում, այդ տարիքում օրգանիզմը հյուծված չէ հոգսերից ու ծննդաբերություններից: Ուշ ամուսնացած տարիքով կանայք որոշ մասնագիտական որակավորում են ձեռք բերում և համոզված են, որ հղիությունից, ծննդաբերությունից հետո առանց խնդիրների, կվերադառնան իրենց աշխատանքին: Այս փաստն ապագայի նկատմամբ վստահություն է ներշնչում, և նպաստում ո՛չ միայն ֆիզիկապես, այլև հղիության ու ծննդաբերության նկատմամբ հոգեբանորեն դրական տրամադրվելուն:

Ամերիկյան հոգեբանները հարցումներ են անցկացրել մինչև 20 և 30-40 տարեկանից բարձր կանանց շրջանում: Հարցն էր՝ կծննդաբերեի՞ն, արդյոք, նույն տարիքում:

Մինչև 20 տարեկանների կեսից ավելին պատասխանել են՝ ոչ, իսկ տարիքավոր կանանց մեծ մասը նշել է, որ ամենաօպտիմալ տարիքն են ընտրել:

Ուշ մայրանալու առավելությունները

Ֆրանսիական ասացվածքն ասում է. «Ուզում եք գեղեցիկ մնալ, ծննդաբերեք 40 տարեկանում»: Եթե կինն առողջ է, հղիության ժամանակ «ծաղկում է»: Կախարդական ազդեցություն են ունենում էսթրոգենները, որոնց արտադրությունը մի քանի անգամ ավելանում է:  Ձվարանները չեն հյուծվում, հետևաբար, ծերանալը կանգ է առնում: Այս տարիքում երկու ծնողն էլ հեշտ են հաղթահարում միջին տարիքի ճգնաժամը, քանի որ ժամանակ չեն ունենում տրվելու իրենց խնդիրներին: Մեկ այլ հոգեբանական համախտանիշ է ավելի ուշ տեղի ունեցող «օջախի, տան դատարկվելը», երբ չափահաս զավակները հեռանում են հայրական տնից։

30-35 տարեկանում հղիի հոգեբանական և հուզական վիճակն ավելի կայուն է, հետևաբար, կինն պոզիտիվ է վերաբերվում հղիության փաստին, դեպրեսիան հետ է մղվում և, ամենակարևորը, հղիանալու հեռանկարից դրական հույզեր է ապրում: Այս տարիքում հղիության և ծննդաբերության փաստը հոգեբանորեն նպաստավոր է։ Օրինակ, հասակակից կանայք արդեն տատիկ են, իսկ ինքը՝ դեռ երիտասարդ մայրիկ: Ուշ հղիությունից հետո  կլիմաքսն ավելի բարենպաստ ընթացք ունի, օստեոպորոզն ուշ է զարգանում, միզասեռական ուղիների վարակն ավելի քիչ է հանդիպում: Նախկինում կարծում էին, որ «ուշ  երեխաները» հաճախ անհաս են ծնվում, քաշը դժվար են ավելացնում և ավելի հաճախ են հիվանդանում: Նորագույն մոտեցումները ստիպում են մոռանալ այդ մասին: Ամերիկյան բժիշկները հետազոտել են 35 և ավելի բարձր տարիքի 4,000 ծննդկանի և  եկել եզրակացության, որ եթե կինը ֆիզիկապես առողջ է, անամնեզում վիժումներ չունի, առողջ բալիկ ունենալու շանսերը, եթե անգամ առաջնեկին է սպասում է, 20-ամյա ծննդկաններից չի տարբերվում:         

Տարիքով կանայք` երիտասարդ տարիները կարիերային նվիրելով, հասուն տարիքում ծնող լինելու նոր որակում են ուզում լավագույնս դրսևորվել: Հասուն տարիքում ամուսինները ևս հոգեբանորեն ավելի պատրսատակամ են նրանց օգնելու հարցում: Ըստ հոգեբանների՝ ամուսնական զույգը հղիության փաստին հանգիստ են վերաբերվում, ներքին տարաձայնություններ չեն ունենում, ավելի կարգապահ են լինում և փաստն ընկալում են որպես Աստծո պարգև, ճակատագրի նվեր: Տարիքով ծնողները ավելի շատ ժամանակ են հատկացնում երեխաներին, նրանց դաստիարակությանը: Հետևաբար, «ուշ երեխաներն» ավելի ինտելեկտուալ են: Գաղտնիքն ընտանիքի սերն ու փոխհամաձայնությունն է երկար սպասված, խիստ ցանկալի զավակի նկատմամբ:

Հիշե՛ք, եթե բնությունը հնարավորություն է տալիս դարձյալ կամ այժմ զգալու մայրության բերկրանքը, արդյոք պետք է հրաժարվե՞լ:

Ուշ մայրանալու թերությունները

Դժվար հղիանալու փաստը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 40 և ավելի բարձր տարիքի կանայք համապատասխան բուժումից հետո 25% հնարավորություն ունեն սեփական ձվաբջիջներով հղիանալու: Այդ հնարավորությունը  43 տարեկանում իջնում է մինչև 10 %, իսկ 44 տարեկանում՝ 1,5 %։                 

Գենետիկ խնդիրները։ Գենետիկ խնդիրներըով` հատկապես Դաունի համախտանիշով, երեխաներ ունենալը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 40-ամյա կանանց շրջանում Դաունի համախտանիշով նորածնի ծնվելու հավանականությունը 9 անգամ գերազանցում է 30-ամյա կանանց ցուցանիշները։ Այս խմբերի կանանց համար հույժ կարևոր է գենետիկ սքրինինգների, ամնիոցենտեզի կատարումը` հղիության համապատասխան ժամկետներում:                   

Այս տարիքի կանայք սահմանափակվում են մեկ բալիկի ծնունդով:

Առողջական խնդիրները։ 35-տարեկան և ավելի բարձր տարիքային խմբում առողջական խնդիրները, օրինակ, հիպերտենզիան, շաքարային դիաբետը, ՍԱՀ հիվանդությունները, էնդոկրին ախտաբանություններն ավելի հաճախ են հանդիպում:  Օրինակ, տարիքավոր հղիների խմբում շաքարային դիաբետը 6 % դեպքերում է հանդիպում` 20 տարեկանների խմբի 1,3 %-ի համեմատ։ Ավելի հաճախ են էնդոմետրիոզը, ֆիբրոզ ուռուցքները, որոնք ազդում են  վերարտադրողականության  և հղիության ընթացքի վրա:            

30 տարեկանից հետո ռիսկերն ավելի բարձր են` տոքսիկոզը, հեստոզը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, ծննդաբերական թուլությունները, պտղի ներարգանդային թթվածնաքաղցը, կեսարյան հատումով ծննդալուծման հավանականության բարձր տոկոսները:

Սակայն դրանք կարելի է նվազեցնել, եթե կինը մինչև հղիություն պլանավորելը ֆիզիկապես պատրաստ լինի, ճիշտ սնվի, բացառի վնասակար սովորությունները, կոֆեինի օգտագործումը, ընդունի վիտամիններ, կատարի ֆիզիկական վարժություններ, որոնք հղիության համար կապահովեն հեշտ և հանգիստ ընթացք:

Եթե ինչ-ինչ պատճառներով հետաձգել եք երեխա ունենալը, ապա խուսափեք վնասակար սովորություններից, հետևեք ձեր առողջությանը, անգամ ամենաչնչին շեղումներին:

Հսկեք ձեր քաշը, պահպանեք մկանային տոնուսը: Այդ տարիքում բեղմնավորման շանսերը պակասում են: Մինչև հղիության պլանավորումը դիմեք թերապևտի։                             
Նախօրոք ընտրեք ծննդատունը և  բժշկին՝  անհրաժեշտության դեպքում  նորածնին բարձրակարգ բուժօգնություն  ցուցաբերելու հնարավորության փաստը ևս հաշվի առնելով:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Դեկ 15, Կիրակի | Լուրեր

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 07, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք` բարդացած անամնեզով 5-րդ հղիություն

Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը